Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոքի մտքով չէր անցնում ի պաշտպանություն Նաիրի Հունանյանի բողոքի ցույցի դուրս գալ. «Ազգ»

Հուլիս 23,2016 09:22

Այն ինչ տեղի է ունենում այս օրերին Երեւանում՝ սկսած հուլիսի 17-ից կարելի էր սպասել: Վերջին տարիներին մեր երկրում նման ցնցումները ավելի են հաճախակիացել: Հայաստանում ասես քաոս լինի՝ փողոցների ու ճանապարհների փակում, բախումներ, զոռբայություն եւ մի օր էլ հերթը պետք է հասներ զինված գործողության՝ զորանոցի գրավման, մարդասպանության եւ պատանդներ պահելով քաղաքական հարցեր լուծելու փորձի: Այս ամենի քարոզչական ֆոնն էլ ապահովվում է սոցիալական ցանցերի, մասնավորապես ֆեյսբուքի միջոցով: Որո՞նք են հիմնական պատճառները:

Առնվազն անիմաստ է այս ամենի տակ սոցիալական ենթատեքս որոնելը: «Հիմնադիր խորհրդարան» կոչվածի ձեռնարկածը բնորոշվում է որպես ահաբեկչություն, որքան էլ ոմանք ջանքեր գործադրեն արդարացնել, վրդովվել «ահաբեկիչ» բնութագրումից, այդ երեւույթը այդպես է կոչվում եւ դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ: Հայ ժողովուրդը, սոցիալական վիճակից ելնելով, ահաբեկչության չի գնա: Նախկինում, անկախության տարիներին ունեցել ենք ավելի ծանր սոցիալական կացություն եւ այսօրվա համեմատ ահռելի չափերի հասնող աղքատություն, բայց զինված հեղաշրջումը բնակչության լայն զանգվածներին չի հրապուրել: Այլ բան է, որ ազգի շահերի մասին խոսելով, առանձին խմբեր գնում են այդ քայլին:

1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի խումբը սարսափելի հանցագործություն կատարեց՝ գնդակահարելով Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին եւ եւս 6 գործիչների, վկայակոչելով ազգի շահերը: Այն ժամանակ բոլորը գիտակցում էին, որ Նաիրի Հունանյանը ահաբեկիչ է եւ ոչ ոքի մտքով չէր անցնում ի պաշտպանություն նրա բողոքի ցույցի դուրս գալ: Սակայն փոխվում են ժամանակները, եւ երբեմն ոչ այնպես, ինչպես տրամաբանությունն է ենթադրում

Չնայած անհամեմատելի են 1999-ի եւ 2016-ի Հայաստանները եւ այս ընթացքում թե՛ տնտեսությունը, թե՛ սոցիալական վիճակը հսկայական դրական փոփոխություններ են կրել, բայց «ժողովրդի շահերով» «առաջնորդվող» զինյալներին, ի տարբերություն 1999-ի, հիմա սկսել են հերոսացնել եւ աջակցության ցույցեր անել: Կարելի է ենթադրել, որ եւս մի 17 տարի հետո, կամ գուցե ավելի շուտ, երբ աղքատությունը Հայաստանում ոչ թե 30 տոկոս լինի, այլ ասենք 10 տոկոս, էլի կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն ահաբեկչություն իրականացնել՝ իբր ժողովրդի վիճակից ելնելով: Հետեւաբար, ահաբեկչության պատճառների մեջ սոցիալականը չկա: Այն գործածվում է իրական պատճառի՝ իշխանության համար պայքարում միջոցների առջեւ խտրություն չդնելու համար որպես հիմնավորում:

Սոցիալական պատճառ չունեն նաեւ ոստիկանության զավթված շենքի մոտ հավաքվող մի քանի հարյուր ցուցարարները, որոնց մեջ գերակշռում են նրանք, ովքեր մասնակցում եւ նույն ֆեյսբուքի միջոցով ուղղորդում են առանց բացառության բոլոր նման գործողությունները, որոնց միայն մի քանի ժամով են ձերբակալում եւ ապա բացթողնվում՝ նոր անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու ճանապարհ տալով:

«Հաստիքով» ցուցարարներին, սադրիչներին եւ ոստիկանության հետ բախումներ հրահրողին, բոլոր ցույցերի, փողոցների փակման եւ այլ դեպքերում տեսնում են եւ գիտեն այդ իրադարձությունները լուսաբանող լրագրողները: Նրանց գլխավոր կարգախոսը, երբ տվյալ պահին տեղի չի ունենում որեւէ բողոքի ակցիա՝ «էս մի ամիս ա լոքշի մեջ ենք, երբ ա ցույց ըլնելու, հելնենք փողոց» (գրառում ֆեյսբուքում): Այսինքն, գոյություն ունի մի զանգված, որի հիմնական աշխատանքը «փողոց հելնելն ա» ու տրամադրություններ բորբոքելը, շահարկելով իսկապես գոյություն ունեցող կառավարման, տնտեսական, կոռուպցիոն եւ մյուս խնդիրները:

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Վարքագծի կանոններ թելադրողը միշտ էլ իշխանություններն են: Երբ այդ մարդկանց ապօրինի կերպով, պարբերաբար ու անտեղի ձերբակալում կամ ծեծ ու բռնության էին ենթարկում, կանխատեսելի էր, որ նրանք էլ մի օր պատասխան կտան նույն ձևով բռնությանը դիմելով:
    Հիմա էլ չի փոխվում ոչինչ, իշխանությունները դարձյալ նույնն կերպ են վարվում մարդկանց հետ, իսկ դա ավելի մեծ վտանգ ունի իր մեջ, քան կարելի է պատկերացնել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031