Լրահոս
Օրվա լրահոսը

1in.am-ի լրագրող. «Այնպիսի վիճակ էր, որ հաշվի չէին առնում, լրագրո՞ղ ես, թե՞ չէ »

Հուլիս 30,2016 09:47

1in.am-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է տուժել հուլիսի 29-ի դեպքերը լուսաբանելիս:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բանակցություններ էր վարում ոստիկանների հետ: Դա այն վայրն էր, որտեղ հավաքված էր ամբողջ ժողովուրդը: Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը նրան ասում էր, որ տանի ժողովրդին, մեկ էլ տեսա, որ Արմեն Մարտիրոսյանին տարան ոստիկանության կողմը: Այնպես էր ստացվել, որ երկու շարք էր՝ ոստիկանություն եւ ժողովուրդ: Նաեւ մի տղամարդու տեսա քաղաքացիական հագուստով, ոստիկան էր հաստատ: Նա ասաց, որ վերեւ բարձրանանք, որովհետեւ հատուկ գործողություններ են սկսելու: Ես բավականին վերեւ էի բարձրացել իմ օպերատորի՝ Դավիթ Հարությունյանի հետ, բայց միեւնույն է տուժեցի»,- ասում է Մարիամ Գրիգորյանը:

Նրա հիշելով, անկանոն ձեւով պայթուցիկներ են նետվել մարդկանց մեջ. «Այնքան անկանոն էին նետվում այդ պայթուցիկները, որ տներ սկսեցին վառվել: Պայթուցիկներից մեկն էլ ընկավ ոտքիս վրա, թե ոտքիս մոտ, լավ չեմ պատկերացնում, ամեն դեպում ոտնաթաթիս հատվածն ամբողջությամբ այրվել է… Ես նաեւ մի մարդու տեսա, որի դեմքն էր վառվել պայթուցիկներից»:

Մարիամ Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել, վիրակապել են վնասված ոտքը, մշակել վերքը, այժմ նա տանն է:

1in.am-ի լրագրողը տեղեկացրեց, որ նման վնասվածք է ստացել նաեւ իրենց օպերատորը, բայց ոտքի ավելի վերեւի հատվածում: Նա հավելեց, որ հարձակվել ու կոտրել են օպերատոր Դավիթ Հարությունյանի տեխնիկան, մահակներով մեջքին էին խփել: «Այնպիսի վիճակ էր, որ հաշվի չէին առնում, լրագրող ե՞ս, թե չէ»,- նշում է լրագրողը:

Հավելենք, որ 1in.am-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը տուժել են Սարի թաղում: Կան բազմաթիվ վիրավորներ, բուժհաստատություն դիմած մարդկանց թիվը 60-ն է, հայտնի չէ բերման ենթարկվածների թիվը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031