Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ասատրյանի «Մողնու Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Նշան եկեղեցիները» գիրքը

Հուլիս 30,2016 13:30

«Ներկայիս Վրաստանի Հանրապետության տարածքում հայերն ապրում են սկսած անհիշելի ժամանակներից եւ առաջին հիշատակումներն առկա են տակավին վաղ միջնադարում, քրիստոնեության սկզբնավորման ու տարածման շրջանում: Մինչեւ 7-րդ դարի սկիզբը, երբ քաղաքական ճնշումների արդյունքում Վրաց եկեղեցին վերջնականապես բաժանվեց Հայոց եկեղեցուց եւ ընդունեց քաղքեդոնական դավանանքը, վրաց կաթողիկոսները ձեռնադրվել են հայոց կաթողիկոսների կողմից: Երկու հարեւան ժողովուրդների եկեղեցիների իրավական բաժանումը կատարվել է հայոց Աբրահամ Ա Աղբաթանեցի կաթողիկոսի (607-615թթ.) շրջաբերական վավերագրով: Հայ հոգեւորականությունը թեեւ Վրաստանում գործել է դեռեւս վաղ միջնադարում, սակայն ըստ պատմական տեղեկությունների՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կազմավորվել (գուցե վերակազմավորվել) է միայն 12-րդ դարում: Վիրահայոց թեմի առաջնորդ է հիշատակվում Բարսեղ (Բասիլիոս) արքեպիսկոպոսը, որը 1178թ. մասնակցել է Հռոմկլայի եկեղեցական ժողովին: 13-րդ դարում թեմի առաջնորդանիստը Տփխիս (Թիֆլիս) քաղաքի Կաթողիկե Սբ Գեւորգ եկեղեցին էր՝ կառուցված 1251թ. հայազգի իշխան Ումեկի կողմից: Թիֆլիսի հին հայկական եկեղեցիներից հայտնի են Հրեշտակապետացը (կառուցված 754թ.), Հարանց վանքը (կառուցված 931թ.), Բեթղեհեմի Սբ Աստվածածինը (կառուցված 13-րդ դար) եւ շատ ուրիշներ, որոնք ոչ միայն հայ համայնքի հավաքատեղիներ են եղել, այլեւ մշակույթի, դպրության ու գրչության խոշոր կենտրոններ:Վրաստանում դեռեւս վաղ միջնադարում գործել են հայ ճարտարապետներ եւ քարգործ վարպետներ, որոնք կառուցել են ոչ միայն հայկական, այլեւ վրացական եկեղեցիներ: Նրանք, ներդնելով իրենց փորձն ու հմտությունը, ստեղծել են ճարտարապետական հիասքանչ կոթողներ:

Այսպես, 7-րդ դարում հիշատակվում է հայ ճարտարապետ Թոդոսակը եւ ուրիշներ: Հայերի շինարարական գործունեությունը հատկապես նկատելի է եղել մայրաքաղաք Թիֆլիսում: Բավական է նշել, որ այստեղ նրանք ուշ միջնադարում կառուցել են շուրջ երկու տասնյակից ավելի հայկական եկեղեցիներ: Ըստ արխիվային վավերագրերի վկայության՝ 1817թ. Թիֆլիսում հայ համայնքն ունեցել է 25 հայկական եկեղեցի: Այս թիվն անփոփոխ է մնացել մինչեւ Վրաստանի խորհրդայնացումը: Այսպես, 1904թ. դրությամբ եւս Թիֆլիսում գործել են 25 Հայ առաքելական եկեղեցիներ, որոնք բաժանված են եղել երկու գործակալությունների միջեւ: Հայկական եկեղեցիները գործել են հին Թիֆլիսի բոլոր թաղամասերում (Քարափի, Հավլաբար, Կուկիա, Չուղուրեթ, Խարփուխ եւ այլն): Ըստ 19-րդ դարում կազմած Թիֆլիսի հատակագծի, նկատելի է, որ հայկական եկեղեցիների գերակշիռ մասը եղել է քաղաքի կենտրոնական մասում: Ներկայումս նրանցից պահպանվել է 14-ը, իսկ մնացածները քանդվել են 1930-ական թվականներին: Հարկ է նշել, որ 1837թ. Վրաստանում գործել է շուրջ 200-ից ավելի հայկական եկեղեցի»,- ասված է առաջաբանում:

Նաեւ նշվում է, որ հայ բնակչության առաջին նշանակալից գաղթը դեպի Վրաստան տեղի է ունեցել 8-րդ դարում՝ արաբների տիրապետության ժամանակ բռնկված ապստամբությունների պատճառով. «853թ. Տփխիսի հայ բնակիչները վրացիների հետ համատեղ պաշտպանել են քաղաքը արաբական Բուղա զորավարի ասպատակությունից: Սակայն հայերի զանգվածային գաղթը Վրաստան հիմնականում կատարվել է Բագրատունյաց հայկական թագավորության վերացումից եւ Անիի անկումից հետո: Հարեւան երկիրը հենարան ու պատվար է դարձել հայրենի հողն ազատագրելու համար մղվող պայքարում: Հետագայում, վրաց Թամարա թագուհու օրոք (1184-1213թթ.) հայերը Վրաստանում ունեցել են բավականին ազդեցիկ դիրք եւ կարեւոր դեր են կատարել երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում: Վրացական զորքերի գլխավոր հրամանատարը՝ ամիրսպասալարը, եղել է հայազգի իշխան Զաքարե Երկայնաբազուկը, իսկ նրա եղբայրը՝ Իվանեն ղեկավարել է երկրի քաղաքացիական իշխանությունը (աթաբեկությունը): Արդեն, 18-րդ դարում Թիֆլիսի 20 հազար բնակչից 14 հազարը եղել են հայեր, 2000-ը՝ վրացի, 500-ը՝ կաթոլիկ հայեր եւ այլն: 19-րդ դարի ակզբում քաղաքի 2000 բնակելի տներից մոտ 1800-ը պատկանել են հայերին…Վրաստանի մայրաքաղաքի ամենահայտնի եւ պատմական տարեգրությամբ հարուստ հայկական եկեղեցիներից են Մուղնու Սբ Գեւորգն ու Սբ Նշանը: Առաջինը կառուցվել է 1356թ. եւ անընդմեջ գործել մինչեւ 1930-ական թվականներն ու փակվել Ստալինյան հակակրոնական քաղաքականության հետեւանքով: Շինությունը մինչեւ 1989թ. ծառայել է որպես Ժողովրդական արվեստի թանգարան: 1990-ական թվականներից վրաց իշխանությունները եւ եկեղեցու պահպանությանն ու վերականգնմանը կոչված համապատասխան կազմակերպություններն այն լրիվ մատնել են անուշադրության, եւ եկեղեցին, աստիճանաբար ստանալով վտանգավոր ճաքեր, սկսել է փլուզվել: Եկեղեցու դրությամբ մտահոգված հայ հասարակության եւ Վիրահայոց թեմի բազմաթիվ ահազանգները մնացել են անպատասխան: Կիսաքանդ եկեղեցին վերջնականապես փլուզվել է 2009թ. նոյեմբերի 19-ին:

Սբ Նշան հայկական եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի կեսերին (հիմնովին վերակառուցվել 1703-1720թթ.) եւ գործել է մինչեւ 1930-ական թվականները: Փակվել է 1931թ.: Հայրենական մեծ պատերազմի տարիներին եկեղեցին ծառայել է որպես սննդամթերքի պահեստ, իսկ ավելի ուշ՝ վերածվել է Ազգային գրադարանի գրապահոցի: Վրաստանի անկախացումից հետո եկեղեցին հայտնվել է բարձիթողի վիճակում, կից կառուցվել են անօրինական բնակելի շինություններ: 2002թ. հոկտեմբերի 20-ի գիշերը եկեղեցու ներսում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով թափվել են եկեղեցու ներսի սվաղի շերտերը, որոնք մեծ մասամբ եղել են որմնանկարազարդ: Այդ աշխատանքները հայ որմնանկարչության ուշագրավ օրինակներ էին: Սբ Նշան եկեղեցին 2012թ. հունվարի 3-ին եւ 7-ին, անհայտ հանգամանքներում, ենթարկվել է իրար հաջորդող երկու նոր հրդեհումների, որի պատճառով փլուզումներ են առաջացել»:

Հեղինակը գրում է, որ Թբիլիսիի Մուղնու Սբ Գեւորգ եւ Սբ Նշան եկեղեցիներին տարբեր ժամանակներում անդրադարձել են մի շարք ուսումնասիրողներ: Ուշագրավ են բազմավաստակ գիտնական Պարույր Մուրադյանի աշխատությունները, որոնցում նա ներկայացրել է այդ եկեղեցիների հիմնադրման, կառուցման եւ վերանորոգումներին վերաբերող տեղեկություններ, ի մի է բերել վիմագիր արձանագրությունները եւ հակիրճ նկարագրել է դրանց պատմական տարեգրությունը: Ըստ Արմեն Ասատրյանի, արժեքավոր են Սարգիս արք. Ջալալյանցի, պատմաբան Ալեքսանդր Երիցյանի, Գյուտ Աղանյանի, Գրիգոր ավ. քհյ. Մանդակունու եւ այլոց գրվածքները այդ եկեղեցիների մասին: Սբ Նշան եկեղեցու տարեգրությանն անդրադարձել է Ս. Կարապետյանը: Մուղնու Սբ Գեւորգ եկեղեցու վավերագրությունը հակիրճ ներկայացրել է Արմեն Ասատրյանը: Իսկ այդ եկեղեցիների ճարտարապետությունն ուսումնասիրել է Մ. Հասրաթյանը:
Արմեն Ասատրյանը հավելում է. «Առաջին անգամ բավականին մանրազննին ներկայացվում է հայկական այդ երկու փառահեղ եւ ուշագրավ եկեղեցիների պատմությունն ու տարեգրությունը: Նպատակադրվել ենք առավել ընդգծել դրանց ճանաչողականությունը, վերանորոգման անհրաժեշտությունը եւ Հայ առաքելական եկեղեցուն վերադարձնելու պահանջը: Այդ եկեղեցիների վերաբացումը կնպաստի հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանը»:
Սեփ. լր.

«Առավոտ»

29.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031