Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիծական գրչով. աթոռից ցա՛ծ իջիր (պատմվածք)

Օգոստոս 21,2016 17:00

Երևանի քաղաքապետը մտատանջ էր, քունուդադար կորցրած մտածում էր միայն մի բանի մասին ` ո՞նց անի, որ ժողովուրդն իրեն հավատա և սիրի, ախր, առաջին օրերին իրեն թվում էր` ժողուրդն իրեն սիրում էր, էն ի՞նչ սիրել էր սիրում, – ի՞նչ կատարվեց ժողովրդի հետ: Էլ ում հետ ասես չնստավ, խորհուրդ չհարցրեց, աշխատում է մինչ ուշ երեկո, բան դուրս չեկավ: Այսպես քնից կտրվեց, հալումաշ եղավ:

Երեկո էր արդեն, այս մտքերի մեջ ընկմված, հոգնած թիկն էր տվել բազմոցին, չիմացավ ինչպես աչքերը փակվեցին ու մի երազ տեսավ: Երազում ինքը խորհրդակցություն էր անցկացնում, մասնակիցներն ոչ թե թաղապետերն էին, ոչ էլ ուժային և անունուժ կառույցների աշխատողները, նույնիսկ ավագանու ջահել- ջուհուլ իմաստունները չկային, այլ, ով զարմանք, խորհրդակցությանը մասնակցում էին քաղաքի փողոցների անվանակոչեցյալները…

Առաջինը խոսեց Խաչատուր Աբովյանը:

– Անիծվի էն սհաթը, որ ոտքս մտավ էս փողոց: Ասի պուրակիս արձանից իջնեմ, տեսնեմ ներքևում ի՞նչ է կատարվում: Բժշկական կոչված կանգառում էնպիսի մի իրարանցում, հարայհրոց, գոռում-գոչյուն, մեքենաների սուլոցների ձայներ եմ լսում, թվաց` ղզլբաշը վրա է տվել: Էդպես, եթե շարունակվի, էս փողոցում բժշկական համալսարանի տեղը հոգեբուժարան պիտի կառուցել: Մտա գետնանցում, թվաց գետինն եմ մտնում: Չէ, նորից գլուխս առնեմ, հեռանամ էս քաղաքից:

– Սպասեք, սպասեք, պարո՛ն Աբովյան, այսինքն` Լուսավորիչ, ասեցեք ինչի՞ց եք դժգոհ, բոլոր հարցերն էլ լուծվող են, կարմիր գծերի թարմացման գործը ավարտել եմ, տրանսպորտի թանկացման հարցն էլ լուծեմ, ամեն ինչ իր տեղը կընկնի, հետ եկեք, խնդրում եմ,- աղաչական կանչեց քաղաքապետը Աբովյանի ետևից:

Աբովյանը դուրս եկավ և գնաց անհայտ ուղղությամբ:

Հաջորդը Միքայել Նալբանդյանը խոսեց.

– Տարիներ առաջ, երբ քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը հաճեցավ իմ հողեղեն մարմնին շունչ փչել, ես իմ փողոցում կրկին Ազատություն կոչեցի: Դիմացս Հանրապետության հրապարակն էր` Մասյաց սքանչելի պատկերներով: Հիմա հրապարակը կարծես մեռելահարցուկ լինի. Մասիսների փոխարեն ինչ-որ քեոփսյան բուրգեր են դեմս փակում: Չեմ հասկանում ի՞նչ է կատարվում Հայոց մեր քաղաքում: Թամանյանը, որքան գիտեմ, Երևան քաղաքի ճարտարապետությունը որպես սորա ուղիղ ճանապարհ քաշել-գծել էր…

Այդ պահին սրտահույզ ժպիտով խոսակցությանը միջամտեց Թամանյանը.

– Նալբանդյան ջան, ճիշտ է, ես Երեւանի համար ճարտարապետական նախագիծ գծեցի, բայց հետո Երեւանը դարձավ որբի գլուխ, ով ասես վրան ճարտարապետություն սովորեց: Մոռացան ինձ էլ, իմ նախագիծն էլ: Հիմա բոլորը կենտրոնացել են կենտրոնի վրա, արդեն սանտիմետրերով են տարածքներ վաճառում: Պարոն քաղաքապետ, կխնդրեմ էդ Ձեր գլխավոր ճարտարապետին ասեք` այսուհետ իմ անունը քիչ օգտագործի…

Եզնիկ Կողբացին փիլիսոփայական ժպիտը դեմքին ընդմիջեց նրան.

– Թամանյա՛ն ջան, մի կեղեքվիր, Հայոց մեր երկրում շատ բաներ են եղծվել, մեր անուններով փողոցներ են կոչում, բայց մեզ հետ ոչ մի կապ չունեցող գործեր կկատարվեն այդ փողոցներում:

– Օրինակ, իմ փողոցը,- խոսակցությանը միջամտեց Պերճ Պռոշյանը,- ես ամբողջ կյանքս նվիրել եմ հացի խնդրին, բայց իմ փողոցը հիմա միկիտանխաների, «սաունա» կոչեցյալների փողոց է դարձել:

Այդ պահին քաղաքի ծայրամասերում գտնվող մի շարք փողոցների անվանատերեր ինքնաբացարկի կոլեկտիվ հայտ ներկայացրին քաղաքապետին` խնդրելով իրենց անունները հանել փողոցների անվանացանկից: Նրանք գտնում էին, որ իրենց բարի անունը եւ համբավը անարգվում են քարուքանդ եղած, փոշեկուլ փողոցներով կոչվելիս:

– Ցավ ի խորոց ասեմ, եղբա՛յրք,- խոսեց Մեծն Մաշտոցը,- բազում չարչարանոք հայոց գրեր արարեցի, որ իմ զավակունք ճանաչեն զիմաստությունս եւ զխրատս, իմանան զբանս հանճարո, սակայն հիմա իմ փողոցում հայերեն եւ հայատառ գրեա թե ոչինչ չեմ տեսնում: Մի՞թե դարձեալ ենք այսորիկ օտարասեր եւ անինքնասեր: Իսկ Պատմահայր Խորենացին կբարբառե’ «Զի թեպետ եւ եմք ածու փոքր…»:

Խորենացին զայրացկոտ հայացքով ընդհատեց Մաշտոցին`

– Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, զի …

Քաղաքապետը քնից վեր թռավ. ,,Էս Խորենացին որտեղի՞ց հայտնվեց, դրա փողոցը փակ էր:Էս նեղ մաջալին սա լավ նշան չէ, սա որ եկավ, սրա ետևից ամբողջ քաղաքը Խորենացի փողոց կլցվի, Աստված իմ, Նախագին ի՞նչ պիտի պատասխանեմ,-մտածեց քաղաքապետն, և նույն պահին աչքերը նորից փակվեցին.

– Մի շարունակիր, Պատմահա՛յր, չլինի՞ թե Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով ես անցել, հանրահավաքի այս օրերին բարբառը քո բանսարկություն եւ հակաքարոզչություն կհամարվի,- Խորենացու ականջին շշնջաց Ագաթանգեղոսը:

– Տիար Թամանյան, էդ ճի՞շտ է, որ Հյուսիսային պողոտան քո նախագծով են կառուցել,-խոսակցության թեման քաղաքական հարթությունից շեղեց դիվանագիտության մեջ խորացած Փավստոս Բուզանդը:

– Ի՞նչ ասեմ, սիրելի՛ պատմիչ, գաղափարն իմն է, կատարումը`ՙ իրենցը:

– Ընգեր Փանջունին կասեր’ «Գաղափարը քեզանից, բենզինն ինձանից»: Կերեւա հոս բենզին ծախողները կապրին,- ծաղրի վերածեց Երվանդ Օտյանը, թեեւ նա գիտեր, որ բենզինի մասին խոսքերը Փանջունիինը չեն:

– Սեպենք, թե ազգային ջոջերի կամ մեծապատիվ մուրացկանների համար կառուցած է աս փողոցը- փորձեց հստակություն մտցնել Հակոբ Պարոնյանը: – Բան մը ըսեմ` աս քաղաքում կեսգիշերներուն ռեստորաններու մեջեն կրակոցներ կլսվեն, ադիկա հոս «սալյուտ» կըսեն, ջանըմ, դա ինձ շատ կվախեցնի: Ինձ` չէ, գոնե պստիկներուն խնայեն:

Անանիա Շիրակացու տեսքը հոգեխռով էր.

– Իմ անունով շքանշան են ստեղծել, շնորհակալ եմ, սակայն շնորհում են մարդկանց, ովքեր գիտությունից տիեզերաչափ հեռու են: Մի բան էլ ես ասեմ Հյուսիսային կոչված պողոտայի մասին, այդ շենքերը, որ կառուցել եք աշխարհին ցույց տալու համար, ճիշտ չեմ համարում, կարդացեք իմ «Աշխարհացույցը», կհասկանաք, որ դատարկ ու սառնաշունչ շենքերով աշխարհին չես զարմացնի, աշխարհացույցի համար մեր ուրիշ արժեքների վրա փողեր պիտի ծախսեին:

Երվանդ Քոչարը չդիմացավ.

– Քո տունը Հյուսիսային պողոտայում չշինվի, Անանիա Շիրակացի: Սասունցի Դավթի արձանս աշխարհն է ճանաչում, գնա տես` ինչ օրն է ընկել: Մի օյինբազ երգչախմբի Հայաստան հրավիրելու համար 500 հազար դոլար են ծախսում, իսկ Դավթին քիչ է մնում Երեւանի մեջ զինաթափեն, էլ չեմ ասում, որ համբերության բաժակն արդեն եւս են արել, էլ համբերելու տեղ չեն թողել… արձանի չորս կողմը շենքեր են կառուցել, Սասունցի Դավիթին Քուռկիկ Ջալալի հետ ախոռ են մտցրել:

– Հիմա մեռած հանճարներին աչքից հեռու են պահում, կենդանի անճարներին վնաս է,- իր նկատառումը հայտնեց աշուղ Ջիվանին:

-Էսի ինչի՞ է Գյումրիից եկել , երևի ցույցերին մասնակցելու համար,-մտածեց քաղաքապետը:

– Պարզ խոսի, հասկանալի չէ, ի՞նչ է ուզածդ- Ջիվանուն դիմեց քաղաքապետը:

– Երևի նկատի ունի Ավետիք Իսահակյանին, Վիկտոր Համբարձումյանին, որոնց արձանները դուքաններով եք շրջապատել , էդ մեծ հանճարներին շնչելու տարածք չեք թողել:-հստակեցրեց Ղազար Փարպեցին:

– Հարգելի Ղազարեցի, ախր մի մոռացեք, որ հիմա ուրիշ ժամանակների մեջ ենք, հիմա դուքանն է պահում քաղաքը, ձեր ժամանակներն ուրիշ էին: Հիմա հանրային գերակա շահ կա, բիզնես կա,-փորձեց նրան պատասխանել քաղաքապետը:

Կորյունը, որ խորագիտակ էր մեծաց վարքի մեջ, մինչ այդ լուռ լսում էր, ձայն խնդրեց.

– Եղբա՛յրք, մենք այստեղ հավաքվել ենք չէ թե մեր պատմական ողբերն ու մեր քերթվածքները ցուցանելու, այլ օգնելու, որ մեր քաղաքապետը նախընտրական իր խոստումները իրական դարձնի, որ հետայսու քսու խաբեության ու պժգալի խարդախության զոհ չդառնա:

Քաղաքապետը այս բառերի վրա նորից վեր թռավ, նրան թվաց, թե այս վերջին խոսքերի մեջ հայհոյանքներ կային, ձեռքը տարավ դեպի հեռախոսը, գնդապետ Օսիպյանին զանգելու, հետո թմբիր եկավ վրան, երևում էր հոգնածությունից նորից կոպերը փակվեցին, երազը նորից շարունակվեց ընդհատված տեղից:

Կոմիտասն էր հուսաբեկ երգում`

-Քելե լաո, քելե երթանք մեր երկիր:

-Վարպետ, դու ինչի՞ց ես դժգոհ, քո փողոցը, որքան գիտեմ էդքան էլ վատ վիճակում չէ, ճիշտ է Հյուսիսային պողոտային չի հասնի, բայց ժամանակի հետ կհասնի էլ, կանցնի էլ, ինչքան չլինի Բաղրամյան 26-ին մոտիկ է- սկսեց համոզել քաղաքապետը:

Կոմիտասը խոր հոգոց հանեց.

– Իմ դարդ , իմ ցավ ուրիշ է, ես իմ անունով պանթեոնի մասին կխորհեմ: Հոս հավաքված են ազգիս լուսատու աստղերը, բայց մեկ-մեկ ինձ կթվա, թե ան վաճառասեղանի կնմանվի, ի՞նչ ըսեմ, դուն ինձմեն լավ գիտես, եթե արժող-չարժող էստեղ մտնի, մեր ննջեցյալք չեն ուզեր հոս մնալ: Եթե փողոցներ ու երթևեկ չես կարող կարգավորել, հասկանում ենք, դժվար ժամանակներ են, իցիվ թե այս հարցը կարգավորե, եթե դուն ես իրապես աս քաղաքին գլուխը:

Կոմիտաս վարդապետին դիմեց քաղաքապետը.

-Սիրելի՛ Կոմիտաս, այսինքն` Մաեստրո, հասկանում եմ , թե ուր են թռչում քո խոսքերը քաջ որսկանի նետի պես, եթե քո Պանթեոնում տեղ գտածների մեջ նկատի ունես իմ հայրիկին, ապա դու, չարաչար սխալված ես, իմ հայրիկը Հայոց պատմության մեջ մեր օրեր հասած միակ առաջնորդն էր, որ լինելով արևորդի, դավանում էր հեթանոսություն, ոչ թե մյուսների նման կեղծ քրիստոնեություն:Խնդրում եմ նկատի ունեցեք, թողեք մնա քո Պանթեոնում:

– Թող մնա, զավակս: Աս ինչ ասացիք, կրկին անգամ խենթանալ կարելի է,- պատասխանեց Կոմիտասը մտացրիվ տեսքով:

Գրիգոր Լուսավորիչն, որն իր փողոցը միշտ Խոր Վիրապի հետ համեմատելիս լավատեսությամբ էր տոգորվում, քարոզչական իր խոսքը բարբառեց.

– Սիրելի իմ զավակունք, ինչպիսի որոշում եւ վճիռ էլ կայացնեք, հիշեք, որ վասն հայրենյաց հարկ է, որ խաղաղություն լինի Արցախ աշխարհում և ամենեցուն, անկախ սեռից, կուսակցականությունից, մաշկի գույնից, կրթությունից եւ ունեցվածքից , ճշմարիտ ընտրյալը կստանա փառք, պատիվ եւ իշխանություն, եթե արդարասեր ու մարդասեր, աչքաբաց, բայց ոչ աչքածակ արարած է եւ ամենակարեւորը`ՙ քրիստոնեական ճշմարիտ հավատքի մեջ է: ԱՄԵ~Ն:

-Ոչ մի Ամեն, Գրիգորի՛ս: Դու մեր հին հավատքը կռապաշտ կոչեցիր, մեր տաճարներ ու մեհյաններ քարուքանդ անել տվեցիր, որ քո Քրիստոսի հավատքի մեջ մեզի բերես, գլուխներս կախ, ասածներդ ակներս ու ունկերս խուփ ընդունեցինք, երբ դեռ աշխարհը ծանրութեթև չէր արել հասկանալու , թե ճիշտ են, թե սխալ ասածներդ:Հիմա ժողովրդի աչքերն ու ունկերը բացվել են:

-Ի՞նչ ես առաջարկում այ, այ … պարոն Խորենացի,- նրան հարց ուղղեց քաղաքապետը, բայց վերջին օրերի տպավորության տակ , բերանը չէր բացվում նրան դիմել պարոնով, լեզվի ծայրին`«ոչուփուչն» էր, չասաց, մտածելով , որ քաղաքի մթնոլորտն ավելի կշիկանա, կարող է «Սասնա ծռերը» գան ոտնատակ անեն:

-Զի թեպետ եւ եմք ածու փոքր և թվով ընդ հույժ փոքու սահմանեալ, ազգս ունի «Սասնա ծռեր», որի առաջնորդի հետ հարկ է նստել, հանդիպել: Այդորիկ մեծամիտ ու ինքնապաստան վարքով կորուստի կտանեք քաղաքն էլ, ազգիս էլ:

– Ուստա, այսինքն` Պատմահայր, մենք առաջիկայում մեր քաղաքի տոնը`,,Ոսկե աշունն,, ենք տոնելու, չի լինի մոռանանք քո «Ողբը» և ուրախ նոտաներով ավարտենք մեր այս հանդիպումը:

– Ասել եմ, նորից կասեմ, տեսնում եմ չի փոխվել ոչինչ, հիմա էլ` տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։

– Աթոռից ցած իջեք:

– Էս կնիկն ո՞վ է, Շուշա՞նն է, որքան գիտեմ ուրիշ կնկա անունով փողոց չունենք,-խոսեց քաղաքապետն երազի մեջ և վեր թռավ անմիջապես: Տեսավ հավաքարարն էր, եկել էր սենյակը մաքրելու:

Քաղաքապետին թվաց այս երազն երկրորդ անգամ է տեսնում, սա լավ նշան չէ, և այլևս աչքերին քուն չեկավ:

Մնացական Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031