Լրահոս
Օրվա լրահոսը

Դեժավյու

Հուլիս 26,2016 08:40

«Բոլորս դեպի Ազգային ժողով: Եվ մենք կհաղթենք։ Եվ այս պ…կի ծնունդները մեր արյունը չեն ծծի։ Մեր ամբողջ հարստությունը թալանեցին։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Սատկացնել է պետք բոլոր շներին, բոլորին՝ անխտիր»,- արդեն այն բանից հետո, ինչ սպանությունները կատարված էին ու պատգամավորները մնացել էին պատանդ՝ պարբերաբար կրակահերթեր արձակելով գոռում էր Նաիրի Հունանյանը:

«10 տարի մեր արյունը ծծեցին», – այս արտահայտությունը նա կրկնում էր անընդհատ։

Արդեն սպանված վարչապետի մարմնին կշտամբանքներ էր ուղղում. «5 տարի չթողիր, որ էս ժողովուրդն ընտրություն անի»։

Ու գոռում էր. «Վերջն էս էր լինելու, անխուսափելի էր»:

Էլի հիշեցումներ նրա խոսքերից, որոնց պահպանված ձայնագրությունը հրապարակել ենք. «Միշտ ասում էիք՝ «մի օր կանգնելու եք դատարանի առաջ, ես էլ դատողն եմ լինելու»։ Հիմա օրը եկել ա։ Կերան չէ՞ մեր ժողովրդին։ Կերան, սեփականաշնորհեցին»:

«Ես ոչ մեկի չեմ ուզում սպանել։ Մենք հա՛յ ենք։ Սրանք հայ չէին,- ինչ-որ մեկին բացատրում էր Նաիրի Հունանյանը,- ինչ որ անում ենք՝ ժողովրդի համար է։ Ուղղակի վճռականություն է պետք, որ արդարություն, օրենք հաստատենք էս երկրում՝ սենց չի լինի»։

Բավական հանդարտ, նույնիսկ ընկերաբար Նաիրի Հունանյանի գործակիցները զրուցում էին պատգամավորների հետ. «Ժողովուրդ ջան, չե՞ք գտնում, որ ազգը, իրոք, մեղք է, բա հավաքվում եք ստեղ, լռում, ոչ մեկդ մի հատ ձեն չեք հանում։ Հիմա իմ ջահել կյանքը ձեզ՝ ինձ խփեն էլ, էլի ոչինչ, էնքան, որ իմանամ՝ ազգս ապրելու է»,- սա Նաիրիի քեռին էր՝ Վռամ Գալստյանը։

«Ինչ վերջ կունենա՝ թող ժողովուրդը գնահատական տա։ Բոլորդ այստեղ ժողովրդից ընտրվածներ եք՝ ամենակարեւորը, խնդրում եմ, սառնասրտություն եւ՝ հնազանդվել ներկա իրավիճակին։ Խնդրում եմ անվտանգության մարմիններին՝ շենքին մոտիկ չգաք, արյունահեղություն չլինի՝ ինչ որ եղավ, բավական ա»,- սա էլ խմբի անդամներից մեկի հայտարարությունն էր։

Սկսեցին հայտարարությունների համար խոսափողի մոտ թողնել պատգամավորներին ու մասնավորապես Գագիկ Կոստանդյանը հայտարարեց. «Որպես միլիցիայի նախկին աշխատող, բարձրաստիճան սպա, կոչ եմ անում իմ կոլեգաներին՝ այստեղ լուրջ իրավիճակ է եւ լուրջ մարդկանց հետ գործ ունենք։ Մարդիկ, որոնք հավանաբար կռված են ու գիտեն ե՛ւ զենքի, ե՛ւ կյանքի արժեքը։ Խնդրում եմ զգոն լինել։ Բանակցությունների միջոցով միայն կարելի է մնացածի կյանքը փրկել»։

Իսկ Ռուբեն Հակոբյանն ասաց. «Առաջին խնդրանքը, որ ունեմ՝ ԱԺ-ի շենք ոչ ոք մուտք չգործի։ Մուտք գործելը հղի է… շատ ավելի ծանր իրավիճակ է ստեղծվելու։ Բոլորդ քաղաքական ակտիվություն այժմ դրսեւորեք՝ դուրս եկեք։ Եվ միակ պայմանը, որ այսօր կարող է որոշակի նորմալ վիճակ ստեղծի՝ բանակցություններն են»։

Արդեն սպանություններից ու պատանդառություններից հետո ահաբեկիչները սկսեցին մարդկանց կանչել դեպի շենք: Սկսեցին զանգել նաեւ տարբեր քաղաքական գործիչների՝ այդ թվում նաեւ Ժիրայր Սեֆիլյանին, մոտավորապես այսպիսի խնդրանքներով, թե մենք մեր գործն արել ենք, եկեք, տեսնենք, թե հիմա ինչ ենք անում:

… Այժմ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հասարակական կազմակերպության ղեկավար, իսկ 1999-ին ՀՀ կառավարության տեղեկատվության վարչության պետ Տիգրան Հակոբյանը օրերս «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հրապարակեց, որ այն ժամանակ անցկացված սոցհարցումների տվյալներով՝ մարդկանց 25 տոկոսն արդարացնում էր Նաիրի Հունանյանի արածը:

Վերոշարադրյալ կոչերն ու մթնոլորտը հաշվի առնելով՝ թերեւս բացատրելի է իմ զգացողությունը, որպես լրագրող, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում էր՝ ես այժմ դեժավյու եմ ապրում, այսինքն՝ թվում է, թե այս ամենն արդեն եղել է: Հա, իհարկե, տարբերություն կա՝  հիմա երեւի արդարացնողների քանակն ավելին է: Ու մեկ էլ՝ Նաիրի Հունանյանի բախտը չբերեց. այն ժամանակ ֆեյսբուք չկար, ու չկային զենքի ուժով հարցեր լուծելու կողմնակիցներին ուղիղ եթեր տրամադրող այսքան շատ լրատվամիջոցներ:

Ու հենց ֆեյսբուքում եմ տեսել քաղաքացիական մի շատ հայտնի ակտիվիստի զուգահեռը այսօր կատարվողի եւ այն ժամանակ կատարվածի միջեւ: «Նաիրիին էլ մենակ թողեցինք»,- գրել էր նա՝ կոչ անելով մենակ չթողնել «տղերքին»:

Ի դեպ, Նաիրի Հունանյանի անցյալն էլ պակաս փառավոր չէր՝ նա ղարաբաղյան շարժման երիտասարդ առաջնորդներից էր, ուսանողական բողոքի ցույցերի կազմակերպիչ, «Հայ ուսանողության դաշինք» կազմակերպության ստեղծողը:

Նույն դեժավյուն, նույն վերապրումները, հրապարակավ խոստովանեց, որ այժմ ապրում է նաեւ հոկտեմբերի 27-ին դահլիճում սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: Եվ բնավ պատահական չէ, որ թեեւ նրա կուսակցության այլ անդամները քաղաքական աջակցություն են ապահովում զինյալների պահանջներին՝ Անահիտ Բախշյանի դիրքորոշումն ակնհայտորեն այլ է:

Տարբեր է նաեւ հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի դիրքորոշումը, որը կատարվածն «արկածախնդրություն» որակեց. «Չէ՝ մենք իշխանության գործունեությունը ճիշտ չենք համարում, բայց ձերն էլ ճիշտ չենք համարում»:

Ի դեպ, պատահական չէ նաեւ, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ հիմա, ոչ էլ այն ժամանակ առիթից չօգտվեց ու չփորձեց ձեռքերը տաքացնել բռնկված կրակի վրա, ինչպես անում են Խորենացի փողոցում ռեինկարնացիա ապրող որոշ մարած քաղաքական գործիչներ:

Վստահ եմ, տարբեր է բոլոր այն մարդկանց դիրքորոշումը, որոնք հիշում են բռնությամբ հարցեր լուծելու, եւ իրականում  ոչ մի հարց չլուծած այդ նախադեպը, եւ ամենակարեւորը՝ հիշում են, թե ինչ ծանրագույն ճգնաժամի մեջ հայտնվեց մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո, որը տարիներով հետ շպրտեց Հայաստանը:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, հոկտեմբերի 27-ի գործի նյութերը կարդալուց հետո ու տեսնելով, թե որքան շատ տվյալներ ու հնարավորություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայությունը կանխելու այդ ահաբեկչությունը եւ չի արել՝ համոզված էի, թե սա միտում է, չի կարող պատահականություն լինել: Հիմա տեսնում եմ՝ կարող է այդպես լինել, որ եւ անհրաժեշտ տվյալները եւ հայտարարություններն աչքի առաջ ունենալով՝ դրսեւորես հանցավոր անգործություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Դեժա վյու չզգացող says:

    Նաիրիին ճանաչել եմ ու միշտ զվվել իրանից: Ու իրանք գնացել էին կոնկրետ մարդ խփելու: Էս տղերքին չեմ ճանաչում, բայց իրանց նկատմամբ չունեմ ոչ մի բացասական զգացողություն: Ու ինձ թվում ա, որ կա էական տարբերություն էս տղերքի ու նաիրիենց միջեւ: Բայց խի՞ ա Հայաստանում իշխանությունը միշտ ստեղծում էն վիճակը, որ իրանից ուզենաս րոպե առաջ ազատվես, բայց օրինական ձեւով ոչ մի կերպ չկարողանաս:

  2. Նարեկ says:

    Լրիվ համաձայն եմ Դեժա վյու չզգացող-ի հետ: Նաիրի խումբը մարդ սպանելու հստակ նպատակով է մտել ԱԺ, Սասնա ծռերը` մարդ սպանելու նպատակ չեն ունեցել:

    Ձեր զուգահեռը վիրավորական է Հայաստանի քաղաքացիների համար:

    • Գիտեք, Նարեկ, ես միայն իմ անունից, իմ զգացողությունների մասին եմ գրել: Նախընտրելի կլիներ, որ Դուք էլ հանդես չգայիք Հայաստանի բոլոր քաղաքացիների անունից: Հաստատ բոլորի կարծիքը չեք հարցրել:

  3. Satenik says:

    ԿԱՐԾԵՍ ՍՐՏՒՍ ԽՈՐՔՒՑ ԲԽԵՐ ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ- ԱՄԵՆԵՎԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԱՐԴ ՉԵՄ ՈՒ ԴԵՄ ԵՄ ԱՀՍ ՄՈՐՈՒՔԱՎՈՐ ԾՌԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ՈՐՈՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱԹՈՌԻ ԿՌԻՎ ԵՆ ԱՆՈՒՄ.ԱՊՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԱԶԵԼՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ, ԲԱՅՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՅՆՊԻՍԻ ՀԱՅՐԵՆԻՔ, ՈՐԸ ԿՈՒՆԵՆԱՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅԵԼՈՂ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՉ ԹԵ ՆՄԱՆ ԽԱԺԱՄՈՒԺ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ԵՐԿՐԻՍ ՍԱՀՄԱՆՆԵԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳՈՌԱԼ, ՍԹԱՓՎԵԼՈՒ ԿՈՉ ԱՆԵԼ.ՉԵԻ ՈՒԶԵՆԱ ԵՐԿԻՐՍ ՏԵՍՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՐԳԱՎՒՃԱԿՈՒՄ.ՄԻ ԽՈՍՔՈՎ, ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ, ՔԱՆԻ ՈՐ ԵՐԿԻՐՍ ԱՊԱՀՈՎ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ

  4. Մեսրոպ Թումանյան says:

    Ես նմանություն այնքան էլ չեմ տեսնում: Քաղաքականությամբ զբաղվող շատ թե քիչ խոհեմ քաղաքացի 1999 թվականի Կարեն Դեմիրճյյան-Վազգեն Սարգսյան միության մեջ տեսնում էր ապագա: Ավելին՝ արդեն իսկ կային տնտեսական և քաղաքական զարգացման տեսլականները: Նաիրի Հունանյանի առջև Ազգային ժողովի դռներն էին բացվել, առանց ԱԱԾ-ի դա հնարավոր չէր լինի: Այդտեղ խորհրդավոր կերպով առկայծում է նաև Հայ հեղափոխական դաշնակցության մասնակցությունը, քանի որ Նաիրին Դաշնակցության պաշտոնավոր անդամ էր: Նրանց արածը ծանրագույն ոճիր էր թե ժողովրդի, թե պետության դեմ: Ցավոք սրտի իրական կազմակերպիչները չբացահայտվեցին մինչ այսօր: Բայց հայ ժողովրդի մեծագույն մասը համոզված է, որ Սերժ Սարգսյանը դրա կազմակերպիչներից մեկն էր:
    Ինչքան էլ զինված պայքարը անընդունելի լինի, մի բան պարզ է. Ռեժիմը իրեն սպառել է, Հայաստանը կործանման եզրին է: Անհրաժեշտ են խորքային փոփոխություններ: Հանցագործ աշխարհի իշխանությունը պետք է մնա անցյալում: Երկիրը պետք է վերադարձնել հայ ժողովրդին: Ալեքսանդր Մյասնիկյանին ավելի վատ պայմաններում դա հաջողվել է: Այսօր էլ է հնարավոր:

  5. Աննա, մեծ ճիգեր էր պետք գործադրել հոկտեմբերի 27-ի եւ այս իրադարձությունների միջեւ զուգահեռներ գտնելու համար, եւ քեզ բնորոշ անաչառությունը պետք էր մի կողմ դնել ահաբեկչությունից առաջ գրեթե անհայտ Նաիրիի անցյալը փառավոր համարելու եւ «Սասնա Ծռերի» հետ համադրելու համար։ Տիգրան Հակոբյանը, որին դու հղում ես կատարում, ինձ չի կարող համոզել, որ 1999-ին բնակչության 25 տոկոսը արդարացնում էր Նաիրիին։ Դուք հո մատից ծծած թվեր հրապարակող սոցիոլոգը չե՞ք, որ այս կերպ փորձում եք համեմատելի դարձնել հասարակության սատարումը նրանց ու սրանց։ Եթե այդ թիվը տասը անգամ պակասեցնեք, հնարավոր է իրականությանը մոտ լինի, բայց արդեն ուշ է այդ թիվը ճշտելու համար։ Ուղղակի պետք է հիշել, թե ինչպիսի՞ն էր այն ժամանակ հասարակական մթնոլորտը եւ ի՞նչ հույսեր էին մարդիկ կապում Վազգեն Սարգսյան – Կարեն Դեմիրճյան տանդեմի հետ (արդարացված էր դա, թե ոչ՝ ուրիշ հարց է)։ Հենց այդ պատճառով էլ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը՝ որպես երազների փլուզում, գրեթե բոլորի մոտ նողկանք առաջացրեց։ Հիմա միանգամայն այլ վիճակ է. հասարակության զգալի հատվածը ընդունելի է համարում պայքարի նույնիսկ ծայրահեղական ձեւերը, որովհետեւ իշխանական վերնախավն արդեն այլընտրանք չի թողնում։ Երկիրն ահաբեկչության է ենթարկվում այդ վերնախավի կողմից, ոչ թե «Սասնա Ծռերի»։ Իսկ եթե սառը դատենք, բազմաթիվ փաստարկներ կգտնենք՝ հիմնավորելու, որ նրանք ահաբեկիչներ չեն։ Բայց դու հոկտեմբերի 27-ի ականատես ես, դրա համար էլ քեզ մոտ դեժավյու առաջացավ… Հուսամ՝ շուտով կանցնի։

    • Աշոտ, Նաիրի Հունանյանը բնավ անհայտ չի եղել: Նա ուսանողական ցույցերի կազմակերպիչն էր, ղարաբաղյան շարժման երիտասարդ առաջնորդներից մեկը: Եվ եթե հղում ես անում այն ժամանակվա մթնոլորտին՝ խնդրեմ, հիշիր, թե ինչպիսի վերաբերմունք էր նաեւ Վազգեն Սարգսյանի նկատմամբ, եւ գուցե այդ ժամանակ Տիգրան Հակոբյանի հրապարակած թվերը քեզ այդքան էլ անհամոզիչ չթվան:

      • Աննա, փառավոր անցյալ ունենալու ու անհայտ չլինելու մեջ մեծ տարբերություն կա։ Ուղղակի այն տարիներին դու երիտասարդների մեջ ես եղել ու նրա ակտիվությունը քեզ վրա մեծ տպավորություն է թողել։ Թե չէ փառավոր այն ժամանակ միայն «Ղարաբաղ» կոմիտեն էր, այն էլ ոչ բոլոր անդամները։
        Ինչ վերաբերում է 1999-ին, իհարկե հիշում եմ ամեն ինչ, ու անկեղծ համարում եմ, որ վերաբերմունքը Վազգեն Սարգսյանի նկատմամբ (մանավանդ Կարեն Դեմիրճյանի հետ տանդեմ կազմելուց հետո) շատ ու շատ ավելի տանելի էր, քան այսօր Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Իսկ քո ու Տիգրան Հակոբյանի հրապարակած թվի առումով կարող եմ ևս մի բան ասել. այսօր նույնիսկ «Սասնա ծռերը» բնակչության 25 տոկոս համակիր (կամ արդարացնող) չունեն, հակառակ դեպքում գոնե 150-200 հազար մարդ կհավաքվեր Խորենացի փողոցում։ Իսկ Նաիրիի համար քանի՞սը դուրս եկան փողոց…
        Կարծում եմ՝ մենք այս հարցում միմյանց չենք համոզի…

        • Կարելի էր բանավիճել ու հետաքրքրվել, թե այս խմբի անդամներից 3-4-ից բացի ընդհանրապես ո՞ր մեկն էր թեկուզ նվազագույնը հայտնի: Բայց ես չեմ էլ փորձում որեւէ մեկին համոզել: Իմ «դեժավյու»-ի զգացողությունն՝ իմ զգացողությունն է, որն ի դեպ՝ օրեցօր ավելի է խորանում դատելով այն քարոզչական յուրօրինակ «ահաբեկչությունից», որը դրսեւորվում է այլ կարծիք արտահայտող ցանկացած մեկի հանդեպ:

  6. Karine Karpetryan says:

    Հարգելի Աննա դուք համարվում եք հայտնի լրագրող, բայց ձեր հոդվածը վայել չէ հայտնի լրագրողին: Ձեր համեմատությունը շատ սխալ է արված, պարզունակ և անհամոզիչ խոսք է: Կ

    • Հարգելի Կարինե, ես ոչ մեկին չեմ փորձում համոզել, առավել եւս՝ մարդկանց, որոնք լծվել են զինված հարձակումը, սպանությունը եւ պատանդներ վերցնելն արդարացնելու եւ հերոսացնելու գործին: Ուղղակի հետաքրքիր է, թե արդյոք կփոխվեին գնահատականները, եթե նման հերոսության թիրախում հայտնվեին իրենք կամ իրենց մերձավորները: Այսքանը:

Պատասխանել Աշոտ Մելիքյան

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031