Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ կուսակցությունը՝ դատապարտելով իրավապահ մարմինների ապօրինի գործողությունները, պահանջում է անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացիներին

Հուլիս 30,2016 14:14

Հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղ թաղամասում անցկացվող խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը առանց իրավականորեն անհրաժեշտ հույժ կարևորության հիմնավորման և նախազգուշացման կիրառել է հատուկ միջոցներ, հարյուրավոր քաղաքացիներ բռնության են ենթարկվել ոստիկանության և ոստիկանության ակնհայտ աջակցությամբ գործող քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Ոստիկանության ու նշված տարրերի կողմից ակնհայտորեն նպատակաուղղված կերպով բռնության են ենթարկվել նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողները։ Ոստիկանության բաժանմունքներ են բերման ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ։ Բռնություն է կիրառվել նաև Սարի թաղում բնակվող և բողոքի ցույցին չմասնակցող քաղաքացիների նկատմամբ։
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցույց անցկացնող քաղաքացիների և իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ։ Հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառումներ էին, այլ ակնհայտորեն պատժիչ գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն բռնության ենթարկված քաղաքացիների ու լրագրողների, այլ նաև Հայաստանի Հանրապետության կայունության, երկրի հեղինակության դեմ։

Հայոց Համազգային շարժում կուսակցությունը՝ դատապարտելով իրավապահ մարմինների ապօրինի գործողությունները, իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացիներին, անաչառ հետաքննություն անցկացնել անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման դեպքերի առթիվ, բացահայտել և պատասխանատվության ենթարկել քաղաքացիական հագուստով բռնություն իրականացնող անձանց, նրանց այդ գործողությունների դրդողներին և խրախուսողներին։ Պահանջում ենք անհապաղ բացահայտել և խստագույնս պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ բռնություն իրականացնողներին և մամուլի ներկայացուցիչների նկատմամբ թիրախավորված հարձակում գործելու հրաման արձակողներին։
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը պահանջում է ՀՀ Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունից հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան՝ տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալու և դրանից բխող համապատասխան քայլեր կատարելու համար։

Հայոց Համազգային շարժում կուսակցություն

30.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031