Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներն ամենևին չեն նպաստում բուժօգնության կազմակերպման համար համապատասխան մթնոլորտի ստեղծմանը

Հուլիս 25,2016 21:11

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

ՀՀ առողջապահության նախարարությունը և առողջապահական ողջ համակարգը հուլիսի 17-ից ի վեր մշտապես պատրաստակամ են եղել և արել են ամեն հնարավորը, այսօր էլ շարունակում են մասնագիտական անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բուժօգնության կարիք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի հետևանքով բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվել և տրամադրվում է պատշաճ բուժօգնություն։ Նախարարությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը։

Տուժածների զգալի մասն ապաքինվելով դուրս է գրվել հիվանդանոցներից, մի մասն էլ անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։
Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ շտապօգնության մեքենան շարքից հանելը և վարորդին պատանդ պահելը, բանակցությունների արդյունքում ստեղծված չեզոք գոտում զենքի առկայությունը և դրա գործածումը, կրակոցներն ամենևին չեն նպաստում բուժօգնության կազմակերպման համար համապատասխան մթնոլորտի ստեղծմանը և խոչընդոտում են մասնագիտական պարտքը կատարող բժիշկների աշխատանքը:

Նկատի առնելով ստեղծված իրավիճակը` Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի 6-8 մեքենա դեպքի վայրում և դրա հարակից տարածքում առ այսօր հերթապահություն է իրականացնում անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու նպատակով։ Շտապբուժօգնության մնացած մեքենաները մայրաքաղաքի բնակչությանն սպասարկում են մեծ ծանրաբեռնվածությամբ։ Տեղում անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել յուրաքանչյուր դիմողի` թե՛ զինված խմբի անդամներին, թե՛ ոստիկանության աշխատակիցներին, թե՛ տարածքի բնակչությանը և թե՛ հավաքների մասնակիցներին։ Ըստ անհրաժեշտության` կազմակերպվել է բուժօգնության կարիք ունեցողի տեղափոխումը հիվանդանոց։

Ինչ վերաբերում է զինված խմբի վիրավոր անդամին բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրին, ապա մինչ օրս բուժօգնություն ստացող վիրավորին պարբերաբար առաջարկվել է տեղափոխել հիվանդանոց նրա վիճակին համարժեք ստացիոնար բուժում ապահովելու համար, տեղեկացվել է հնարավոր հետևանքների մասին, սակայն առաջարկը մշտապես մերժվել է զինված խմբի կողմից:

Մեկ անգամ ևս խնդրում ենք զերծ մնալ իրենց մասնագիտական աշխատանքը նվիրումով և պատրաստակամորեն կատարող բժիշկների գործունեությունը խոչընդոտելուց և ավելորդ լարվածություն չստեղծել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031