Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն առաջարկում է «Ալֆա» ջոկատ ուղարկել եւ նեղանում է, որ մենք փորձում ենք բանակցել». Արշակ Սադոյան (Տեսանյութ)

Հուլիս 26,2016 15:42

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին դրսի ուժերից օժանդակություն չի կարող լինել,-համոզված է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:

«Այլ է հարցը, որ «օժանդակություն» ասելով «հրահրել» հասկանանք… Բացի այդ, դրսից միակ օժանդակությունը մեր իշխանություններին Ռուսաստանի կողմից է` առաջարկում են «Ալֆա» ջոկատ» ուղարկել եւ նեղանում, որ մենք հետեւում ենք ԵՄ խորհուրդներին եւ փորձում ենք բանակցել: Ավելի լկտի եւ զզվելի բան չկա, քան այն, որ Կրեմլը փորձում է թելադրել ուժով լուծում, այն էլ` իրենց «Ալֆա» ջոկատներով: Մոսկվայի դարդուցավն է` հնարավորինս գումար աշխատել զենքի վաճառքից, ուստի արդյոք նա մտածո՞ւմ է իր ռազմավարական դաշնակից Հայաստանի մասին»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր ասաց Սադոյանը:

Ըստ նրա` Կրեմլի ճնշումը բավականին լուրջ է, բայց կա նաեւ երկրորդ ճնշումը` ժողովրդինը. «Հույս ունեմ, որ համաժողովրդական ալիքը թույլ չի տա, որ հայը հայի արյուն թափի, առավել եւս` ռուսը: Կրակի վրա որոշ ուժեր ջուր են լցնում, նրանց ձեռնտու է լարվածությունը»:

Արշակ Սադոյանի բնորոշմամբ` վերջին շրջանում, երբ խոսակցություններ եղան Արցախի հողերը հանձնելու մասին, բոլորը մեղադրում էին իշխանություններին, որ վերջիններս Կրեմլի ձեռքը կրակն են ընկել. «Մինչեւ հիմա շատերը փորձում են պարզել` ինչ է «Լավրովի պլանը»: Կարծում եմ` կռված տղերքի մոտ որոշ չափով սխալ պատկերացում կա. մտածում են, որ իրենց արյան վրա խաչ են քաշում, բայց մյուս կողմից էլ ցավալի է, որ իշխանության կողմից հստակ նկարագիր չի եղել»:

Սադոյանի կարծիքով` «Սասնա ծռերի» կատարած քայլը որոշ առումով անխոհեմ էր. «Որոշ հանգամանքներ հաշվի չէին առել, այդ պատճառով իզուր տեղը զոհ ունեցանք: Բնական է, որ որոշները պետք է պատժվեն, բայց հաշվի առնելով, որ պատանդներին բաց են թողել, այս ամենի անունը չի կարելի հենց այդպես «տեռորիզմ» դնել: Բարդ իրավիճակ է ստեղծվել: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի նոր բախումներ չլինեն, գրոհով փորձ չարվի վերցնել, քանի որ խումբը լավ զինված է»:

Արշակ Սադոյանը մեկնաբանեց նաեւ այն փաստը, որ իր որդին Խորենացի փողոցում մասնակցում է բողոքի ցույցերին. «Տղաս ու ես համակարծիք ենք` ամեն ինչ պետք է անել, որ արյուն չթափվի»:

Բանախոսն անդրադարձավ նաեւ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետեւանքով ստեղծված ներքաղաքական իրավիճակին. «Շատ ցավալի է, վատ եմ զգում, որ ՀՀ-ում չկային քաղաքական ուժեր, որոնք խնդրին որոշակի լուծումներ կառաջարկեին եւ ժողովրդին կառաջնորդեին: Բացի Նիկոլ Փաշինյանից` այլ քաղաքական գործիչների չտեսա»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՅ says:

    Բա իհարկե,Դրսի ՈՒժին էլ հենց դա է պետք,խառնել,ապակայունացնել իրավիճակը,որ հետո ինչ հրամայի այդպես էլ անեն:Չնայաց հիմա էլ համարյա նման իրավիճակ է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031