Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապի պատարագին մասնակցելու համար 350 հայեր հատուկ տոմսերով գիշերել են դրսում (Ֆոտոշարք)

Օգոստոս 08,2016 23:03

Հուլիսի 25-31-ը Լեհաստանում նշվող երիտասարդների համաշխարհային հավաքին, որն ուղեկցվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատարագներով ու ուղերձներով, մասնակցել է նաև հայկական 350 երիտասարդից բաղկացած պատվիրակությունը: Այս թվաքանակն աննախադեպ է հայկական պատվիրակության համար. մասնակիցների զգալի մասը եղել են գյումրեցիներ: Նշենք, որ այս տարվա երիտասարդական հավաքին, ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 2,5 միլիոն երիտասարդներ և ուխտավորներ՝ 110 երկրներից, այդ թվում Ադրբեջանից. որտեղից մասնակցել են քրիստոնյաների շատ փոքր խումբ:  Կարգախոսը եղել է .«Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն»:

20160725_212538 20160731_063204 IMG_1092 IMG_8375

Ինչպես Aravot.am-ին պատմեց Հանրային հեռուստաընկերության Շիրակի մարզի թղթակից Աննա Մարտիկյանը, որը պատվիրակության անդամներից է ու նկարահանել է հայ երիտասարդների Լեհաստանում անցկացրած օրերը, նախքան Կրակովում Հռոմի պապի մատուցած պատարագին մասնակցելը, մեր երիտասարդները հյուրընկալվել են Լեհաստանի տարբեր քաղաքներում՝ լեհ ընտանիքների առանձնատներում: Նրանք մասնակցել են մի շարք հոգևոր ու մշակութային միջոցառումների, ծանոթացել Լեհաստանի պատմությանն ու մշակույթին՝ ներկայացնելով նաև մեր ազգային երգն ու պարը:

«Միջոցառումների ընթացքում լեհական քաղաքների՝ Պլոցկի, Չեխանովի, Շերբցի և այլ քաղաքների քաղաքապետերը՝ որպես հյուրընկալության առհավատչյա, իրենց քաղաքների բանալիները հանձնեցին մեր պատվիրակներին և ամեն ինչ արեցին, որպեսզի մենք վերադառնանք մեծ տպավորություններով: Թեմական օրերին հաջորդեցին կրակովյան հրաշալի օրերը: Կրակովի փողոցներում վաղ առավոտից մինչև ուշ գիշեր երիտասարդական շքերթներ էին՝ մեկ միլիոնից ավել ուխտավորների բաժանվել էին տարբեր գույների նույնանման հագուստներ, անձրևանոցներ, պայուսակներ, գլխարկներ և ուրիշ այլ պարագաներ: Ամենահետաքրքիրն այն էր, որ տարբեր ազգերի երիտասարդներ, միմյանց տեսնելով, փողոցներում իրար ջերմ ողջունում էին, լուսանկարվում, հուշանվերներ փոխանակում ու միասին երգում էին միջոցառման այս տարվա հիմնը: Երբեմն էլ ամեն ազգի ներկայացուցիչ փորձում էր ավելի բարձր երգել իր ազգային երգերը: Լեհ, բրազիլացի, իսպանացի, մեքսիկացի և մի շարք այլ երկրների ուխտավորների հետ միասին ապաստանեցինք Կրակովի արվարձաններից մեկում՝ վրանային ճամբարում: Ասեմ, որ ճամբարը գիշերը քնելու համար չէր, քանի որ 12 հազար ուխտավոր աշխարհի տարբեր երկրներից ամբողջ գիշեր փորձում էին ներկայացնել իրենց ազգային մշակույթը՝ ներգրավվելով մյուս ազգերին: Չնայած եղանակային անակնկալներ նույնպես եղան. քամին, անձրևը հեղեղեցին ճամբարը, քշեցին վրանները, տեղահանեցին, բայց այս ամենը մեր մտապատկերում մնաց որպես հետաքրքիր արկածային հիշողություն: Շատերը գիշերեցին աղոթարանի համար նախատեսված մեծ վրանում: Իսկ Հռոմի պապի վերջին պատարագին ընդառաջ շուրջ մեկ միլիոն ուխտավոր հատուկ տոմսերով գիշերն անցկացրեց բաց երկնքի տակ՝ Ողորմածության ճամբարում:

Այդ գիշերը կոչվում էր Հսկումի գիշեր: Բացօթյա ճամբարը, որը մի քանի հեկտար տարածություն էր զբաղեցնում, հստակ բաժանված էր սեկտորների: Ամբողջ գիշեր հնչեցին լեհական ազգային ու հոգևոր երգեր, ընդ որում ոչ միայն դասական կատարմամբ, մեզ շատ զարմացրեց, երբ Հիսուսին նվիրված երգերը լեհ հոգևորականները ներկայացրեցին ռեփ կարդալով, ռոք և այլ ոճի երաժշտություններով: Իմաստն այն էր, որ կարողանային հոգևոր միջոցառմանն ակտիվորեն ներգրավվել տարբեր նախասիրությունների տեր երիտասարդների: Համաշխարհային հավաքի վայրն ընտրվել էր Կրակովը՝ ի պատիվ Հռոմի Հովհաննես Պողոս երկրորդ պապի, որն ազգությամբ լեհ էր ու եղել է երիտասարդական համաշխարհային հավաքի նախաձեռնողը: Այս տարվա հովանավոր Սրբերն էին Հովհաննես Պողոս Երկրորդն ու քույր Ֆաուստինան: Ասեմ, որ անվտանգությունն ապահովելու համար գործի էր դրվել Լեհաստանի ողջ անվտանգության համակարգը, երկնքից պարբերաբար հսկում էին ուղղաթիռները, ոստիկանները թվաքանակը անհաշվելի էր, նրանք, ամեն քայլափոխի կանգնած, փորձում էին օգնել հավաքված հյուրերին»,-պատմեց Աննա Մարտիկյանը:

Մեր զրուցակիցը նշում է, որ ամբողջ օրը քայլարշավ է եղել Կրակովի փողոցներում, ու երբ հայկական պատվիրակության անդամներն, առանձնանալով խմբից, միացել են այլ երկրների պատվիրակության հետ ու ներկայացրել են Հայաստանն իր մշակույթով, շատերը, հատկապես ամերիկացիները մեզ ճանաչել են Քիմ Քարդաշյանով,  եվրոպացիները՝ Շառլ Ազնավուրով ու Հենրիկ Մխիթարյանով:

Լեհաստանում գտնվելու երկու շաբաթվա ընթացքում հայ երիտասարդներն այցելել են պատմամշակութային վայրեր, տարբեր թանգարաններ, դրանից մեկը եղել է Վելիչկա տեղանքում գտնվող աղի հանքը՝ իր 300 մետր խորությամբ ստորգետնյա թանգարանով: Այստեղ եղել են Գյոթեի, Կոպերնիկոսի, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդի աղից ձուլված արձանները, եկեղեցի ու պատմական դրվագներ Լեհաստանի պատմությունից:

Մասնակիցները մեզ տրամադրել են նաև Աղի թանգարանի լուսանկարները, դրանք կհրապարակենք քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031