Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հիվանդանոցում եմ, մնացածը բանտերում են, ինչո՞ւ չստացվեց». Եղիշե Պետրոսյան

Օգոստոս 08,2016 17:24

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ասել էր, որ Ազատության հրապարակում խնդիր էր դրված հարթակը չկուսակցականացնել, «հետեւաբար ես եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով կուսակցականներ, չպետք է լինեինք հարթակում»: Նա ասել էր, որ իր համար հանելուկային մնաց Ալբերտ Բաղդասարյանի հայտնվելը եւ նախաձեռնություն վերցնելը, որը խորհրդակցում էր քաղաքական տարբեր ուժերի հետ, բայց ոչ իր հետ. «Ո՞վ էր հրավիրել Բաղդասարյանին: Նրան ներկայացրեց Ենիգոմշյանը այդ օրվա հանրահավաքին ու, ճիշտն ասած, այդ օրվանից հետո հարթակի ձեւավորման սկզբունքը չգիտեմ թե ինչպես է եղել»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում, մեր հարցին՝ եղե՞լ է պայմանավորվածություն, թե ովքեր պետք է հարթակ բարձրանան, ովքեր՝ ոչ, ու ինչ սկզբունքով է կազմվել այդ հարթակը, երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը, որը նույնպես հարթակում է եղել, պատասխանեց. «Հակաճգնաժամային խորհուրդը մտածված էր, որ ոչ մի կուսակցության շահեր այնտեղ չպետք է հետապնդվի: Դա միանշանակ այդպես էր, ապակուսակցական պետք է լիներ: Նախաձեռնության հեղինակը հենց Ալբերտ Բաղդասարյանն է եղել, եւ իր քայլերում ես ոչ մի կուսակցականի քայլ չեմ տեսել: Եթե ես տեսնեի, առաջինը ես կսաստեի, որովհետեւ կուսակցությունները բավականին զզվեցրել են մեր ժողովրդին»:

Մեր դիտարկմանը, որ իր ելույթում Ալբերտ Բաղդասարյանն անընդհատ հրավերք էր անում  կուսակցություններին, որ եկեք միացեք, այդ դեպքում, եթե ապակուսակցական հարթակ է եղել, ինչո՞ւ էին հրավիրում՝ նա պատասխանեց. «Այո, հրավիրում էր, բայց ասում էր՝ օրինակ, Նիկոլ Փաշինյան, դուք էլ կարող եք մասնակցել, բայց որպես Փաշինյան, ոչ որպես Քաղաքացիական պայմանագիր: Հրավիրել է որպես մարդ, որն ունի հեղինակություն: Նույն ձեւով Փոստանջյանին են հրավիրել: Մենք ի սկզբանե այդպես էլ որոշել էինք, որ սա հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդ է, որի նպատակն է կոնսոլիդացնել ժողովրդին, այս ամեն ինչը բերել քաղաքական միջավայր: Պահանջները շատ հստակ դրվի, ոչ թե տարվի 2017-ի ընտրությունների թեման»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ չստացվեց ըստ Ձեզ՝ նա պատասխանեց. «Չստացվեց, որովհետեւ ես հիվանդանոցում եմ, մնացածը բանտերում են: Ինչո՞ւ չստացվեց՝ ստացվեց: Բա այդքան ժողովուրդը ինչու բարձացավ ոտքի»:

Ըստ նրա, իշխանությունը այդ մի բանը գիտի մենակ՝ բիրտ մեթոդներով հանրահավաք ցրի, ուրիշ բան չգիտի:

Ինչ վերաբերում է իր դեմ հարուցված քրգործին, Եղիշե Պետրոսյանն ասաց. «Հիմքերի բացակայության պատճառով հանեցին մեղադրանքը, սուտ մեղադրանք էր»:

Նա այժմ հիվանդանոցում է. «Ես հույս ունեմ, որ վաղը պետք է դուրս գրվեմ, մի քիչ էլ տան ռեժիմ են սահմանել»:

Հարցին՝ Դուք հայց չե՞ք պատրաստվում ներկայացնել՝ ձեզ պատճառված վնասի հետ կապված, նա պատասխանեց. «Մի հատ խելքի գանք, վերադառնանք մեր բնականոն ռիթմին, նոր կիմանանք որը որից հետո է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031