«Եթե սրա դեմը չառնեն, հետեւանքներն ավելի վատ կլինեն». Սամվել Մարտիրոսյան

«Եթե սրա դեմը չառնեն, հետեւանքներն ավելի վատ կլինեն». Սամվել Մարտիրոսյան

«Ամբողջ աշխարհում էլ գրեթե նույն իրավիճակն է, մեթոդներն են տարբեր: Մեզ մոտ մի քիչ վայրենավարի է, որովհետեւ մենք վայրենի ղեկավարություն ունենք: Կապիկների մոլորակ են սարքել եւ ուզում են՝ բոլորը նմանակեն իրենց»,- «Դիալոգ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Ա1+ լրատվական կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

Mesrop Movsesyan

Երեկ Սարի թաղում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս վնասվածքներ են ստացել նաեւ Ա1+ կայքի երկու լրագրող: Մովսեսյանի գնահատմամբ՝ ոստիկանները փորձում էին այդ կերպ փակել լրագրողների բերանը:

«Ես գտնում եմ, որ հեռարձակել պետք է ամեն ինչ: Ոչ Վովա Գասպարյանը, ոչ էլ նախագահը պետք է որոշեն՝ կարելի է, թե չէ. որոշում են խմբագիրը եւ դեպքի վայրում աշխատող լրագրողը»,- ասաց նա:

«Ամենաճիշտը կլինի խստորեն դատապարտել ոստիկաններին եւ ոչ ոստիկաններին,- ընդգծեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը.- չգիտեմ՝ ոչ համազգեստով մարդիկ Ոստիկանությունում են ծառայում, թե ոչ, բայց ինձ վրա թողնում էին ավազակախմբի անդամների տպավորություն, որոնք ոչ համարժեք եւ չափազանց սխալ գործողություններ են իրականացրել ցուցարարների եւ լրագրողների հանդեպ:

aram-abrahamyan2

Եթե ասում են՝ անձը խախտել է օրենքը, պետք է գործեն պրոֆեսիոնալ ձեւով: Բոլորը պետք է ունենան իրենց համազգեստը եւ չանեն այնպես, ինչպես դա անում է թաղի խուժանը: Փաստեր չունեմ, բայց հակված եմ հավատալու, որ այստեղ մասնակցում էին ոչ ոստիկանության ծառայողները, այլ պարզապես օլիգարխներից մեկի բանդան»:

Լրագրողներին վնաս հասցնելը, ըստ Արամ Աբրահամյանի, նպատակ ուներ ընդհատելու ուղիղ հեռարձակումները, որպեսզի ոստիկանների ապօրինի գործողությունները չֆիքսվեն. «Սակայն դեռ տասներեք ամիս առաջ «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ ապացուցվեց, որ դա հնարավոր չէ անել»,- շեշտեց նա:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ «Էլեկտրիկ Երեւան»-ից հետո հանրությունը եւ լրագրողական համայնքը հետամուտ չեղան, որ մեղավորներն իսկապես պատժվեն, եւ հիմա դրա հետեւանքներն ունենք:

«Ես էլ երկար տարիներ լրագրող եմ եղել եւ կարծում եմ՝ լրագրողական համայնքը պետք է ոչ միայն միասնական կարծիք հայտնի, այլեւ գործողություններ ձեռնարկի: Եթե սրա դեմը չառնեն, հետեւանքներն ավելի վատ կլինեն»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ բարդ է հասկանալ ներկա իրավիճակը, քանի որ նախադեպը չի եղել. «Երբ դրսից լրագրողները զանգահարում են, ուզում են, որ բացատրեմ՝ ինչ է կատարվում, ինքս սկսում եմ կեսից խճճվել, որովհետեւ պարզ չէ՝ ով, ինչի համար, ում կողմից»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք