Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը լավը չի լինում, ստիպիր դառնա լավը քո համար». «ԳԱԼԱ»-ի սեփականատեր

Հուլիս 28,2016 23:59

Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր, «ԳԱԼԱ» կուսակցության նախագահ Վահան Խաչատրյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի ձերբակալմանն, ասաց. «Իշխանությունները վախենում են Լևոն Բարսեղյանի բավականին խարիզմատիկ կերպարից, վախենում են նրանից, որ այս մարդն անկանխատեսելի է իրենց համար, չի կառավարվում իրենց կողմից: Եվ առհասարակ վախենում են ցանկացած չկառավարվող, չենթարկող մարդուց, ազատ խոսքից, ազատ վարվելակերպից… Լևոն Բարսեղյանի մասնակցությամբ վերջին միտինգի ժամանակ նրա հնչեցրած վերջին խոսքը շատ հյութալի էր, դիպուկ: Կարծում եմ՝ դա պատճառ դարձավ, որ նրան առևանգեն ու այդպիսի անհեթեթ մեղադրանքով պահեն»:

Մեր հարցին, թե ծալովի դանակ բոլորն էլ պահում են, ուրեմն բոլորին մեղադրանք պիտի առաջադրե՞ն, Վահան Խաչատրյանն ասաց. «Սա ծայրահեղ միջոց է, երբ իշխանությունը հասկանում է, որ իրեն ինչ-որ բան է սպառնում, մոռանում է դեմքի այն գեղեցիկ ժպիտը, վարվելակերպը, որ մինչ այդ փորձում էր ցույց տալ, թե ինքը լավն է, դեմոկրատ է և այլն, և այլն: Հենց որ իշխանությանը սպառնում է ինչ-որ վտանգ, անցնում է շատ բիրտ մեթոդների և արդեն չի մտածում իր վաղվա օրվա, վաղվա իմիջի մասին, որովհետև իշխանությունը ոչ թե իր գործելաոճի ու իմիջի մասին է մտածում, այլ նյութականի, իր աթոռի ու դրանից բխող բոլոր հետևանքների մասին»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ Լևոն Բարսեղյանին ձերբակալելով՝ ընդվզումը, բողոքի ակցիաները կտեղափոխվեն երկրորդ քաղաք, Վահան Խաչատրյանն ասաց. «Միանշանակ այդպես եմ կարծում, և պատրաստվում ենք դրան. ցանկացած մարդու, որին մեր միջից առևանգում է իշխանությունը, ես այդպես եմ բնութագրում, մենք այդ մարդուն պետք է փոխարինենք երկու-երեք նոր մարդկանցով: Սա երկարատև պատերազմ է, երկարատև ճակատամարտ է, և սահմանի այն հատվածը, որը որ մնում է այսպես ասած անտեր այդ մարդու առևանգումով, պետք է լրացվի երկու-երեք նոր զինվորներով, որպեսզի այդ հատվածներից հակառակորդը չկարողանա ներխուժել մեր տարածք, մեր ազատ տարածք: Եվ մենք պետք է պատրաստ լինենք՝ ցանկացած մեկիս, որին որ ձերբակալում են, փակում են, առևանգում են, տանում են, հաջորդ երկուսը, երեքը կարողանան պահել,  ձերբակալեցին այդ 2- 3-ին, հաջորդը 5-6-ը գրավեն այդ տեղը և պահեն սահմանը, որպեսզի հակառակորդը չկարողանա ներս մտնել մեր ազատությունների տարածք»:

Մեր զրուցակի ասելով, ցանկացած ժամանակաշրջանում  էլ իշխանությունը կփորձի կիրառել իր բիրտ մեթոդները: «Մեկ բան է, որ իշխանությունը կարող է ներկայանալ, իմիտացիա անել դեմոկրատ երևալու ինչ-ինչ կառույցների, որոնցից որ սնվում են, ես նկատի ունեմ միջազգային կառույցները, բայց իշխանությունը ինքն իրենով արդեն ուժի խորհրդանիշ է, իշխանությունը միշտ կփորձի իր ուժը գործադրել,  ուժի միջոցով հարցերը լուծել: Խնդիրն այն է, թե մենք ինչքանով թույլ կտաք իրեն այդ ուժը կիրառել մեր նկատմամբ: Մենք էլ պետք է մեր ուժը ցույց տանք ու մեր ուժը հակադրենք իշխանության ուժին: Իշխանությունը լավը չի լինում, վաղը ես կարող եմ լինել իշխանություն, բայց ես էն գլխից ասում եմ, որ ինչ-որ մեկը պետք է դիմակայի նաև ինձ, որպեսզի ես լավը լինեմ, լավ իշխանություն լինեմ: Նույնը մենք պետք է պահանջենք այս իշխանություններից, մենք պետք է ստիպենք, որ իրենք լինեն լավը մեզ համար, աշխատեն մեզ համար և ոչ իրենց բարեկեցության»,-ասում է ԳԱԼԱ-ի սեփականատերը:

Վահան Խաչատրյանի քաղաքական գնահատականները մեր երկրում կատարվող իրադարձություններին կհրապարակենք առաջիկայում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031