Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ռուս քարանձավագետները ծանոթացան Քաշաթաղի տարածքի քարանձավ-հուշարձաններին

Օգոստոս 16,2016 11:30

Վերջերս քարանձավագետ Սամվել Շահինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանեցին ռուս քարանձավագետներ, ովքեր միջազգային գիտական մի շարք ընկերությունների անդամներ են: Նրանք 6-7-ին ծանոթացան Քաշաթաղի տարածքի քարանձավ-հուշարձանների մի մասին:

DSCN3193

Ռուսական աշխարհագրական ընկերության անդամներ Յուրի Դոլոտովը, Միխայիլ Լեոնտևը, Սոֆյա Կոնդրատևան, Վիտալի Ստեպկինը, Ալեքսեյ Գունկոն, այցելեցին Տանձուտի, Հոչանցի, Քրոնքի ժայռափոր եկեղեցիներ, Ծաղկաբերդի մոտակա քարանձավային համալիր և այլ վայրեր:

DSCN3206

Ռուս գիտնականներին, ովքեր տարբեր երկրներում ուսումնասիրել են նման հուշարձաններ, շատ հետաքրքրեցին քաշաթաղյան քարանձավները, հատկապես եկեղեցիները, որոնք բնական ժայռախոչերում են և պահպանվել են ամբողջովին ու կիսակործան վիճակում:

DSCN3130 DSCN3046

Տանձուտ գյուղի մոտակա 12-13-րդ դարերի ժայռափոր բազիլիկ փոքր եկեղեցինու չափերն են՝ 5,8-2,5մ, բարձրությունը՝ 4,4մ: Ունի մեկ մուտք և 2 պատուհան՝ արևմտյան կողմից: Սուրբ խորանից հանվել է սեղանի վեմ-քարը, որի տեղը երևում է: Հոչանց գյուղը մասին առաջին անգամ հիշատակվում է Ստ. Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում՝ Հունչաք ձևով: Գյուղում պահպանվել է Սբ. Ստեփանոս 17-րդ դարի բազիլիկ միանավ թաղակապ եկեղեցին:

DSCN3038 DSCN3005

Հոչանցի մասին հետաքրքիր հիշատակություն է թողել 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին իր «Պատմություն» գրքում: Նկարագրելով Տաթևի մեծ անապատում տեղի ունեցած անախորժ իրադարձությունները՝ գրում է. Իսկ տեր Կիրակոսը, որ գնաց Հոչանց, այնտեղ մնաց կրոնական ժուժկալությամբ, նույն տեղում, Հոչանց գյուղի մոտ, իր անապատում վախճանվեց մեր թվականության 1070(1621) տարում: Նույն տեղում թաղված են նրա մարմնի պատվական նշխարները ի փառս օրհնված Քրիստոս Աստծու հավիտյանս. Ամեն»:DSCN2924 DSCN2895

Քարանձավագետների այցելած երկրորդ հուշարձանն արդեն Հոչանցի անապատն է: Եկեղեցու երկու կողմերում շատ են քարանձավները, որոնք մշակվել են մարդու կողմից, որոշների պատերի մեջ կան խորշեր, որոնք ծառայել են որպես պահարաններ: Եկեղեցին հարավից ունի 2 պատուհան և 3 մուտք: Սկզբում մեկն է եղել՝ 2 պատուհանների մեջտեղում, սակայն հետագայում դրանք քայքայվել են և հասել հատակին: Հիմնական մուտքի մոտ կա փոսորակ՝ քարերով լի: Հավանաբար այս փոսում է թաղված եղել Տեր Կիրակոսը, որը հետագայում՝ տարածքի հայաթափումից հետո, այլազգիները քանդել են, տապանաքարը տարել: Եկեղեցու ներսի մոտավոր չափերն են՝ 11-7 մետր, բարձրությունը՝ գրեթե 5 մետր:

DSCN3065 DSCN2943

Ճանապարհին զրուցում եմ Ալեքսեյ Գունկոյի հետ, ասաց՝ Հոչանցինը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Նախ ունի դարերի պատմություն, մեծ չափեր և գտնվում է գեղեցիկ վայրում: Կարևորեց նաև այն, որ անապատի գոյությունը վկայում է տարածքի հայոց երկիր լինելը:

Tandzut-yndhanur-tesq0739 Tandzut-Cave-Church

Հաջորդ հնավայրը Քրոնից՝ ժայռափոր եկեղեցին է՝ Քրոնքավանքը: Գտնվում է Ծաղկաբերդ գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք՝ Հակարի գետի աջակողմյան ժայռակերտ ձորակներից մեկում:

IMG_0438

Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում նույնպես տեղեկություն կա Քրոնքի մասին: Ձորակում դարեր առաջ մեր պապերը Աստծո տուն-եկեղեցի են կերտել քարանձավում, որից միայն մի մասն է պահպանվել. գտնվում է վթարային վիճակում, ունի 5 մ բարձրություն, 3 մ լայնություն և 8մ երկարություն: Մուտքի պատի հաստությունը 1,5մ-ից ավելի է, սակայն արդեն մի քանի տեղից ճաք է տվել, հենարան չունի: Սուրբ խորանի հյուսիսային մասը քանդված է, փորված է նաև բեմը, միայն պահպանված պատի կողմում մնացել են աստիճանների հետքեր: Եկեղեցու դիմաց՝ 30-40մ հեռավորությամբ բարձրաբերձ ժայռեր են, ունեն քարանձավներ: Ժամանակին սրանք եղել են բնակելի կամ ապաստարաններ:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031