Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահները, Բակո Սահակյանի ուղերձն ու ԱՄՆ-ի «մեսիջը»

Օգոստոս 20,2016 14:30

Միայն «միջազգային խաղաղապահ» ուժերի տեղակայում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որում կրկին շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից. «Կարեւորն այն է, որ նախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հակվածությունը՝ շփման գծում կայունության հետագա պահպանմամբ: Բացի այդ, ակտիվորեն քննարկվել են առաջարկները, որոնք կարող էին վերականգնել կողմերի միջեւ խաղաղությունը»:
Ամերիկացի համանախագահն այնուհետեւ անդրադարձել է խաղաղապահների տեղակայման ու Պուտինի ջանքերին թեմային: Նա ողջունել է ՌԴ պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր. «Մենք ողջունում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունն այն ջանքերին, որոնք ուղղված են Ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորմանը հասնելուն»: Ապա Ուորլիքը նկատել է. «ԼՂ-ում անվտանգություն ապահովելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը մշտապես դիտարկվել է որպես հակամարտության կարգավորման մաս»:

Պաշտոնական Երեւանն ու Վաշինգտոնը հետեւողականորեն ընդգծում են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներում բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար պայմանավորվածությունները, ինչը չի կարելի ասել Մոսկվայի պարագայում: Պուտինն ընդգծում է ռուսական ջանքերը, բայց երբեք չի խոսում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է շփման գծում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառմանը, որն, ինչպես հայտնի է, օրակարգի հիմնական հարցերից մեկը դարձավ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:
Հետաքրքրական է, որ մի կողմից՝ ամերիկացի համանախագահը ողջունում է ՌԴ պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես ԼՂ հակամարտության կարգավորման երաշխավոր, մյուս կողմից` նկատում է, որ ոչ թե ռուսական, այլ «միջազգային խաղաղապահների» տեղակայումն է մշտապես դիտարկվել որպես հակամարտության կարգավորման մաս:

Ոչ դիվանագիտորեն ասած` Վաշինգտոնը Ուորլիքի միջոցով փորձ է անում հիշեցնել Մոսկվային, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները չպետք է հավակնեն խաղաղապահ առաքելություն իրականացնել:

Ուշագրավ է, որ Ուորլիքը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում կրկին խոսել է Անկարա մեկնելու մասին: Նա հիշեցրել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով համանախագահներն այցելել են Մինսկի խմբի երկրների մայրաքաղաքներ. «Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ կարծիքներ փոխանակելու հնարավորությունը, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից մեր ջանքերին աջակցելը, որոնք ուղղված են բովանդակային բանակցությունների ժամանակ առաջընթացի հասնելուն ու բռնության ռիսկերի նվազեցման միջոցառումների անցկացմանը»։

Եթե Անկարայի «մասնակցությունը» կարգավորման գործընթացում սահմանափակվում է Բաքվին հետ պահելով նորանոր սանձարձակ գործողություններից ու ագրեսիայից Ղարաբաղյան գոտում՝ դա վատ չէ: Թերեւս սա է ակնարկել Ուորլիքը: Իսկ այն, որ Անկարան միանշանակ ադրբեջանանպաստ լուծման կողմնակից է ու կողմնակալ կողմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում` սա պարզ է բոլորին:

Նազարբաեւը՝ «հաշտարա՞ր»

Օրերս լրատվամիջոցները վկայակոչելով Ղազախստանի արտգործնախարար Էրլան Իդրիսովին՝ հաղորդեցին, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այս տարի այցելելու է Հայաստան եւ Ադրբեջան։

Բանն այն է, որ վերջերս Ղազախստանի առաջնորդը լծվել էր ռուս-թուրքական հաշտեցմանը: Նա, պարզվեց, նշանակալի դեր է ստանձնել շուրջ 9 ամիս միմյանց թշնամի համարող Պուտինին ու Էրդողանին հաշտեցնելու հարցում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի օր առաջ հրապարակավ շնորհակալություն հայտնեց Ղազախստանի առաջնորդին ռուս- թուրքական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու եւ երկու երկրներին հաշտեցնելու համար: Ավելի վաղ Նազարբաեւին նաեւ նույն հարցով Թուրքիայի նախագահն էր երախտագիտություն հայտնել:

«Ուզում եմ շնորհակալությունս հայտնել ռուս-թուրքական հարաբերություններում ձեր գործադրած ջանքերի ու միջնորդական առաքելության համար, ինչպես տեսնում եք՝ դրանք հաջողությամբ պսակվեցին»,- նշել էր Վլադիմիր Պուտինը Սոչիում Նազարբաեւի հետ հանդիպման ժամանակ: Ղազախստանի առաջնորդն էլ, չթաքցնելով գոհունակությունը, ընդգծել էր, թե պատրաստ է կրկին օգնության ձեռք մեկնել դաշնակիցներին: «Շատ ուրախ եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնվել են, Ռուսաստանը աշխարհում ու միջազգային հանրության մոտ ընկալվում է որպես մի պետություն, առանց որի հնարավոր չէ լուծել որեւէ լուրջ միջազգային խնդիր»,- նշեց նա:

Ռուս-թուրքական հաշտեցումից հետո, ինչպես հայտնի է, Նազարբաեւը այժմ էլ զբաղվում է ռուս-ուկրաինական հարաբերություններով: Անցյալ ամիս Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդեց, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նազարբաեւին խնդրել է միջնորդական դեր ստանձնել Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման հարցով:

Ամենայն հավանականությամբ, Նազարբաեւը Հայաստան ու Ադրբեջան այցելություններով կփորձի միջնորդական որոշակի դեր ստանձնել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` անշուշտ ունենալով իր դիրքորոշումն ու շահն այդ հարցում:

Սակայն տպավորություն է ստեղծվում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի գործունեությունն ու առաջադրած պահանջները մի տեսակ մղվում են հետին պլան: Ռուսաստանը, Թուրքիան, Ղազախստանը իրենց առանձին քայլերով թեեւ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքեր են դրսեւորում` նպատակ ունենալով կանխել նոր էսկալացիան, սակայն մյուս կողմից՝ պարզ է, որ այդ քայլերով հեռացնում են կոնկրետ այն պահանջների կատարումը, որոնք դրված են պաշտոնական Բաքվի առջեւ Մինսկի խմբի համանախագահության կողմից:

«Փոխզիջումները պետք է լինեն ողջամիտ եւ համարժեք»

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին` Journal du Parlement-ին, որում ասել է. «Ցանկացած հակամարտության կարգավորում, հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի պես բարդ հարց, չի կարող համապարփակ ձեւով լուծում ունենալ զիջումների միջոցով: Անհրաժեշտ են փոխզիջումներ: Ընդ որում՝ այդ փոխզիջումները պետք է լինեն ողջամիտ եւ համարժեք: Ինչ վերաբերում է փոխզիջումների սահմանին, ապա դրանք որեւէ ձեւով չպետք է թուլացնեն անվտանգության համակարգը եւ այդպիսով հակառակ կողմի համար ագրեսիա ձեռնարկելու գայթակղիչ հանգամանք հանդիսանան»:
Պաշտոնական Ստեփանակերտն, այսպիսով, վերջին ամիսներին համառորեն շրջանառվող «տարածքային զիջումների» ֆոնին առաջին անգամ խոսեց փոխզիջումների մասին` հստակ ընդգծելով, որ դրանք պետք է լինեն ողջամիտ, համարժեք ու չպետք է թուլացնեն անվտանգության համակարգը:

Բակո Սահակյանի հայտարարությունը ուշագրավ է նաեւ այն առումով, որ նա փաստացի շեշտում է, որ եթե անհրաժեշտ են «փոխզիջումներ», ապա դրանք պետք է արվեն Լեռնային Ղարաբաղի կողմից, այսինքն` բանակցությունների սեղանին առանց Ստեփանակերտի հետ բանակցելու հնարավոր չէ պայմանավորվել փոխզիջումների շուրջ:
Բակո Սահակյանը նաեւ խոսեց Արցախի միջազգային ճանաչման գործընթացի մասին՝ նկատելով, որ այն ընթանում է բավականին ակտիվ, եւ արդեն որոշակի արդյունքների են հասել այս ուղղությամբ: «Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օգտին հանդես են եկել ԱՄՆ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզիանա, Կալիֆոռնիա, Ջորջիա, Հավայի եւ Ավստրալիայի Նոր Ուելս նահանգները, Բասկերի երկիրը, Ֆրեզնո, Լոս Անջելես եւ մի շարք այլ վարչատարածքային միավորումներ: Առաջիկայում կունենանք նոր հաջողություններ եւս: Համոզված եմ, որ մեր երկրի միջազգային ճանաչումը դրականորեն կազդի հարավկովկասյան տարածաշրջանում կայունության վրա՝ այն ավելի ինտեգրելով միջազգային հանրությանը»:

Սա եւս հստակ ուղերձ էր միջազգային հանրությանն այն մասին, որ անկախ բանակցությունների ելքից ու Ադրբեջանի կողմից նոր ռազմատենչ քաղաքականության դրսեւորումից՝ ԼՂՀ միջազգային ճանաչումը մնում է օրակարգում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 19.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031