Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԽԱՊԿ-ն արձանագրել է լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 3 դեպք

Հուլիս 27,2016 14:42

2016 թ.երկրորդ եռամսյակը բուռն ժամանակահատված էր նոր Ընտրական օրենսգրքի եւ ընտրություններին առնչվող օրինագծերի փաթեթում լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթների քննարկումների առումով։ Ընդհանուր առմամբ այդ քննարկումները դրական արդյունքների չհանգեցրին։ ԽԱՊԿ-ն գործընկեր կազմակերպությունների հետ (Երեւանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն) համատեղ առաջարկություններ մշակեց ու ներկայացրեց իշխանությունների ձեւավորած աշխատանքային խմբին։ Այս փաստաթղթով նախատեսվում էր հրաժարվել բոլոր տեսակի անհիմն սահմանափակումներից։ Սակայն մայիսի 25-ին, երբ Ազգային ժողովը ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգիրքն ու դրա հետ ներկայացված օրենսդրական փաթեթը, պարզ դարձավ, որ երեք լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները խեղաթյուրվել են։ Ի վերջո ընդունվեց մի ընտրական օրենսգիրք, որը ԶԼՄ-ների գործունեությունն անհիմն սահմանափակող մի շարք դրույթներ է պարունակում։

Այս առումով միակ դրական փաստը կարելի է համարել այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի հետ մի փաթեթում ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումների եւ փոփոխությունների նախագծից հաջողվեց հանել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի համար նախատեսված լրացուցիչ պատժիչ լիազորությունը՝ հեռուստաընկերության լիցենզիայի կասեցումը։

2016 թ. երկրորդ եռամսյակի առանձնահատկությունը նաեւ այն էր, որ ընդդեմ լրատվամիջոցի ընդամենը մեկ նոր դատական հայց է ներկայացվել։ 2010 թվականին վիրավորանքի եւ զրպարտության համար պատասխանատվության ապաքրեականացումից հետո, երբ այդպիսի հայցերի տարափ սկսվեց, սա իսկապես բացառիկ երեւույթ է։

Միեւնույն ժամանակ արձանագրվեցին մի քանի աղմկահարույց դեպքեր, որոնց առնչությամբ քրեական գործեր հարուցվեցին որոշ լրատվամիջոցների («Analitik.am», «Hzham.am») ներկայացուցիչների նկատմամբ, ընդ որում ծանր մեղադրանքով՝ դրամաշորթություն։

Ի տարբերություն առաջին եռամսյակի՝ երկրորդում գրանցվեցին լրագրողների նկատմամբ մի շարք ֆիզիկական բռնություններ, ինչը թույլ է տալիս պնդելու, որ նման իրավախախտումների բացակայությունը որեւէ ժամանակահատվածում ոչ թե օրինաչափություն է կամ դրական միտում, այլ ընդամենը բացառություն։ Այսպես, երկրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 3 դեպք։

Երկրորդ եռամսյակում լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակը 10-ն է, ինչը երկու անգամ պակաս է, քան առաջին եռամսյակում։ Ընդ որում` դա պայմանավորված է նաեւ նրանով, որ, ինչպես նշվեց, կտրուկ պակասել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի եւ զրպարտության հիմքով ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների դատական հայցերի քանակը։

Դիտարկվող ժամանակահատվածում գրանցվել է տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի 5 խախտում, ինչը 5-ով պակաս է, քան նախորդ եռամսյակում։

XAPK_xaxtumner

Երկրորդ եռամսյակում, ինչպես եւ նախորդում, առաջընթաց չգրանցվեց 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում լրագրողների եւ օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների ու մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերով հարուցված քրեական գործում։ Նախաքննությամբ տուժող են ճանաչվել տարբեր ԶԼՄ-ների 21 լրագրող եւ օպերատոր, սակայն իրադարձություններից մեկ տարի անց գործով որեւէ մեղադրյալ կամ կասկածյալ չկա։ Ի տարբերություն սրա՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, «Հետք» ինտերնետային կայքի լրագրող Դիանա Ղազարյանի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերով հարուցված քրեական գործերն ուղարկվել են դատարան։

Ըստ ԽԱՊԿ-ի՝ «հունիսի 23-ի» եւ «դեկտեմբերի 6-ի» քրեական գործերի ճակատագրի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ առաջին դեպքում պատասխանատվության պետք է ենթարկվեն ոստիկանները, այդ թվում նաեւ՝ բարձրաստիճան, երկրորդում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ մեզանում, ինչպես հայտնի է, ընդունված չէ պատժել լրագրողների գործունեությունը խոչընդոտած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։

Աստիճանաբար տարածված երեւույթ է դառնում նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ԶԼՄ-ների աշխատակիցների հասցեին վիրավորական, զզվանք պարունակող արտահայտություններ կիրառելը։ Այս առումով տվյալ ժամանակահատվածում աչքի ընկան մի շարք հայտնի դեմքեր։ ՀՀ ոստիկանապետի`«1in.am» կայքի լրագրող Սիրանույշ Պապյանին հասցրած վիրավորանքն այս երեւույթի գագաթնակետն էր։ Ապրիլի 30-ին պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով Սիրանույշ Պապյանը դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Լրագրողի շահերը ներկայացնում է ԽԱՊԿ իրավաբանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031