Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հաղորդում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կատարված գործողությունների վերաբերյալ

Օգոստոս 09,2016 23:33

Օգոստոսի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրերում իրականացվող մշտադիտարկումների շրջանակներում այսօր այցելություններ են իրականացրել «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» քրեակատարողական հիմնարկներ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի են ունեցել առանձնազրույցներ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Գագիկ Իրիցյանի և Մհեր Մազմանյանի հետ, ինչպես նաև ուսումնասիրվել են Արայիկ և Արարատ Խանդոյանների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Դավիթ Սանասարյանն իր հետ առանձնազրույցի ընթացքում նշել է, որ վերջին օրերին հրապարակային աղբյուրներով տարածված իր առողջության վատթարացման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ըստ Դ.Սանասարյանի՝ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ եղել են, երբ ինքը գտնվել է Ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայրում, սակայն ներկայում իր առողջական վիճակը բարելավվել է և ստանում է համապատասխան դեղորայքային բուժում: Մասնավորապես, արդեն իսկ իրականացվել են համապատասխան հետազոտություններ, նշանակված են լրացուցիչ մի շարք հետազոտություններ, ինչպես նաև, անհրաժեշտությամբ պայմանավորված, նեղ մասնագետի խորհրդատվություն: Դ.Սանասարյանի պահման պայմանների և առողջական վիճակի մոնիտորինգի հետ կապված՝ արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք այցեր և առանձնազրույցներ, որոնք կրելու են շարունակական բնույթ:

Արմեն Մարտիրոսյանի հետ առանձնազրույցի արդյունքներով նրան կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրավապահ մարմիններին ուղարկված մանրամասն տեղեկությունները:

Մհեր Մազմանյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ հիմնական խնդիրն առնչվում է ընտանիքի հետ կապին: Պարզվել է նաև, որ Մ.Մազմանյանն ունի 7 զավակ, որոնցից 6-ն անչափահաս են: Մ.Մազմանյանի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են թե՛ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, թե՛ քրեական վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը: Այդ հարցերը պարզելու և լուծելու ուղղությամբ վաղ առավոտից կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրել է, որ շարունակում է հացադուլը: Պարզվել է, որ ներկայում ապահովված է հանձնուքի միջոցով ջուր ստանալու նրա հնարավորությունը: Ա.Ղուկասյանի հետ կապված, առանձին հանդիպում է տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկ բժշկի հետ, ում գնահատմամբ՝ Ա.Ղուկասյանի ճնշումը կայուն է, առողջական վիճակը՝ բավարար: Ա.Ղուկասյանի կողմից բարձրացվել են իր պահման պայմանների հետ կապված մի շարք հարցեր, որոնց դրանց լուծման ուղղությամբ քրեակատարողական հիմնարկի հետ տարվում է համապատասխան համատեղ աշխատանք:

Գագիկ Իրիցյանին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են դեռ օգոստոսի 5-ին: Ի թիվս այլ տեղեկությունների, նա հայտնել էր, որ մինչև քրեակատարողական հիմնարկում հայտնվելը, իրեն բուժող բժշկի խորհրդով, օգտագործել է փայտե ինքնաշեն հատուկ սարք, որի կարիքը ունի նաև ներկայում: Այսօր քրեակատարողական հիմնարկ կատարված այցի ընթացքում նշված սարքն արդեն տրամադրվել է Գ. Իրիցյանին: Այս առումով, մշտադիտարկումը կրելու է շարունակական բնույթ:

Նշված անձինք քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի կամ բուժօգնության առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ուսումնասիրվել են նաև Արայիկ և Արարատ Խանդոյանների բժշկական փաստաթղթերը: Վաղ առավոտից մեր կողմից միջոցներ կձեռնարկվեն նաև Արայիկ Խանդոյանին ակնոց տրամադրելու հետ կապված հարցը պարզելու և լուծելու ուղղությամբ: Նախորդող օրերին Խանդոյան եղբայրների հետ նույնպես տեղի են ունեցել առանձնազրույցներ:

Սույն հաղորդագրությամբ, օրենքի պահանջների համաձայն, չեն հրապարակվում առանձնազրույցների ընթացքում բարձրացված այն հարցերը, որոնք դեռ գտնվում են քննարկման կամ լուծման փուլում կամ առնչվում են ազատությունից զրկված անձանց մասնավոր կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ ոչ հրապարակային տվյալների:

Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարվող չհայտարարված այցելություններն այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031