Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունն սթափեցնում է նրանց, ովքեր չեն պատկերացնում՝ ինչ վատ կառավարվող երկրում են իրենք ապրում»

Հուլիս 28,2016 23:35

«Եթե ըստ իրենց պատճառահետևանքային կապերի ենք դիտարկում «Սասնա ծռեր» խմբի գործունեությունն ու իրականացրած գործողությունը, ապա սա գործողություն չէ մի խումբ մարդկանց կողմից իշխանություն զավթելու և երկրում ինչ-որ իրավիճակ ստեղծելու՝ սեփական քմահաճույքների կամ անձնական բարեկեցության համար, ինչպես որոշ վայ մարդիկ և վայ լրատվամիջոցներ են փորձում որակել: Սա գործողություն է երկրում թելադրված իրավիճակով, որը շատ ավելի տագնապալի է, քան այն, ինչ հիմա անում է «Սասնա ծռեր»-ը ՊՊԾ գնդում»,- «Երկու երես» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Նրա ձևակերպմամբ՝ «Սասնա ծռեր»-ի իրականացրած գործողությունը մեր հասարակության մի զգալի մասի ներքին ցանկությունների, մղումների, սպասումների նյութականացած տեսքն է:

«Այսօր շատ են խոսում քաղաքական մոտեցումներով, համերաշխության մթնոլորտում հարցերը լուծելու մասին, բայց այս տարիների ընթացքում, ինչ Սերժ Սարգսյանը նախագահում է մեր երկրում, բոլոր այդ տեսակ միջոցները փորձվել են (ընտրությունների միջոցով հասնել ինչ-որ արդյունքների, երկիրը փոխել, ավելի լավ վիճակ ստեղծել երկրի համար, քաղաքական մոտեցումներով փորձել ինչ-որ բաների հասնել), բայց տեսել ենք, որ ստեղծված է մի այնպիսի համակարգ, որ բոլոր ողջամիտ, դեմոկրատական, քաղաքական մոտեցումները, փաստորեն, դատապարտված են:

Որքան էլ ցավալի է, այնուամենայնիվ պետք է նշել, որ, ըստ էության, միակ տարբերակը մնում էր այն, ինչ արել են «Սասնա ծռեր» խմբի անդամները: Գուցե միջոցների մեջ ինչ-որ դատապարտելի բան գտնեն մարդիկ, գուցե գործողության ինչ-ինչ փուլերում լինեն դատապարտելի բաներ, բայց ընդհանրության մեջ նրանք արել են այն, ինչ կուզեինք անել երևի թե մեծ մասս, եթե ունենայինք հնարավորություն, ինչու չէ նաև խիզախություն ու կամք»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Ինչ վերաբերում է տարբեր մարդկանց պահանջ-հորդորներին, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները պետք է ողջամտություն դրսևորեն, արյուն չթափվի և այլն, Նիկողոսյանը կարծում է, որ դրանք նախևառաջ պետք է իշխանություններին ուղղվեն:

«Առաջին օրվանից սկսած՝ տեսանք, որ եթե կար մեկը կամ մի խումբ, որը սրում էր երկրում իրավիճակը, մեր իշխանություններն էին՝ ոստիկանության ամենատարբեր գործողություններով: Հենց առաջին օրը տեսանք բազմաթիվ անօրինական ձերբակալություններ, երեկ էլ, դրա նախորդ օրն էլ:

Ինչո՞ւ եմ ասում՝ սա սրում է: Որովհետև մեր երկրում մի խավ կա, որն անտարբեր է բոլոր իրադարձությունների հանդեպ, իր համար հանգիստ ապրում է: Այդ մարդկանց փողոցներից տանելը, ձերբակալելը նյութականացած զգացնել է տալիս, թե իրենք իրականում ինչ երկրում են ապրում: Իշխանությունը սթափեցնում է բոլոր նրանց, ովքեր չեն պատկերացնում՝ ինչ վատ կառավարվող երկրում են իրենք ապրում, որպեսզի նրանք էլ սկսեն պայքարել այդ նույն իշխանության դեմ»:

Դառնալով հաճախ հնչող այն մտահոգություններին, թե այս նեղ վիճակում սրում են մեր երկրի ներքին քաղաքական կյանքը, դրանից կարող են օգտվել մեր թշնամիները, Նիկողոսյանն ասաց, որ այդ կոչ-հորդորները ևս պետք է իշխանություններին հասցեագրել:

«Ինչո՞ւ պետք է «Սասնա ծռեր»-ը, ցուցարարները, ՀՀ քաղաքացիներն անընդհատ մտածեն վիճակը չսրելու մասին, իսկ իշխանությունները չպե՞տք է մտածեն: Իշխանությունները նախևառաջ պիտի դրա մասին մտածեն և երկրում այնպիսի մթնոլորտ, իրավիճակ ստեղծեն, որ նման գործողություններ չկատարվեն: Իր երկիրը սիրող իշխանությունը չէր վարվի այնպես, ինչպես մեր իշխանություններն են վարվում վերջին տարիներին և հատկապես վերջին տասներկու օրերին»,- եզրափակեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031