Մագդա Մկրտչյանը եւ գնահատել է, եւ ելույթ ունեցել

Մագդա Մկրտչյանը  եւ գնահատել է, եւ ելույթ ունեցել

Հայ սոպրանոն վերադարձել է իսրայելական IMVAJ մրցույթից

Ավանդաբար ամռանը Երուսաղեմում անցկացվում է նախադեպը չունեցող օպերային արվեստի վարպետաց դասերի միջազգային մրցույթ՝ IMVAJ: Այս տարի այն կայացել է հուլիսի 28-ից օգոստոսի 6-ը, մրցույթին մասնակցել են համաշխարհային բեմի 3 աստղեր՝ գերմանացի մեցցո-սոպրանո, մանկավարժական գիտությունների դոկտոր Կլաուդիա Էդերը, սկսնակ, բայց արդեն հայտնի դիրիժոր Ադի Բարը (Գերմանիա/Իսրայել) եւ երիտասարդ բեմադրող-ռեժիսոր Կլաուդիա-Իզաբել Մարտինը՝ դարձյալ Գերմանիայից: Ժյուրիի կազմում են եղել անվանի արտիստներ, այդ թվում՝ սոպրանո Անդրեա Սոարեն՝ Փարիզի ազգային օպերայից, դիրիժոր եւ վոկալի դասախոս Ֆաբիո Մաստրանջելոն (Արենա դի Վերոնա, Պետերբուրգի օպերային արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավար), Մեծ թատրոնի մեներգիչ, բաս-բարիտոն Անջեյ Բելեցկին, Իսրայելի օպերային թատրոնի սոպրանո Լարիսա Տետուեւան, Շտուտգարդի օպերայից ռեժիսոր Ալեքս Կագանը:

Magda_Mkrtchyan_4

Հայ երգչուհին եւ իսպանացի տենորը՝ ելույթի պահին:

Այս անունների կողքին ժյուրիում առաջին անգամ հրավիրված էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Մագդա Մկրտչյանը:

Magda_Mkrtchyan_2

Մագդա Մկրտչյանը՝ Ֆաբիո Մաստրանջելոյի հետ:

«Առավոտի» հետ զրույցում Մագդա Մկրտչյանը հայտնեց, որ մրցույթին մասնակցում էր 40 երիտասարդ վոկալիստ՝ շուրջ 10 երկրից: Նրա տեղեկացմամբ, ժյուրին տեղում կազմակերպել է նախնական լսումներ եւ առաջին փուլ անցկացրել 17 երգչի: «Ժյուրիի յուրաքանչյուր անդամ, ինչպես նաեւ ես անցկացրինք վարպետության դասընթացներ: Արդյունքում՝ ժյուրիի հավանությանն արժանացած երիտասարդ արտիստները մասնակցել են Պուչինիի «Տոսկա» եւ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերային բեմադրություններին: Ներկայացումներից մեկը կայացել է Թել Ավիվում, մյուսը՝ Երուսաղեմում»,- ասաց երգչուհին:

Magda_Mkrtchyan_1

Մագդա Մկրտչյանը՝ ժյուրիի կազմում:

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ ժյուրիի անդամ երգիչները մրցույթի հաղթողների հետ մասնակցել են Գալահամերգի: Մասնավորապես՝ Մագդա Մկրտչյանը հանդես է եկել Աիդայի արիայով՝ Վերդիի համանուն օպերայից եւ իսպանացի տենոր Մոյիսես Մոլինի հետ՝ դուետով՝ Պուչինիի «Տոսկայից»:

Արվեստագետը կարծիք հայտնեց, որ հրաշալի է նման ձեւաչափը (մրցույթ, վարպետության դասեր, ներկայացումներ), նաեւ ցանկացավ, որ Հայաստանում էլ կայանան նման միջոցառումներ:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

16.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Մակտան իր բացառիկ ձայնով և համեստութեամբ միշտ փայլած է Արեւմտեան բեմերու վրայ.Շնորհաւոր ըլլայ – քանի արժանի է անոր;

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք