Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ժողովրդին ջարդելուց զատ նաև բյուջեն լցնելու ուղղությամբ յուրահատուկ քայլեր է անում

Օգոստոս 07,2016 10:39

Թե, ինչ զարգացումներ տեղի ունեցան հուլիսի 17-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում ՊՊԾ գնդում, Խորենացու փողոցում և Սարի թաղում, ինչ հանրահավաքներ ու երթեր, ինչ դավաճանություններ ու հերոսական քայլեր եղան, քանի-քանի մտավորական կոչվածների դեմքեր վերջնականապես բացվեցին, ինչպես պահեցին իրենց ժողովրդի երկու տարանջատված հատվածները, հերթական անգամ ոստիկանությունը որքան բիրտ ու անմարդկային պահեց իրեն, Սասնա ծռերը որքան անհասկանալիորեն վայր դրեցին զենքերը և շատ ու շատ հասկանալի և անհասկանալի դիպվածների ականես եղանք, դրանք բոլորը գրանցվեցին և վերածվեցին հիշողության: Հատկապես ոստիկանության և ժողովրդի բախումների ընթացքում բոլորիս աչքերը սովորեցին ոստիկանների կողմից հարյուրների հասնող ահել, ջահել, կին, տղամարդ, լրագրող, երեխա, հաշմանդամ մարդկանց բերման ենթարկելու գործողություններին, որոնցից մի քանիսին հետագայում ձերբակալեցին և երկամսյա կալանք «շնորհեցին»:

Այդ տղաները՝ Ալեք Ենիգոմշյան, Անդրիաս Ղուկասյան, Հովսեփ Խուրշուդյան, Արմեն Մարտիրոսյան, Դավիթ Սանասարյան, բոլորն էլ մաքուր, հայրենասեր մարդիկ են, որը ապացուցման կարիք չի զգում և դա արվեց զուտ մի նպատակով, որպեսզի մարվի հանրահավաքային շարժումը: Այս ամենի մասին այսպես, թե այնպես, որոշակիորեն տեղյակ են շատերը: Ուզում եմ խոսել մեկ այլ, ոչ ստանդարտ երևույթի մասին:

Օգոստոսի 4-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ հերթական հանրահավաքը, որը դարձյալ ոչ այնքան մարդաշատ էր, որի ավարտին որոշվեց երթ անցկացնել հետևյալ երթուղով. Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ: Երթը անցավ բացարձակ խաղաղ, ուղեկցող ոստիկաններ համարյա չկային: Երթի ընթացքում արտառոց ոչինչ տեղի չունեցավ, այն ընթանում էր ժողովրդի կողմից վերջին օրերին հնչող նույնատիպ վանկարկումներով: Նույնիսկ մինչև  Ազատության հրապարակ հասնելը  մասնակիցներից շատերը լքել էին երթը, քանզի հայտարարվել էր, որ հասնելով հրապարակ, հանրահավաքը կհամարվի ավարտված: Հանրահավաքն այդ կարգով էլ ավարտվեց, ոմանք գնացին և ինչպես ընդունված է, մի մասն էլ մնաց հրապարակում՝ շարունակելով իրենց առօրյա զրույցները:

Եվ հենց այդ ժամանակ, կարմիր բերետավորները, ովքեր մոտ 50-ից՝ հարյուր հոգով հավաքված էին Օպերայի ծառայողական մուտքի մոտ՝ Մաշտոցի պողոտայի հարևանությամբ, կարծես սպասում էին հրահանգի և այն տրվելուց հետո անմիջապես վազքով լցվեցին հրապարակ և սկսեցին մարդաորսը: Նրանք բերման էին ենթարկում հատկապես երիտասարդներին (անկախ սեռից) և պատանիներին: Ըստ ԶԼՄ-ների տեղեկատվության` բերման էին ենթարկել մոտ 30 հոգու, ընդ որում, նրանց մի մասին՝  կողքի սրճարաններից: Հատկապես այդ օրը մարդիկ բերման ենթարկելու ոչ մի առիթ չէին տվել:

Հաջորդ օրը հաղորդագրություն եղավ, որ բերման ենթարկվածներից բոլորին տուգանել են 50-ից 200 000 դրամի չափով: Ըստ նույն հաղորդագրության` բացի տուգանքներից, այլ անհանգստություն չեն պատճառել բերման ենթարկվածներին: Ակնհայտ էր, որ հավաքվածների ճնշող մեծամասնությունն աղքատ խավից էր և այդ տուգանքները՝ չափազանց մեծ հարված էր նրանց առանց այն էլ ծանրագույն սոցիալական վիճակին: Դե, ինչ մեղադրես, հո այս անգամ էլ ոստիկանությունը հակապետական քայլեր չի անում, անում է սուրբ քայլ. բյուջեն է լցնում…

Այդ գործընթացում նրանք ընդամենը մի հարցում են սխալվում, նրանք այդ մեթոդը պետք է կիրառեն ստվերում գործող օլիգարխների նկատմամբ…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031