Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած վերադարձ ուժի կիրառմանը խստիվ կդատապարտվի»

Հուլիս 21,2016 14:30

«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ

– Հայտնի է, որ օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ` ի թիվս այլ հարցերի, քննարկել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Պարոն Ուորլիք, բացի բանակցային գործընթացը շարունակելու անհրաժեշտությունից` ի՞նչ առարկայական այլ հարցերի շուրջ են պայմանավորվածություններ ձեռք բերվել:

– Մինսկի խմբի համանախագահ երկրները կիսում են այն կարծիքը, որ կողմերը պետք է խստիվ հետեւեն հրադադարին, իրականացնեն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նվազեցնելու բռնության ռիսկերը, եւ առաջընթաց արձանագրեն առարկայական բանակցություններում: Պետքարտուղար Քերին եւ արտգործնախարար Լավրովը քննության առան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ վերջին հանդիպումների արդյունքները եւ քննարկեցին Մինսկի խմբի ձեւաչափում ձեռնարկվելիք հետագա քայլերը՝ այս երեք նպատակների իրագործման հարցում առաջ շարժվելու համար:

– Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հորդորում է պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը: Նա հայտնել էր նույնիսկ, որ առաջիկայում համանախագահները Անկարա են այցելելու։ Մեզ հայտնի է Թուրքիայի կողմնակալ դիրքորոշումը ԼՂ հարցում, այս առումով հետաքրքիր է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պաշտոնական Անկարայի հետ ԼՂ հարցը քննարկելու ի՞նչ շարժառիթ ունեն այս փուլում։

– Մինսկի խմբի համանախագահներն այցելել ու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացրել Մինսկի խմբի անդամ յուրաքանչյուր երկրի մայրաքաղաքում: Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք եղել ենք Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների մայրաքաղաքներում՝ բացի Անկարայից, եւ այժմ դիտարկում ենք այնտեղ ուղեւորվելու ժամկետները: Մենք արժեւորում ենք թուրք պաշտոնյաների հետ կարծիքներ փոխանակելու հնարավորությունը եւ նրանց աջակցության ապահովումը՝ կապված կարգավորման շուրջ առարկայական բանակցություններն առաջ տանելու ու բռնության ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների իրագործման մեր ջանքերի հետ:

– Պարոն դեսպան, մայիսի 16-ի Վիեննայի հանդիպումից հետո հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ եւս մեկ հանդիպում՝ Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպում: Որքանո՞վ եք տեղյակ այդ հանդիպման մանրամասներին, այդ բանակցությունները կարելի՞ է համարել Վիեննայի պայմանավորվածությունների շարունակություն:

– Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպման համատեղ հայտարարությամբ նախագահները վերահաստատեցին Վիեննայի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը եւ առարկայական բանակցությունների առաջընթացի դյուրացմանը: Համանախագահները շարունակում են աշխատել կողմերի հետ այս պայմանավորվածություններն առաջ տանելու շուրջ:

– ԱՄՆ-ը նպաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը եւ անում է ամեն հնարավորը խնդրի լուծման համար՝ օրերս նշեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը: Նա վստահեցրեց, որ Վաշինգտոնը կողմերին առաջարկում է գործել պայմանավորվածությունների շրջանակներում: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ ԼՂ կարգավորման հարցում կա՞ն տարաձայնություններ:

– Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ընդհանուր նպատակն է, եւ դա մեր կողմից համակարգվում է ամենաբարձր մակարդակով: Ռուսաստանը հունիսի 20-ի բարձր մակարդակի հանդիպմանը հրավիրեց համանախագահներին, եւ ես այդ հանդիպմանը ներկայացրեցի Միացյալ Նահանգները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

– Պաշտոնական Բաքուն վերջապես անդրադարձավ սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառման գաղափարին, որը համարվում է ամերիկյան առաջարկ: Ադրբեջանի նախագահ Ալիեւը վերջերս խոսելով Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունների մասին՝ նշեց. «Ինչ վերաբերում է հայերի կողմից որպես նախապայման առաջ քաշված հրադադարի խախտման դեպքերն հետաքննող մեխանիզմների ներդրմանը, կարծում եմ, որ այս փուլում նման անհրաժեշտություն չկա։ Առաջինը՝ այդպիսի մեխանիզմներ գոյություն չունեն։ Մեզ ոչ մեկը չի ասում, թե ինչ են իրենցից ենթադրելու այդ մեխանիզմները, երկրորդը՝ ո՞րն է դրա իմաստը։ Եթե դրա տակ հասկացվում է հակամարտության սառեցում եւ շփման գծում ինչ-որ լրացուցիչ գործողությունների նախաձեռնում, Ադրբեջանը, իհարկե, չի գնա դրան»։ Պարոն դեսպան, սա, ըստ էության, Բաքվի կողմից այդ կարեւոր գաղափարի մերժում է նշանակում: Ժամանակը չէ՞, որպեսզի միջնորդ երկրներն այլեւս խուսափեն հակամարտության կողմերի միջեւ հավասարության նշան դնելուց, բալանսավորված հայտարարություններից ու կոչերից եւ Ադրբեջանի նկատմամբ ավելի խիստ դիրքորոշում որդեգրեն:

– Մենք կոչ ենք արել կողմերին իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները, որոնք ներառում են ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի ընդլայնումը, հետաքննության մեխանիզմի ձեւավորման վերաբերյալ ներկայացված առաջարկի համաձայնեցումը եւ առարկայական բանակցությունների շարունակումը, որոնք կարող են հանգեցնել խնդրի համակողմանի կարգավորման: Մեզ համար հուսադրող էր տեսնել առարկայական բանակցությունների վերսկսումը կողմերի միջեւ Սանկտ Պետերբուրգում: Հաջորդ քայլը մոնիտորինգի առաքելության ընդլայնման իրականացումն է: Այս ջանքերի հետ մեկտեղ համանախագահները չեն դադարել աշխատել կողմերի հետ հետաքննության մեխանիզմի վերաբերյալ ներկայացված առաջարկի շուրջ եւ չեն պատրաստվում դա դադարեցնել:

– Պաշտոնական Բաքվի կողմից սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառման գաղափարի մերժումը նշանակում է, որ վաղ թե ուշ Ադրբեջանը կրկին ռազմական գործողությունների կդիմի: Այդ պայմաններում ի՞նչ քայլեր եք տեսնում միջնորդների կողմից:

– Կարճ ասած՝ մենք կողմերից ակնկալում ենք հրադադարի խստիվ պահպանում, որը մեծապես ապահովվել է Վիեննայի հանդիպումից հետո: Ցանկացած վերադարձ ուժի կիրառմանը խստիվ կդատապարտվի համանախագահների ու համանախագահող երկրների կողմից:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 20.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031