Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ գրականագետի հավակնությունները

Հուլիս 21,2016 12:30

Անի Հովնանը ցանկանում է, որ իր միջոցով բացահայտվեն շատերը

Մշակույթի ցանկացած ոլորտում, այս դեպքում՝ գրական դաշտում, կուլիսային խոսակցությունների պակաս չկա եւ կարծես օրինաչափ է, որ ժամանակ առ ժամանակ դրանք կրկնվում են: Օրինակ, գրաքննադատները, գրականագետները հիմնականում թիրախ են ընտրում իրենց սերնդի ստեղծագործողներին, այսկերպ լուծելով նրանց գովազդի հարցը, հետին պլան մղելով նախորդների ստեղծածը, էլ չխոսենք դասականների մասին, որ կարելի է վերջիններիս նորովի ներկայացնել ընթերցասեր հանրությանը:

Այս եւ ոլորտի այլ հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով «Առավոտը» հրավիրել էր երիտասարդ գրականագետ Անի Հովնանին:

Մեր զրուցակիցը ապրում է գյուղում ու ցավով փաստում, որ 21-րդ դարում նույնիսկ գյուղը կտրված է գրական դաշտից: Հիշեց, թե կային ժամանակներ, երբ «խզբզում» էր, իսկ արդեն 15-16 տարեկանում մեծ ցանկություն ուներ, որ իր բանաստեղծությունները կարդան, ինչը բնական է: Ասում է, որ այդ ժամանակ չէր էլ պատկերացնում՝ ինչ է գրականությունը, որն է գրականագետի դերը, ինչ հնարներ ու գործիքներ կան ոլորտում, բայց չի թաքցնում, թե մշտապես մտածել է, որ հենց իր ժամանակակիցների ու տարեկիցների մասին կուզեր բարձրաձայն խոսել, նրանց ներկայացնել՝ եթե, իհարկե, դառնար գրականագետ: Անիի մոտ մի շրջան է գալիս, որ իրեն գրավում է բանահյուսությունը եւ գրականագիտության մյուս ոլորտները եւ, մեր զրուցակցի հավաստմամբ՝ երկու մարդկանց շնորհիվ որոշել է անդրադառնալ հենց ժամանակակից գրականությանը:

Մեկը համալսարանի իր դասախոսն էր՝ Հայկ Համբարձումյանը, մյուսը՝ արձակագիր Գուրգեն Խանջյանը, որը երիտասարդներին համախմբել է իր շուրջը՝ չպարտադրելով սեփական գրականությունը: «Սկզբնական շրջանում գրում էի ռոմանտիկ, սիրային բանաստեղծություններ, որոնք, անշուշտ, հեռու են Խանջյանի աշխարհայացքից, բայց նա գիտե չկոտրել երիտասարդ ստեղծագործողի մեջքը: Ունի գրական հոտառություն, հնարավորություն է տալիս, որ երիտասարդը ինքը աստիճաններով կամաց-կամաց բարձրանա: Երբեք չի միջամտի: Առաջին անգամ Խանջյանից եմ լսել կոմպոզիտոր Տերտերյանի, ջազմեն Քոլթրեյնի, նկարիչ Մունկի ու այլ հայտնի արվեստագետների մասին: Այսինքն՝ Խանջյանների պատրաստվածության արդյունքն է, որ թույլ է տալիս քեզ համար բացահայտել նոր անուններ, ինչից էլ սկսվում է բնականոն ճանապարհով աշխարհայացքիդ ձեւավորումը»:

Դիտարկմանը, թե երիտասարդ տարիքում շատերն են հիշում իրենց դասախոսներին կամ մարդկանց, որոնք դերակատարում ունեն իրենց մասնագիտական կյանքում, բայց հետո նույն այդ երիտասարդները տարիներ անց ներկայանում են մեծ հավակնություններով, Անի Հովնանը ժպտալով պատասխանեց. «Ես հիմա էլ ունեմ մեծ հավակնություն, եթե դա իսկապես մեծ է: Կուզեմ խոսքս այնքան արժեք ունենա, որ իմ նախընտրած ու սիրելի գրողների, արվեստագետների անունները հենց իմ միջոցով բացահայտեն մյուսները»:
Մեր զրուցակիցն անդրադառնալով դասականներին՝ ասաց. «Միանշանակ, դասականներն այսօր էլ կարիք ունեն նոր ձեւով ներկայացվելու, տրաֆարետային, դասագրքային մոտեցումներից ձերբազատվելու, գրականագետի միջոցով ավելի մտերմանալու ընթերցողին: Բայց ինքս ինձ չեմ կարող հակասել, ու վստահ եմ, որ ժամանակակից մարդուն ամենամտերիմը իր ժամանակի գրողն է: Ի դեպ, այսպես եղել է միշտ. քո ժամանակն է կերտում քո ժամանակի գրողին»: Երիտասարդ մասնագետը հավելեց նաեւ, թե շատ է ուզում իր ժամանակի դեմքը դառնան ոչ թե օլիգարխը, պատգամավորը, քաղաքական գործիչը, այլ ժամանակի մտավորականները՝ գրողը, երաժիշտը, դերասանը… «Սա չի նշանակում, թե նրանցից պետք է սպասել միայն կատարյալ արժեք: Իմ ժամանակի մտավորականն էլ երբեմն ստում է, տրվում սիրային խարդավանքների… Մարդ է, բայց իր գրածը, երգածը, նկարածը իմ ժամանակի դեմքն է:

Օրինակ, ի՞նչ ենք հիշում Վերածննդից կամ որեւէ այլ ժամանակաշրջանից: Բնականաբար՝ միայն մեծերի ստեղծագործությունները, այլ ոչ նրանց անձնական փորձառությունը: Եթե, ասենք, Լեոնարդո դա Վինչին հայտնի չլիներ իր ստեղծագործություններով, ապա անձնական կյանքն էլ ոչ ոքի չէր հետաքրքրի: Կամ՝ Համո Սահյանի անձնական կյանքի մասին առանձնապես ինտրիգներ ու այլ մանրամասներ չեն գրվել, եւ եթե այսօր Սահյանը փողոցում քայլեր մեր կողքով՝ մենք նրան չէինք էլ նկատի: Բայց կասկածում եմ, որ այս գրողի անունը անհայտ լինի մեկին կամ գործերից գոնե մեկը հայտնի չլինի»,- հայտնեց Անի Հովնանը: Ասվածին էլ հավելեց. «Մի պարադոքսալ դիտարկում՝ որքան էլ պնդենք, որ գրողի կենսագրությունից շատ ավելի կարեւոր է նրա ստեղծածը, այդուհանդերձ, ընթերցողների սրտին հիմնականում «կպնում» են այն հեղինակների գործերը, որտեղ առկա է անձնական փորձառությունը… Եվ երկրորդ, երբ գրական ընդհանուր միտումների մասին ենք խոսում, հաճախ առնչվում ենք այնպիսի հեղինակների հետ, որոնք ավելի շատ իրար նման են, բայց գրական դաշտը կարող են ներկայացնել նաեւ ընդհանուր այդ միտումներից առանձնացած ու ավելի ինքնուրույն ձեռագիր ունեցող հեղինակները»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»
20.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031