Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Լրագրողները շփվելով զինված խմբի հետ՝ որեւէ էթիկայի կամ պրոֆեսիոնալ նորմ չեն խախտել»

Հուլիս 25,2016 20:52

Ուրբաթ օրը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում մամուլի ասուլիսը հանրության մի մասը քննադատեց՝ այն անվանելով շոու:

Ֆեյսբուքյան «Մեդիագրագիտություն» խմբում էլ Կարեն Վրթանեսյանը հետեւյալ գրառումն է կատարել՝ «Այսօրվա մեդիաշոուին չեմ ուզում այս գրառումով անդրադառնալ, կանդրադառնամ մի հարցի, որն ավելի շատ Ռազմաշխարհ խմբի թեմա կլիներ, եթե իրադարձություններն այլ երկրում լինեին։ Բայց, քանի որ Հայաստանում են եւ վերաբերում են լրագրողներին, ապա այս խմբում եմ գրում։ Նաեւ կխուսափեմ «ահաբեկիչ» բառից, որպեսզի չշեղվի թեման անիմաստ եզրաբանական վեճերով։

Այսօրվա ասուլիսը ես համարում եմ շատ վտանգավոր ու նաև կազմակերպիչների կողմից անպատասխանատու միջոցառում։ Նույնիսկ, եթե մի կողմ դնենք այն, որ զինյալներից մեկը սկսեց վերջում օդ կրակել…

Sasna crer

Sasna crer_asulisԻմ մտավախությունը «կիկոսամահություն» չի, որովհետև զինյալների առնվազն մի մասը՝ դատելով այս նկարներից, զենքի հետ վարվելու փորձ չունեն։ Հրազենի հետ վարվելու ամենահիմնական օրենքը ՄԱՏԸ ՁԳԱՆԻՆ ՉԴՆԵԼՆ Է։ Ատրճանակով տղան, եթե տեսնում եք, հենց դա է արել։ Իսկ ավտոմատով նկարի վրա, ինչպես տեսնում եք, ավտոմատի ապահովիչը բացած է, այսինքն` թեթև հպումն էլ ձգանին կարող է կրակոցի բերել։ Ընդհանրապես կան հստակ կանոններ, թե ինչ չի կարելի անել, երբ ձեռքումդ հրազեն է, եւ այդ կանոններն արյունով են գրված՝ տասնյակ հազար դժբախտ պատահարների զոհերի արյունով։ Այդ կանոնների խախտումը վաղ թե ուշ ողբերգության է բերում։ Կարող են պատահաբար վնասել իրար, կամ օրինակ՝ լրագրողի կամ նույնիսկ այդ գնդի տարածքից կիլոմետր հեռավորության վրա գտնվող շենքում պատուհանի մոտ կանգնած մի երեխայի։ Հասկանո՞ւմ են արդյոք էն ջահել երեխեքը, որոնք այսօր այնտեղ էին, և իրենց խմբագիրները, թե ինչ քյալակից են պրծել»։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, կարծիք հայտնեց, որ գոնե այս պայմաններում, այն  ինչ տեղի է ունեցել բավարար հիմքեր չկան այդ խմբին ահաբեկիչներ ասել, հատկապես որ հարուցված  քրեական գործով ահաբեկչություն հոդվածը չկա.«Այսինքն, խոսել, որ լրագրողները հաղորդակցվում են ահաբեկիչների հետ սխալ կլինի»:

Boris-Navasardyan

Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրով սահմանված է՝ «Որեւէ ձեւով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք եւ անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական եւ լեզվական հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության խոսքը: Զգույշ լինել ահաբեկչական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տարածելիս, բացառել ահաբեկիչների նկատմամբ համակրանք առաջացնող սյուժեները եւ հաղորդագրությունները, նրբանկատ լինել իրադարձությունների ականատեսների` որպես տեղեկատվության աղբյուրների նկատմամբ, խուսափել պատանդների եւ հնարավոր զոհերի հարազատների եւ ընկերների բացահայտումից` առանց իրենց համաձայնության»:

ՊՊԾ գնդի տարածքում մամուլի ասուլիսի  ժամանակ զինված խմբի անդամներից մեկը Սեդրակ Նազարյանը մարդկանց կոչ է արել՝

«Թող ճեղքեն, բենզինի շշերով, քարերով, հայերը լավ կռվել գիտեն: Թող չնստեն լոփո-լոփո պատերի տակ խոսան, բենզինի շիշը վերցնեն, տան իր ճանապարհը փակողի գլխին, հարգելի ոստիկանները թող ճանապարհը բացեն»:

«Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն, բայց խմբի անդամների՝ բռնության կոչերը եւս հանրության մի մասի կողմից քննադատվեցին: Արդյոք լրատվամիջոցները խախտե՞լ են էթիկական սկզբունքների էթիկայի կանոնագիրը՝ բռնության կոչերը տարածելով, մեր այս հարցին էլ պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Ամեն դեպքում գերիշխում է այն հանգամանքը, որ հասարակությունն, իրոք, շատ լուրջ կարիք ունի հասկանալու ինչ է կատարվում եւ ստանալ տեղեկություններ: Կարծում եմ՝ լրագրողները շփվելով զինված խմբի հետ՝ որեւէ էթիկայի կամ պրոֆեսիոնալ նորմ չեն խախտել»:

ԵՄԱ նախագահի խոսքերով՝ ասուլիսը տհաճ մթնոլորտում է տեղի ունեցել, որովհետեւ զինված մարդկանց հետ շփվելը, եւ անվտանգության առումով, եւ ընդհանարապես, լրագրողի աշխատանքի համար, դրական երեւույթ չէ, բայց դա ավելի շատ զինված խմբի խնդիրն է, քան լրագրողների.«Լրագրողները, եթե այլ տարբերակ չունեն, կատարում են իրենց պրոֆեսիոնալ պարտքը: Այդ հարցը պետք է ուղղել զինված խմբին, որ եթե դուրս են գալիս լրագրողների հետ հանդիպման, պետք է լինեն առանց զենքի, որովհետեւ այդպիսի տեսքով, երբ զենքը համարյա պատրաստ է կրակել, հոգեբանական լավ տպավորություն չի կարող թողնել լսարանի վրա: Եթե խոսքը նորմալ, քաղաքակիրթ զրույցի մասին է, զենքով մարդը չպետք է, պայմանական ասած՝ մամուլի կենտրոն դուրս գա զրուցելու»:

Ինչ վերաբերում է բենզինի շշերը վերցրեք՝ դուրս եկեք, կոչերը լրատվամիջոցներում տեղ գտնելուն, պարոն Նավասարդյանն ասաց.«Եթե դա  նորություն լիներ, կամ ազդեցություն թողներ հանրային տրամադրության վրա, միգուցե կարելի էր այդպիսի բովանադակությամբ նյութը չտարածել: Բայց կարծում եմ, նրանք կրկնում էին այն, ինչ բոլորը գիտեին, եւ դրա հետ մեկտեղ կարեւոր ինֆորմացիա էր գնում բանակցային գործընթացի, տեղի իրավիճակի մասին: Կարծում եմ, դա կարելի էր զոհաբերել՝ այդ կարգի տեղեկատվություն լսելը հանուն այլ կարեւոր տեղեկատվության»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031