Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված պարուհի Սյուզի Փիրումյանի բեմական-ստեղծագործական ճանապարհն ուղեկցվել է նաեւ ռիսկի գործոնով

Հուլիս 23,2016 12:30

Հատուկենտ արվեստագետների ստեղծագործական կյանքին ծանոթանալիս կարելի է հանդիպել այնպիսի խոսուն փաստերի, որոնք ոչ միայն բնութագրական են եւ ցույց են տալիս նրանց անսահման նվիրվածությունը գործին, այլեւ առաջին հայացքից թվում են նույնիսկ անհավանական:

Շուրջ տասնհինգ տարի առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին քայլերն անող բալետի արտիստին անվանի խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանը վստահեց Հռիփսիմեի գլխավոր դերապարը Լորիս Ճգնավորյանի «Սուրբ Հռիփսիմե» բեմադրության մեջ: Ավելին, այստեղ երիտասարդ պարուհին հանդես եկավ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի (Տրդատ) ընկերակցությամբ: Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը պարուհուն վստահեց Ժիզելի դերապարը՝ Ադանի համանուն բալետային ներկայացման մեջ: Մասնագետների հավաստմամբ՝ հենց այս պարուհին է, որ երեք ամսական հղի վիճակում տարիներ առաջ (2012թ.) Քաթարում հյուրախաղերի ժամանակ հանդես է եկել Ֆրիգիայի գլխավոր դերապարով՝ Խաչատրյանի «Սպարտակում»: Կամ՝ պարուհին գտնվելով հետծննդյան արձակուրդում, 2014թ. բալետային խմբի հետ հանդես է գալիս Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, ներկայանալով Գայանեի դերապարով՝ Խաչատրյանի համանուն ներկայացման մեջ: Այս շարքը կարելի է շարունակել… Խոսքը վերաբերում է բալետի առաջատար արտիստ Սյուզի Փիրումյանին:

balet-1

Կարմեն

«Առավոտի» հետ զրույցում արվեստագետը հիշեց առաջին՝ Հռիփսիմեի դերապարը. «Հովհաննես Դիվանյանի հերոսը՝ Տրդատը, մեծ ցանկություն ուներ տիրանալու Հռիփսիմեին… Անվանի բալետի արտիստը ընդհանրապես եւ հատկապես այդ տեսարանում այնպես էր մխրճվել կերպարի մեջ, որ նույնիսկ ցավեցնում էր ինձ: Մինչ օրս հիշում եմ նրա սարսափազդու աչքերը, որոնք ինձ հասցրին արտասվելու աստիճանի: Ինչ վերաբերում է Քաթարի հյուրախաղերին, այո, ես հղի էի: Ընտանիքս, բժիշկները հորդորում էին պարզապես չգնալ այդ քայլին: Իհարկե, ես հասկանում էի, որ դա շատ մեծ ռիսկ է, բայց ոչինչ անել չէի կարող… Իսկ, օրինակ, մինչ մեկնելը Մարիինյան թատրոն, ես նոր էի ծննդաբերել տղայիս եւ գիրացել 15 կիլոգրամով, բայց ընդամենը 1 ամսում, պարզապես ոչինչ չուտելով, ազատվեցի այդ քաշից ու պարելով երկու ներկայացում Երեւանում եւ Սանկտ Պետերբուրգում, ստացա վնասվածքներ…»:

balet-5

Ժիզել

Զրույցի ընթացքում Սյուզի Փիրումյանը, որ բեմական գործունեության ընթացքում կերտել է թատրոնի խաղացանկային ոչ թե համարյա, այլ բոլոր գլխավոր կերպարները, առանձին-առանձին անդրադարձավ յուրաքանչյուրին: Հիշեց, որ, օրինակ, Ջուլիետի դերապարը պատրաստելիս (Պրոկոֆեւ՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», բալետմայստեր՝ Ռուդոլֆ Խառատյան) մանրամասն ուսումնասիրել է այդ աղջկա կերպարը, դիտել նույնիսկ տարբեր երկրների արտադրության «Ռոմեո եւ Ջուլիետ» հին եւ նոր ֆիլմերը: «Տանը հայելու առաջ Ջուլիետ էի խաղում, եւ ոչ միայն այս կերպարը, նույնը կարող եմ ասել Կիտրիի (Մինկուս՝ «Դոն Կիխոտ», բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան), Կարմենի (Բիզե-Ռոդիոն Շչեդրին՝ «Կարմեն», բալետմայստեր՝ Արմեն Գրիգորյան), Ժիզելի (Ադան՝ «Ժիզել», բալետմայստեր՝ Մարկ Մնացականյան) եւ մյուս կերպարներիս մասին»,- հավելեց մեր զրուցակիցը:

balet-4

Կիտրի

Մեր դիտարկմամբ՝ Սյուզին առայսօր միակ բալետի արտիստն է, որ նկարահանել է տեսահոլովակ, որի պրեմիերան կայացավ եղեռնի 101-րդ տարելիցի օրը: Դա Կոմիտասի «Կռունկն» էր: Տեսահոլովակում հանդիպեցինք նաեւ մեր թատրոնի բալետի առաջատար արտիստ Սեւակ Ավետիսյանին: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ պարուհին ներկայումս սովորում է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժնում՝ Նադեժդա Դավթյանի ղեկավարությամբ: «Առայժմ հատվածներ եմ բեմադրում տարբեր բալետներից եւ դեռ փնտրտուքների մեջ եմ ամբողջական ներկայացում բեմադրելու նպատակով»,- ասաց Սյուզին:

balet-3

Ջուլիետ

Ներկայումս Սյուզի Փիրումյանը պատրաստում է միանգամից երկու գլխավոր դերապարեր՝ Ծովինար՝ Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայում եւ Նինա՝ Խաչատրյանի «Դիմակահանդեսում»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

22.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031