Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Եթե Գագիկ Բեգլարյանը եւ Մհեր Սեդրակյանը դեռեւս հավատարիմ են իշխանություններին, ապա դա իրենց թիկնազորը չէր»

Հուլիս 31,2016 13:42
Agasi enoqyan

«Առավոտի» զրուցակիցն է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Հուլիսի 29-ին, սովորոկանի պես Ազատության հրապարակից մեկնարկեց խաղաղ երթը, որը պետք է գնար Խորենացի փողոց: Կազմակերպիչներն ասացին` տեղեկություն կա,  թե ՊՊԾ գնդում կրակոցներ կան ու պետք է գնալ Խորենացի՝ ի աջակցություն զինված խմբի: Սակայն երթի մասնակիցների մի մասը շատ անհասկանալի կերպով շեղվեց նախապես հայտարարված երթուղուց ու հայտնվեցին Սարի թաղում: Իր ագրեսիվ պահվածքով աչքի ընկավ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր հայտարարություններով, նույնպես լարում էր իրավիճակը:

-Ինչ-որ սադրիչներ ուզում էին, որ երթը գնա այն ճանապարհով, որտեղից նրանք կարողանան մտնել ՊՊԾ գունդ, եւ ժողովրդին այդ ժամանակ կբաժանվեր այնտեղ եղած ողջ հրազենը: Այսինքն, դա սադրիչների կազմակերպածն էր, որոնք ցանկանում էին ամբողջական անկայունություն մտցնել Հայաստանում:

-Սադրիչները ոստիկանների՞ կողմից էին, թե՞ երթի մասնակիցների:

-Դժվարանում եմ ասել: Բայց չեմ կարծում, թե ոստիկաններ էին, դա կարող էին լինեն ինչ-որ անկապ մարդիկ, որովհետեւ ոստիկանությանը ձեռնտու չէր ստեղծել մի իրավիճակ, որի դեմ հետո, ինքը պետք է պայքարեր:

-Խոսակցություններ կան, որ այդ սադրիչները Մհեր Սեդրակյանի կամ Գագիկ Բեգլարյանի, այսպես կոչված, թիկնազորայինները կարող էին լինել: Հնարավոր համարում ե՞ք:

-Երեւի չէ, որովհետեւ այդ իրավիճակը ձեռնտու չէր իշխանություններին: Եթե դեռեւս Գագիկ Բեգլարյանը եւ Մհեր Սեդրակյանը հավատարիմ են իշխանություններին, ապա երեւի թե դա նրանց թիկնապահներից չէին լինի:

-Անհասկանալի էր նաեւ, թե համակարգող խորհրդի անդամներ Արմեն Մարտիրոսյանը եւ Լեւոն Բարսեղյանն ինչո՞ւ կամ ինչպե՞ս հայտնվեցին այդ ուղղությամբ գնացողների մեջ:

-Չեմ կարող ասել, ես տեղում չեմ եղել:

-Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ համակարգող խորհուրդը դադարեցնում է իր աշխատանքը, Վարուժան Ավետիսյանը հայտարարություն տարածեց, որ իրենք այլեւս ստեղծել են ապստամբության համար նախապայմաններ ու իրենց գործը համարում են ավարտված: Այսինքն, ո՞ւր ենք գնում, ինչի՞ ենք հանգում:

-Ես կարծում եմ, որ կլինեն էլի հավաքներ, ինչ-որ մի նոր համակարգող խորհուրդ կստեղծվի, որովհետեւ հին համակարգող խորհուրդը կարծես թե չձեւակերպեց հստակ եւ հասանելի քաղաքական նպատակներ: Այսինքն, բոլորի համար պարզ է դառնում` եթե չեն գնում ՊՊԾ գունդը գրավելու, զենքեր վերցնելու եւ զինված ապստամբություն անելու, ապա անհրաժեշտ են քաղաքական ձեւակերպումներ, քաղաքական օրակարգեր:

-Վարուժան Ավետիսյանի հայտարարությունից տպավորություն է, որ իրենք էլ են սպասում Ժիրայր Սեֆիլյանի խոսքին: «Սասնա Ծռերի ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է։ Սկսվել է համաժողովրդական ընդվզում, որի հաղթանակը կարճ ժամանակի հարց է։ Նման իրավիճակում Սասնա ծռեր խմբավորման համար առաջնային է դառնում անիմաստ արյունահեղությունից խուսափելը։ Այդ հարցում մեզ համար վճռորոշ նշանակություն ունի Ժիրայր Սեֆիլյանի խոսքը և բանակցային առաքելությունը, ինչը ստանձնելու վերաբերյալ նա արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին։ Սերժ Սարգսյանին հորդորում ենք ընդունել մեր այս ողջամիտ առաջարկությունը, ապահովել Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը մեզ հետ և ընդունել նաև նրա բանակցային առաքելությունը»,- ասել է Վարուժան Ավետիսյանը։ Ժիրայր Սեֆիլյանն ինչո՞ւ չի ասում իր խոսքը:

-Ժիրայր Սեֆիլյանը բանտում է գտնվում: Չգիտեմ, անկեղծ ասած, իր պաշտպանին տվե՞լ են այդպիսի հնարավորություն, որ նա մեսիջներ փոխանցի: Համենայնդեպս, երեկ երկու անգամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն արել է, այնպես չէ, որ ընդհանրապես չի խոսում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031