Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ իս՝ ոչ թե «Սասնա ծռեր» խմբի արարքն է քաղաքական բողոք, այլեւ տեղի ունեցած հանցանքի շարժառիթը

Հուլիս 30,2016 17:00

Որքան կտեւի խմբի պաշարումը եւ մարդաորսությունը

Բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, քաղաքական գործիչներ ու հասարակության անդամներ այն կարծիքին են, որ «Սասնա ծռեր» խմբի գործած արարքը քաղաքական ակցիա է կամ քաղաքական բողոք՝ ընդդեմ իշխանությունների կամայականությունների եւ անարդարությունների:
Ոմանք էլ դատապարտում են արարքը, այն որակելով ահաբեկչություն: Իսկ միջադեպից հետո սադրիչ ուժերը հրահրելով զանգվածային անկարգություններ՝ փորձում են ահաբեկչության հատկանիշներ սարքել (գնդի տարածքում ավտոմեքենաների հրկիզում, Խորենացու փողոցում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում):

Հիմա դիտարկենք այս հարցերը:

1. Ահաբեկչությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217 հոդված, ըստ հանցագործության օբյեկտիվ կողմի՝ կատարվում է ալտերնատիվ՝ այլընտրանքային երկու գործողությամբ.

ա) պայթյուն եւ հրկիզում կամ այլ գործողությամբ, որը առաջացրել է մարդկային զոհեր, բնակչության համար ստեղծել է վտանգ, զգալի գույքային վնաս է պատճառել կամ այլ ծանր հետեւանքներ է առաջացրել,

բ) հիշյալ գործողությունները կատարելու սպառնալիքը:

Այլ գործողությունները դրանք տարբեր բնույթի այն գործողություններն են, ինչը կարող է առաջացնել այն հետեւանքները, ինչպիսիք պայթյունն ու հրկիզումը, ատոմային կամ ուժեղ ներգործող նյութերի օգտագործումը, կատաստրոֆաներ ու վթարներ առաջացնելը, տեխնոլոգիական պրոցեսների խափանումը եւ այլն:
«Սասնա ծռեր» խմբի գործողությունները (ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը եւ հետեւանքները) զուգորդված չեն եղել պայթյունով կամ հրկիզումով եւ ուղղորդված չեն եղել պետության ու հասարակության շահերի վնասմանը, հետեւաբար բացակայում է ահաբեկչություն հանցագործության օբյեկտիվ կողմը կամ հանցակազմը:

2. Քաղաքական բողոք կամ քաղաքական ակցիա

ՀՀ սահմանադրությամբ քաղաքական բողոքը՝ հավաքներ, երթեր, ցույցեր եւ այլն, պետք է անցկացվեն առանց զենքի եւ բռնարարքների: Ըստ իս՝ ոչ թե խմբի արարքն է քաղաքական բողոք, այլեւ տեղի ունեցած հանցանքի շարժառիթը (մոտիվը)՝ քաղաքական նկատառումներն են:

Հանցագործության շարժառիթը եւ նպատակը ներքին հոգեբանական երեւույթներ են եւ մեղքի հետ կազմում են հանցագործության սուբյեկտիվ կողմը: Շարժառիթը պատասխանում է, թե հանցագործությունն ինչու է կատարվել եւ ազդում է արարքի որակմանը, հետեւաբար «Սասնա ծռեր» խմբի գործով այդ հանգամանքը պետք է լիարժեք հետաքննվի:

Ինչո՞ւ է կատարվել հանցագործությունը

Նախագահը ուշացումով անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին, արտաբերել է, որ պատճառը վրիժառությունն է, մինչդեռ իրական պատճառը իշխանությունների տեւական կամայականություններն են, ըստ որում՝ ավելի քան 15 տարի է՝ արհամարհելով ժողովրդի կամքը, կեղծվում են ընտրությունների արդյունքները եւ զավթում իշխանությունը, երկիրը ժողովրդավարության հունից շեղել են դեպի ավտորիտարիզմ, ամենուր ահագնացել է կոռուպցիան, հալածում են ընդդիմադիրներին եւ քաղաքական գործիչներին, թալանի պատճառով տնտեսությունը հասցրել են հյուծախտի, որի հետեւանքով ժողովուրդը լքում է հայրենիքը, եւ այլն:

Կոնկրետ օրինակներ բերենք:

Երբ Մեծ Բրիտանիայի ժողովուրդը վերջերս անցկացված հանրաքվեում կողմ քվեարկեց ԵՄ-ից դուրս գալուն, վարչապետ Դեյվիդ Քեմերոնն անհապաղ հրաժարական ներկայացրեց, պատճառաբանելով, որ Բրիտանիայի ժողովուրդը նոր ճանապարհ է ընտրել: Անցյալ տարի մեզ մոտ էլ Սահմանադրական հանրաքվե անցկացվեց, որով նախագահական կառավարման ձեւը փոխվում է պառլամենտական կառավարման ձեւի: Ժողովրդի մեծամասնությունը դեմ քվեարկեց քաղաքական համակարգի փոփոխությանը կամ երկրի քանդմանը, բայց պետության գլուխը եւ կառավարությունը հրաժարական չներկայացրին, այլեւ արհամարհելով ժողովրդի կամարտահայտությունը, կեղծեցին հանրաքվեի արդյունքները (երկրի հիմնական օրենքը կեղծվել է, «բա ի՞նչ անենք»):

Կամ՝ անցյալ տարի զանգվածային անկարգություններ կազմակերպելը հանցագործությունը նախապատրաստման մեղադրանքով կալանել են Ժիրայր Սէֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին եւ այլոց (ապացույցը՝ ուրիշի կտուրում նռնակ են հայտնաբերել): Ավելի քան մեկ ամիս է՝ Ժիրայր Սէֆիլյանին նորից են կալանավորել ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու մեղադրանքով (ապացույցը՝ ինչ-որ վթարի ենթարկված ավտոմեքենայում հայտնաբերվել է զենք, իսկ տեղափոխողը հայտնել է, որ Ժիրայրինն է: Գարեգին Չուգասզյանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում են սկսել եւ հայտարարել հետախուզում, եւ այլն): Հարց է ծագում՝ ինչո՞ւ են հետապնդում Արցախը ազատագրող հերոսին եւ նրա համախոհներին:

Գնդի գրավելու միջադեպից հետո բոլորս մտահոգված ենք, որ նոր վտանգավոր հետեւանքներ չառաջանան, մինչդեռ օրեցօր իրադարձությունները շիկանում են եւ դառնում անկանխատեսելի: Արդեն ունենք հրազենային վնասվածքներով 5 վիրավոր, զանգվածային անկարգությունների դեպք (ժողովուրդը եւ ոստիկանները բախվել են), գնդի տարածքում եւ շրջակայքում մարդաորս է սկսվել, ուժայինները շուրջկալներ են սարքում եւ ձերբակալում մարդկանց, «Սասնա ծռեր» խումբը նոր պատանդներ է վերցրել, եւ այլն:

Հարց է ծագում՝ որքա՞ն է տեւելու «Սասնա ծռեր» խմբի պաշարումը եւ անհեռանկար բանակցությունը: Կարծում եմ՝ իշխանությունները եւ «Սասնա ծռեր» խումբը, ինչպես նաեւ ողջամիտ մարդիկ պետք է հետեւեն առաջին նախագահի հորդորին՝ «երբ հայտնվում են հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերների առջեւ, որպես կանոն, ամեն ինչ ժամանակավոր մի կողմ է դրվում եւ միահամուռ կերպով լծվում այդ մարտահրավերների դիմակայման գործին»:
Ըստ այդմ՝ «Սասնա ծռեր» խումբը պետք է վայր դնի զենքերը եւ քաղաքական նկատառումներով հարցերը լուծի քաղաքական հարթությամբ:
Ժողովրդավարական երկրներում ճգնաժամային պարագաներում հայտարարում են համաներում: Մենք ունենք այդ հնարավորությունը, նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը կարող է հայտարարել համաներում, Սահմանադրության 81 հոդվածի համաձայն:

Առանց այդ էլ իշխանությունների մեղքով Արցախի հարցով Հայաստանն արդեն իսկ ճանաչվել է օկուպանտ երկիր, այժմ էլ միջազգային հանրությունը կդիտեն որպես ահաբեկչության երկիր:
ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
իրավաբան, Մոսկվա

 

«Առավոտ»

30.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031