Սամվել Ֆարմանյան. «Զինված խմբի կողմից զենքը վայր դնելն ու հանձնվելը որեւէ մեկի պարտությունը չէ»

Սամվել Ֆարմանյան. «Զինված խմբի կողմից զենքը վայր դնելն ու հանձնվելը որեւէ մեկի պարտությունը չէ»

ԱԺ Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
«Անկախության 25-րդ տարում տեղի ունեցածը մեր պետականության հասունության կարեւորագույն մի քննություն էր: Զինված խմբի կողմից զենքը վայր դնելն ու հանձնվելը որեւէ մեկի պարտությունը չէ. դա ժողովրդի, հասարակության և պետության միասնական հաղթանակն է: Նոր արյունից խուսափելու՝ խմբի անդամների որոշումը եւս հասունության եւ սթափության լուրջ վկայություն է:

Չհաշված Խորենացու փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած բախումները, որոնք անշուշտ լուրջ հետաքննության կարիք ունեն, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները դրսևորեցին բացառիկ զսպվածություն եւ արհեստավարժություն: Չնայած առկա բոլոր նախադրյալներին, չհայտարարվեց արտակարգ իրավիճակ: Չնայած մեծ գայթակղությանը և ոստիկանության սպայի սպանությանը, ուժայինները չգնացին գրոհի և զինյալ խմբի նկատմամբ չկիրառեցին անհամաչափ ուժ: Չնայած հանրային լայն ակնկալիքներին, ընտրվեց համբերատար բանակցությունների և երկխոսության ուղին: Առողջապահության նախարարությունն ապահովեց բոլոր տուժածներին համաչափ և որակյալ բուժօգնություն` անկախ նրանից, թե որ կողմն էր ներկայացնում տուժողը:

Այն, որ հասարակությունը ակնկալում է լուրջ և խորքային բարեփոխումներ` փաստ է, այդ արմատական փոփոխությունները մեր երկրում, իրականում, այլընտրանք էլ չունեն: Բայց հասկանալի է նաև, որ զենքով հնարավոր է ստեղծել միայն քաոս, ոչ՝ առաջընթաց: Հայաստանն այդպիսի շռայլության հնարավորություն էլ չունի:
Մենք, որպես իշխանություն, պարտավոր ենք մի կողմից լրջորեն հասկանալ և անդրադառնալ ժողովրդի կողմից այս ակնհայտորեն անընդունելի պայքարի ձևն առնվազն հանդուրժող, իսկ հաճախ` սատարող դիրքորոշման պատճառները և հրատապ գտնել դրանց պատասխանները: Պարտավոր ենք նաև ապահովել զինված խմբի անդամներից յուրաքանչյուրի արդար դատավարության իրավունքը: Հաշվեհարդարը պետք է բացառվի: Այդ ամենին զուգահեռ Հայաստանը պետք է բռնի անհրաժեշտ և վաղուց հասունացած փոփոխությունների ճանապարհը:

Մենք, որպես հասարակություն, պետք է ճիշտ գնահատենք քաղաքացիական հասարակություն եզրույթը: Բոլորիս բառապաշարից պետք է իսպառ վերացվի վրեժխնդրության, արյունահեղությունը արդարացնելու, ուժին ուժով պատասխանելու գայթակղությունը: Բոլորս միասին պետք է սովորենք նույնիսկ ծայրագույն լարվածության պարագայում` իր հոգևոր ծառայությունը կատարելու համար ամենաթեժ կետ եկած հայ եկեղեցու սպասավորին չվիրավորելու, Մանսուրյանին և Չեքիջյանին երբեք չպիտակավորելու աքսիոմաները: Քանի որ առանց հոգևոր արժեքների և մտավորական էլիտայի որևէ ժողովուրդ դատապարտված է:

Մնում է աղոթել անմեղ զոհված ոստիկանների համար և արագ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին՝ զինյալներ, ոստիկաններ, խաղաղ ցուցարարներ, թե լրագրողներ:

Ուրեմն, առաջ դեպի ավելի ուժեղ Հայաստան, դեպի մեր բոլորի երազած Հայաստան, որի քաղաքացի լինելը պատիվ է, որի բանակում և ոստիկանությունում ծառայելը` պատվաբեր առաքելություն, որտեղ ծնվող երեխաների առջեւ բաց են առաջընթացի բոլոր հնարավորությունները:

Անկախության 25-րդ տարեդարձը մենք նշում ենք հենց այսօր այս խորհրդանշական ձեռքբերմամբ»:
Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվել էր, թե ինչպես է մեկնաբանում Սասնա ծռերի՝ զենքը վայր դնելու որոշումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք