Լրահոս
Օրվա լրահոսը

 «Չես ասում` էսքան երեխաներին ո՞նց եմ պահում, ասեց` գնամ կգամ, գործեր ունեմ»

Հուլիս 29,2016 14:30

«4 երեխա ունենք. փոքրս տղաս է, որը այդ ժամանակ 6 տարեկան էր ու դպրոց դեռ չէր գնում: Նա հիմա արդեն 31 տարեկան է, ամուսնացած, մեկ որդի ունի եւ ամուսնուս անունն է կրում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում էր 1990-ական թվականների Արցախյան հերոսամարտի ժամանակ անհետ կորած Մարտիկ Նադարյանի կինը` Արմանուշ Նադարյանը:

Տիկին Արմանուշը տղայի ընտանիքի հետ է ապրում, իր ամուսնու հայրենի տանը` Արարատի մարզի Արարատ գյուղում:

«1989 թվականին Արցախյան շարժումը որ սկսվեց, ամուսինս Ռուսաստանում էր, որ լսեց այդ շարժման մասին՝ թողեց, հետ եկավ ու գնաց Երասխավանի պաշտպանությանը մասնակցեց մինչեւ 1992 թվականը: Երասխում կռվելու ժամանակ 3 օր տուն չէր եկել` կռվում էր, այդ օրը եկավ, որ հանգստանա, այն ժամանակ ջուր չկար, լույս չկար, մի կերպ ջուր էի տաքացրել, որ գար լողանար, բայց չհասցրեց նույնիսկ լողանա: Երբ տուն եկավ, հետեւից դարպասը ծեծեցին, կանչեցին` Սահակ, այդպես էին մտերիմները անվանում նրան, իր մարտական ընկերները եկան, ասեցին, որ շուտ կանչում են` արագ արի: Այդպես էլ՝ առանց շունչ քաշելու, գնաց միանգամից Լաչին: 12 օր գիշեր-ցերեկ կռիվներում հոգնած, ո՞վ գիտի՝ հիմա ծարավ են եղել, սոված: Սեպտեմբերի 28-ին` 12-րդ գիշերը, թշնամու կողմից հարձակումը սկսվել է, որից հետո 3 հոգու դիակներ բերեցին, 8 հոգի էլ անհետ կորան, որոնց մեջ նաեւ Սահակն էր»,- պատմում էր տիկին Արմանուշը:

Նրա խոսքով` մինչեւ օրս ոչ մի տեղեկություն չունեն` սպասումների մեջ են:

Շատ մեծ դժվարությամբ 4 երեխաներին մեծացրած տիկին Արմանուշին այդ ժամանակ օգնել են նրա սկեսրայրն ու սկեսուրը, բայց այդ հարցում էլ տիկին Արմանուշի «բախտը», այսպես ասած, չի բերել` մեկ տարի անց, վշտին չդիմանալով, մահացել է Սահակի հայրը, իսկ մայրը` 10 տարի անց:

Արմանուշի խոսքով` կյանքը նվիրել է երեխաներին, չի մտածել երկրորդ անգամ ամուսնանալու մասին, չնայած դժվար է եղել երիտասարդ այրի կնոջ համար այդ տարիներին պահել եւ մեծացնել երեխաներին, բայց ինչպես նա է ասում` կյանք է, ամեն բան էլ պատահում է, ի՞նչ արած, պետք է ապրել. «Անցա Արարատի ցեմենտի գործարանում աշխատելու, որտեղ մինչեւ հիմա էլ աշխատում եմ»:
Տիկին Արմանուշը ամուսնու հետ ապրել է ընդամենը 12 տարի. «Լավ ամուսին եւ լավ հայր է եղել, սպորտով էր զբաղվում` ծանրամարտով: Տղայի հետ էլ սպորտով էր զբաղվում, ամեն օր 3 կիլոմետր վազում էին, ասում էր` տղայիս մեծ սպորտսմեն եմ դարձնելու, բայց տղաս ընտրեց իրավաբանությունը»,- պատմում է տիկին Արմանուշը:
Նրա խոսքով` ամուսնուց հիշողությունը երեխաներն են, որ մնացել են որպես հետնորդ: «Երեխաներին շատ էր սիրում, սիրում էր նրանց լողացնել, շաբաթը 2 անգամ ձկան խորոված էր անում նրանց համար. մինչեւ հիմա երեխաները դեռ հիշում են այդ խորովածի համը»,- նշում է անհետ կորածի կինը եւ ավելացնում, որ ամուսնու սիրած կերակուրն էլ տոլման էր:

Martik_Nadaryan_2

Սահակի կինը պատմում էր, որ այս տարվա ապրիլյան մարտերին տղան էլ է ցանկացել գնալ Արցախ, բայց մայրը դեմ է եղել. «Ես այդ ապրումները ապրել եմ, չէի ցանկանա, որ նույնը լիներ իր երեխայի, իմ հարսի հետ, ես չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն: Թող ոչ մի երեխա որբ չմնա, ապրեն իրենց հայրիկով, մայրիկով, իրենց ընտանիքով»,- ասում է տիկին Արմանուշը եւ ավելացնում, որ ամուսնուն անորոշության մեջ սպասելն էլ է վատ. «Երբ զոհված է լինում, դու էլի գնում ես գերեզման, խունկ ես ծխում, թեթեւանում ես, բայց այսպես…»:

Տիկին Արմանուշը պատմում է, որ հաճախ է երազում ամուսնուն տեսնում. «Այդ ժամանակ աչքերս պինդ փակում եմ, որ տեսնեմ, թե ոնց է շարունակվում երազս, քանի որ երբ բացում եմ՝ մոռանում եմ տեսածս:

Անընդհատ մտքիս մեջ էր, որ տեսնեմ ու հարցնեմ, թե այսքան ժամանակ որտե՞ղ էիր, ո՞նց էիր, նույնիսկ այդ հարցը երազիս մեջ հարցրել եմ, պատասխանել է` «Ես գնամ, կգամ, գործեր ունեմ, դեռ չեմ վերջացրել»: Նույնիսկ ասել եմ` չես ասում, որ էսքան երեխաներին ես ո՞նց եմ պահում, ասում է` «Գիտեմ, բայց չեմ կարողանում գալ, գործեր ունեմ», ու այդպես թողնում գնում է, դրանից հետո էլ ոչ մի բան չի պատասխանում»,- պատմում է տիկին Արմանուշը եւ նշում, որ վերջին մխիթարանքը եւ ուրախությունը երեխաներն ու թոռնիկներն են:

1990-ական թվականների Արցախյան հերոսամարտի ժամանակ անհետ կորածներ շատ եղան, որոնցից մեկը Վաչագան Շահնազարյան էր, որը 22 տարեկանում զենք է վերցրել եւ մեկնել է Արցախ ու այդպես էլ չի վերադարձել:

«Նրան նույնիսկ ազատել էին զինվորական ծառայությունից, նա 2 ավագ եղբայր ուներ, ծառայել էին, եւ այդ ժամանակ օրենք կար, որ երրորդ տղային ազատեն բանակից, բայց նա ասաց` իմ արյունը իրենց արյունից ավելի կարմիր չէ, պետք է գնամ»,- մեզ հետ զրույցում պատմում էր Վաչագանի քույրը՝ Աստղիկ Շահնազարյանը:

Martik_Nadaryan_1

Նրա խոսքով` Վաչագանի հետ նրա ամուսինն էլ է մեկնել պատերազմ. «Բայց ամուսինս հետ եկավ, իսկ եղբայրս` ոչ: Այդ օրը իրար հետ չեն եղել: 1994 թվականին Օմարի լեռնանցքի գրավման ժամանակ անհետ կորավ»,- նշում է տիկին Աստղիկը եւ ավելացնում, որ բազմիցս տարբեր տեղեր են դիմել, բայց ոչ մի լուր. «Այսքանից հետո էլ հույս էլ չկա, 25 տարի այդ մարդը չկա, որ լինի էլ, չգիտեմ՝ ի՞նչ վիճակում կլինի»:
Տիկին Աստղիկը եղբոր դիմանկարը մեծացրել եւ իր ձեռքով գոբելենագործ դիմանկարը փակցրել է պատին. «Այժմ նրանից այս նկարն է հիշատակ մնացել, մեկ էլ մի ծեր մայր, որ ես եմ պահում: Ինձ համար շատ դժվար էր եղբորս դիմապատկերը գոբելեն գործել, անընդհատ ինձ թվում էր, որ դրանով նրա դեմքն եմ ծակծկելու: Հետո տեսա, որ շատերն են գործել` ես էլ սկսեցի գործել, որը ինչ-որ տեղ մեզ համար եւ զբաղմունք է, եւ այն մարդու հիշատակի համար է, որը այսօր մեր կողքը չէ»:

Նշենք, որ անհետ կորած Մարտիկ Նադարյանի կնոջ եւ Վաչագան Շահնազարյանի քրոջ հետ զրուցել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Տաթեւի վանական համալիրում անհետ կորածի հիշատակի օրվա կապակցությամբ կազմակերպված ցուցադրության ժամանակ:

Ի դեպ, 1992-1994 թվականներին Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով կան մոտ 4500 անհետ կորած անձինք, որոնց գրանցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

28.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031