Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրանքս լրագրողներին՝ չփորձենք պիտակավորել». Բորիս Նավասարդյանը՝ «Սասնա ծռերի» դեպքերը լուսաբանելու մասին

Հուլիս 26,2016 15:13

Aravot.am-ն այսօր ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց՝ ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցող իրադարձությունները ԶԼՄ-ների համար որոշ խնդիրներ են առաջ բերել, քանի որ չկա հստակ ձեւակերպում՝ ի՞նչ է այս գործողությունն իրենից ներկայացնում՝ արկածախնդրություն, քաղաքական պայքար, ահաբեկչություն, թե՞ այլ բան: Եթե սա որակենք որպես ահաբեկչություն, ԶԼՄ-ները որոշակի էթիկայի կանոնների խախտում են թույլ տալիս իրենց աշխատանքում՝ այդքան տեղ տալով «ահաբեկիչներին», հրապարակելով իրենց կոչերը, տեսանկարահանելով նրանց: Եթե քաղաքական պայքար սա դիտարկենք՝ այդ ամենը նորմալ է: Ինչպե՞ս պետք է ԶԼՄ-ները լուսաբանեն իրադարձությունները՝ խուսափելով անցանկալի հետեւանքներից եւ քիչ սխալներ անելու համար: Նա պատասխանեց. «Ահաբեկչություն եզրույթն օգտագործելը ավելի խորը խնդիրներ ունի: Այն ձեւակերպումները, որոնք կան մեր քրեական օրենսգրքում, բավականին նեղ են եւ հնարավորություն չեն տալիս տարբերակել տարբեր տեսակի զինված խմբերի գործողությունները»:

Նա ասաց, որ եթե գտնվեն հստակ իրավական ձեւակերպումներ, հեշտ կլինի ԶԼՄ-ների համար, բայց եթե չկան հստակ տարբերակումներ, բոլոր երեւույթները խառնվում են իրար. «Այս պայմաններում, հաշվի առնելով հանրային տրամադրությունները, խորհուրդ կտամ խուսափել ահաբեկչություն հասկացությունից՝ մանավանդ, որ մենք գիտենք, որ հարուցվել է քրգործ 2 հոդվածներով: Լավ կլինի հնարավորինս ընդհանուր ձեւակերպումներ օգտագործենք, կոնկրետ գործողությունը նկարագրենք ու ոչ թե երեւույթը, որի ետեւում կա՝ զինված խումբ, շենքի կամ տարածքի գրավում, այն, ինչը բոլորի համար հասկանալի է եւ վիճելի չէ»:

Annual awards ceremony dedicated to the 20th anniversary of Yerevan Press Club took place at Yerevan Chamber Theatre

Բորիս Նավասարդյանը խորհուրդ տվեց վիճելի թեմաներ չբացել, որը կպառակտի հասարակությանը, օրինակ՝ ովքեր են դա ահաբեկչություն որակում, ովքեր՝ ոչ. «Դա նոր թեմա դարձավ պառակտման համար, որը ոչ մեկիս պետք չէ: Եթե ժուռնալիստական էթիկայից խոսենք, սա կլիներ խնդրանքս՝ լրագրողներին: Հնարավորինս կոնկրետ փաստերի մասին խոսենք ու չփորձենք պիտակավորել»:

Մեր հարցին՝ զուգահեռներ են անցկացվում Հոկտեմբերի 27-ի հետ՝ ասելով, որ գրեթե նույն արտահայտություններն էլ Նաիրի Հունանյանն էր անում, որ ժողովուրդ ես իմը արեցի, եկեք հասեք, պարզապես Նաիրիի բախտը չբերեց այնքանով, որ այն ժամանակ ֆեյսբուք չկար եւ այսքան ԶԼՄ-ներ նրան հարթակ չէին տրամադրում՝ Բորիս Նավասարդյանն արձագանքեց. «Կողմ եմ, որ պատմական փաստերի վերլուծություն անենք, հասկանանք ինչ է կատարվում, բայց եթե անում ենք այդպիսի համեմատություններ, պիտի ամբողջությամբ վերլուծենք ու նշենք նաեւ տարբերությունները, հակառակ դեպքում երեւույթների խառնաշփոթ է դուրս գալու այդ ամեն ինչից: Երբ փորձում ես բացատրել մի երեւույթ՝ շատերի կողմից դիտվում է որպես արդարացում»:

Բորիս Նավասարդյանն ասաց, որ ոչ իշխանությունը, ոչ քաղաքացիական հասարակությունը, ոչ փորձագետները այսօր չեն կարող առաջարկել այնպիսի լուծում, որը հենված կլինի երեւույթի առանձնահատկությունների վրա. «Ընդհանուր բաներ են ասում՝ լավ կլինի բռնություն չլինի, բայց թե ոնց կարելի է դուրս գալ իրավիճակից՝ նման վերլուծություններ չեմ տեսել: Կան մարդիկ, որոնք փնտրում են նմանություններ Հոկտեմբերի 27-ի հետ, կան մարդիկ, որոնք գտնում են, որ այդ երեւույթները շատ տարբեր են»:

Մեր հարցին՝ Պուտինի կամ ընդհանրապես գերտերությունների դերակատարումը վերջին իրադարձությունների հետ կապված որքա՞ն է՝ նա պատասխանեց, որ անմիջական դերակատարություն չի տեսնում, բայց այս իրադարձություններում մեծ նշանակություն ունի ամեն ինչ, ինչ մեր շուրջը տեղի է ունենում. «Ամենաակնհայտը ղարաբաղյան խնդրի սրումն է, տնտեսական իրավիճակն է,որը անմիջականորեն կապված է նաեւ արտաքին կենտրոնների հետ մեր հարաբերություններից, ինքնիշխանության խնդիրն է ՀՀ-ի, որը նույնպես անմիջականորեն կախված է գերտերությունների հետ մեր հարաբերություններից: Այնպես որ, ես չեմ տեսնում որեւէ ապացույց , որը կխոսեր նրա մասին, որ սա անմիջապես արտաքին ուժերի կողմից կազմակերպված լինի, բայց սա ես տեսնում եմ որպես հետեւանք ՀՀ-ի եւ արտաքին աշխարհի հետ խնդիրների»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031