Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Եթե այսօր խնդիրը խաղաղ չլուծվի, անհատական վենդետաներ են սկսվելու». (Տեսանյութ)

Հուլիս 29,2016 20:25

«Զարմացած եմ, որ Սերժ Սարգսյանը չհաջողեց իր այս արկածախնդրության մեջ: Շատ տարօրինակ է: Լրատվամիջոցների եւ հանրության գործը կարեւոր էր: Իշխանությունը երեւի որոշեց նահանջել, իրենց նպատակն ինձ մեկուսացնելն էր»,-այսօր «Մեդիա Կենտրոնում» ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որին օրեր առաջ Խորենացի փողոցից բերման էին ենթարկել ոստիկանություն:

Լեւոն Բարսեղյանն ասաց, որ իրավապահ մարմինները նաեւ տղայի բնակարան էին գնացել՝ խուզարկության. «Ես տուն չունեմ, տղայիս տանն եմ ապրում: Գնացել էին, դուռ փակ էր: Սա իրենց 2-րդ կոպիտ սխալն է, որովհետեւ ես տանը ահռելի զինանոց ունեմ, որին հաստատապես կզիջի Սուրիկ Խաչատրյանի զինանոցը, իրենց գլխակեր օլիգարխների զինանոցը ստից բան է իմ ունեցածի համեմատ, առանց հեգնանքի եմ ասում»:

Լեւոն Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանն ասաց, որ Բարսեղյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, այսինքն, իրավապահ մարմինները գտել են, որ Բարսեղյանի մոտ եղած դանակը սառը զենք չէ:

Լեւոն Բարսեղյանն ասաց, որ այսուհետ բոլորը կարող են նմանատիպ  դանակ ունենալ, քանի որ այն քրեորեն պատժելի չէ:

Բարսեղյանի խոսքերով՝ այդ դանակը միշտ իր հետ է, եւ քանի որ ինքը միշտ ճանապարհներին է , ուղղակի, հաց, երշիկ  կտրելու, ու նմանատիպ բաների համար է պետք գալիս:

«Էդ միլիցեքը գլխի չէին ընկել, որ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկելուց առաջ իմ մոտ նույն դանակն էր հայտնաբերվել: Արձանագրել էր ու վերադարձրել ինձ, ասել էր, որ ունեք այդ իրավունքը»,-ասաց Բարսեղյանը

Նրա պատմելով, երբ իրեն ամսի 27-ին տարել են Շենգավիթի ոստիկանություն, խուզարկել են, հարցաքննել, նա ոստիկանների հարցերին չի պատասխանել, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, ու հենց այնտեղի ոստիկաններն էլ գտել են դանակն ու, ինչպես Բարսեղյանն ասաց՝ շատ ուրախացել: Ապա` Շենգավիթի ոստիկանությունից քաղաքացիական հագուստով անձինք Լեւոն Բարսեղյանին տարել են Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին:

Մանրամասները` տեսանյութում

Լեւոն Բարսեղյանի խոսքերով՝ Շենգավիթի եւ Կումայրիի ոստիկանությունում իր հետ անմարդկային են վերաբերվել. ոստիկանները դիտավորյալ թույլ չեն տվել զուգարան գնալ, ջուր չեն տվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Բարսեղյանը մի ուշագրավ դրվագ պատմեց Խորենացի փողոցի բերման ենթարկելու ընթացքում ոստիկանական մեքենայում տեղի ունեցածի մասին. ոստիկանական մեքենայում բերման ենթարկվողների իրերը հավաքել եւ մի պարկի մեջ էին լցրել, երբ մի մարդու հեռախոսը զանգել է, նա ոստիկանին խնդրել է հեռախոսը միացնել եւ դնել իր ականջին, որպեսզի տանեցիներին ասի, թե որտեղ է, իսկ ոստիկանը պատասխանել է. «Արա ձենդ կտրի, հեսա եկա հետեւիդ վրա մուկ եմ նկարելու: Էդ մարդն էլ ասաց՝ լսի, այ ընկեր, վարչապետդ գիտի՝ դու ինչ նկարչությամբ ես զբաղվում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լեւոն Բարսեղյանն ասաց, որ անցյալ տարի Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ խոսելիս ասել է՝ « 4 անգամ ասել եմ՝ իշխանությունները պետք է երջանիկ լինեն, որ մարդիկ զենք չեն վերցնում: Օսիպյանն էլ ասաց՝ գնացեք՝ վերցրեք, ես ձեզ ասում եմ՝ գնացեք՝ վերցրեք: Իրենց թվում է, հենց այնպես, բառեր է, ասում ենք: Չեն հասկանում»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ըստ Լեւոն Բարսեղյանի, իշխանությունը չի ուզում բանակցել. Տարիներ շարունակ ասվել է, այս խնդիրները կան, լուծեք խնդիրները, բայց ոչինչ չի արվել. «Մի քանի անգամ ասել եմ, եթե խնդիրները չլուծվեն, մարդիկ գնալու են ռադիկալ քայլերի: Ասել եմ՝ եթե այս խնդիրը խաղաղ չեք լուծում, ապա հաջորդ անգամ այսպիսի գործողություն չի լինելու՝ բաց երեսներով, առանց պատանդների, չի լինելու բանակցելու հրապարակային կոչեր, սկսվելու են վենդետաներ, դալաններում, «պադյեզդներում» սկսելու են  անհատական վրեժներ լուծել, սա աշխարհի փորձն է, ես նոր բան չեմ ասում»:

Պարոն Բարսեղյանը դիմելով ՀՀ իշխանություններին, մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ասաց՝«Քաղաքական բանակցությունների սկիզբ դիր, չեմ ասում  նրանք (նկատի ունի Սասնա ծռերին) քրեական հանցագործություն չեն գործում, բայց նրանք պատանդին ազատել են, հաջորդ օրը դուք նրանց զրկել եք հաց ու ջրից:  Ժամանակը չէ՞ վերանայես քո վերաբերմունքը երկրի նկատմամբ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031