Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նաիրի Հունանյանի եւ «Սասնա ծռեր» խմբի տարբերության մասին

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նաիրի Հունանյանի եւ «Սասնա ծռեր» խմբի տարբերության մասին

Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիս էր հրավիրել եւ հայտարարեց, որ «Սասնա ծռերի» անդամները հակաահաբեկիչներ են, դա ահաբեկչություն չէ: Նա կոչ արեց հրապարակ դուրս գալ ու շարունակել պայքարը, քանի բոլորի դուռը չի հասել վտանգը:

Aravot.am-ի հարցին՝ զուգահեռներ են տարվում «Սասնա ծռերի» գործողությունները Հոկտեմբերի 27-ի հետ, այն առումով, որ Նաիրի Հունանյանն էլ կամավոր էր գրվել Արցախում, լավ ակտիվիստ էր, այն ժամանակ էլ Վազգեն Սարգսյանին շատ մարդիկ կային, որոնք ատում էին, պահանջում էին իր հրաժարականը: Նա էլ էր ընտրել նույն զենքի ճանապարհը, ինչ «Սասնա ծռեր» խումբը, բայց Դուք Հոկտեմբերի 27-ը դատապարտում եք եւ արդարացնում եք այս մի զինված խմբի գործողությունները, ինչո՞ւ: Նա պատասխանեց. «Ես աղերս չեմ տեսնում, իմ միակ ցավը զոհված երկու ոստիկաններն են: Դուք հիշում եք՝ նախագահական ընտրությունների ժամանակ իմ պատվիրանն այն էր, որ ոչ մի զոհ չլինի: Հիմա զոհ եղավ, տակավին չգիտենք ինչ պայմանների ներքո եղան: Նաեւ եղան վիրավորներ: Բայց ես այս ակցիայի մեջ, այս հակաահաբեկչական գործողության մեջ տեսնում եմ ոչ միայն հանրային զորակցություն, հակառակը՝ ոչ թե գլխատել պետական ընտրանին, այլ հույս տալ, որ մենք կունենանք պետություն: Օսիպյանի, մյուսների ազատ արձակումը, լեցուն այլ ազդակներ ցույց են տալիս , որ մեծ տարբերություններ կան երկուսի միջեւ»:

Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել էր, որ Հայաստանը Բեյրութը, Լիբանանը չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց. «Բեյրութը եւ Լիբանանը հարգելի պետություններ են, իրենց ներքին խնդիրներով, բայց Հայաստանը այդ մարդու ղեկավարության ներքո դարձել է ավելի գուբերնիա, ավելի սուբյեկտ եւ ավելի վտանգավոր, քան նույն Սիրիան ու Բեյրութը; Ով խոսում է բռնության մասին՝ որպես քաղաքական խնդիրներ լուծելու, այդ բռնության սովորույթի կրողներից մեկը հենց ինքն է եղել»:

Նա հայտարարեց, որ արդեն ժողովրդի այ այստեղ է հասել. «Ծնվելու են նոր Սասնա ծռեր, Խարբերդի ծռեր, Արաբկիրի ծռեր»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ հրապարակներից շարունակելու են իրենց պայքարը:

Հարցին՝ «Սասնա ծռերի» անդամները հայտարարեցին, որ բանտից էլ շարունակելու են պայքարը, ձեր եւ «Սասնա ծռերի» միջեւ ընդհատակյա կապ կա՞, դուք կիսո՞ւմ եք նրանց պահանջները՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ «Սասնա ծռերի» շարժումը լոկ մի հեղափոխական շարժում չէ, ողջ հայ ժողովրդի պահանջն ու շարժումն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք