Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականները որոշել են փրկել Հայաստանը

Հուլիս 25,2016 19:50

«Մենք հավաքվել ենք այստեղ, բայց մենք չկանք: Մենք օտարված, դուրս ենք շպրտված մեր երկրից: Մենք փախստական ենք մեր իսկ հայրենիքում: Պղծված, ոչնչացված է Հոգևոր Հայաստանը բոլոր աղետալի հետևանքներով: Աշխարհաքաղաքական դավերով վտանգված այս քաղաքակրթական խաչմերուկում չկա մեր երկիրը, որպես սուբյեկտ, որպես ինքնուրույն գործոն: Իրողությունն ամոթալի է, անհանդուրժելի, իսկ պայքարը թվում է անհնար, նաև` անիմաստ: Վկա` տղաների այսօրվա հուսահատ ընդվզումը»,- այս գաղափարը միավորել է Հայաստանի հինգ մտավորականների:

Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն ասաց, որ «Հինգի խորհրդի» անունները դեռ չեն ցանկանում հրապարակել,  որ գաղափարը չանձնավորվի եւ այդ մարդիկ էլ ներկայանալի լինելու հավակնություններ չունենան: «Հույս ունենք, որ միավորումը կլրացվի»,- ասաց մեր զրուցակիցը:

«Հինգի խորհրդի» նպատակը վաղվա Հայաստանը կերտելն է. Հայաստան, որը մտավորականներն են պատկերացնում. «Մենք պետք է գիտակցենք, որ քաղաքակրթական այս պատերազմի ռազմաճակատային գիծը անցնում է յուրաքանչյուրիս միջով: Գիտակցության և ընտրության խնդիր է: Ի՞նչ անել ապրելու համար մեր երկրում: Ելքը մեկն է` ապրել մեր երկրում»:

«Հինգի խորհուրդը» Մտավորականների ֆորումին առաջարկում է` ողջ հայ մտավոր ներուժը համատեղելով հիմնավորապես նախապատրաստել և առնվազն աշնանը հրավիրել Նոր Հայքը հռչակող համահայկական համաժողով, ուր կձևավորվեն մեր իրական, համայն հայության նվիրական երկրի կառավարման օղակներն ու նորացված ոլորտների գործունեությունը համակարգող մարմինները: Հայ մշակույթի ու արվեստի գործիչներին առաջարկում է միավորվել նոր երկրի մշակույթն ու արվեստը այսօր իսկ կայացնելու կարևորագույն գաղափարի շուրջ, ձևավորել արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող ստեղծագործական խմբեր և կենտրոնացված, ծրագրային գործունեությամբ այսօր իսկ արարել այն երկրի գեղարվեստական մշակութային դաշտը ուր ակնկալում ենք ապրել վաղը: Ենթադրվում է աշնանը հրավիրվող համահայկական համաժողովի օրերին իրականացնել նաև Նոր Հայքի արվեստի փառատոնը:

«Հինգի խորհուրդը» կոչ է անում Նոր Հայքի հավատամքը կրող յուրաքանչյուրին` հավաքագրվել «Հինգի խորհրդին» դարձնելով այն` տասը միլիոնի խորհուրդ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031