Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարը հրաման է ստորագրել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության վերաբերյալ

Օգոստոս 17,2016 15:57

Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի օգոստոսի 5-ի N2459-95 գրությամբ ներկայացված առաջարկությունները՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2016 թ. օգոստոսի 17-ին ստորագրել է հրաման Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) սիրողական որսի թույլտվության վերաբերյալ:

ՀՐԱՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ 2016-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի օգոստոսի 5-ի N2459-95 գրությամբ ներկայացված առաջարկությունները

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ `

1. Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից և դրանցից երկու կիլոմետր հեռավորությամբ) թույլատրել հետևյալ որսատեսակների սիրողական որսը`

1) լոր –2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

2) աղավնի (թխակապույտ և անտառային)–2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

3) կտցար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների)– 2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

4) արտույտ (դաշտային, տափաստանային)- 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

5) սարյակ (սովորական) – 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

6) կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – 2016 թվականի օգոստոսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

7) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) –2016 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

8) քարակաքավ- 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

9) աղվես – 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

2. 2016-2017 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կազմակերպել կենսառեսուրսների օգտագործման համար պայմանագրերի կնքումը համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի <<Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին>> N 884-Ն որոշման:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին՝

1) որսաշրջանի ընթացքում ապահովել կնքված պայմանագրերի հիման վրա տրվող, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից կնքված սիրողական որսի կտրոնների տրամադրման գործընթացը /ըստ տարածաշրջանի/, հաշվառումը և անհրաժեշտ վերահսկողությունը՝ օրինախախտումները կանխելու նպատակով,

2) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին ներկայացնել հաշվետվություն սիրողական որսի վերահսկողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

 

ՆԱԽԱՐԱՐ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031