Լրահոս
Օրվա լրահոսը

 Պատերազմ էր (պատմվածք)

Օգոստոս 22,2016 11:25

2018 թվականն էր: Հոկտեմբեր: Հյուսիս-արևելքում ականետներն էին զարկում: Ամենայն հավանականությամբ, պատերազմ էր սկսվում: Քաղաքում զորակոչ սկսվեց: Մարդկանց խառնաշփոթ զանգվածները իրար էին հրմշտում մեծ դահլիճում: Քրտինքի, ծխախոտի ու էժանագին դեզոդարանտների հոտերը իրար էին խառնվում ու ձևավորում միատարր մի զանգված:

Կողքս քառասունին մոտիկ մի տղա էր նստած:

-Շա՞տ երկար կտևի, եղբայր,- հարցրեց նա:

-Չգիտեմ, եղբայր,- պատասխանեցի ես:

Նա ճաղատ էր: Նյարդայնացած իր հերթին էր սպասում:

-Արշակյան Կարեն:

Բարեկամս դժկամորեն վեր կացավ ու գնաց դուրս դեպի ավտոբուս: Մի քանի անուն կարդալուց հետո, հերթը հասավ ինձ: Կարծում էի, թե նոր ավտոբուս պիտի նստեմ, սակայն տեղավորվեցի հնում, որտեղ բարեկամս էր:

Այդ օրը ՖԲ-ում էի: Օնլայն հետևում էի պատերազմին: Կատաղությունից գնում էի խոհանոց ծխելու ու գալիս նորից կոմպի դեմը: Անընդհատ թարմանում էին կայքերը ու նորանոր զոհերի մասին լուր տալիս: Հակառակորդը մեկ Սմերչ էր կիրառել, մեկ БМ-21, մեկ ուղղաթիռներ բարձրացրել, մեկ կրակի տակ էր պահում խրամատները 82 և 120 միլիմետրանոց տրամաչափի ականանետներով:

Ահա այդպես ծխում ու հեռավոր բարեկամներիս զանգերին էին պատասխանում (կամ ես ինտերնետից նորություն իմացած, կամ իրենք), երբ զանգեցին զինկոմիսարիատից ու ասացին՝ պատերազմ է, հայրենիքը քեզ է սպասում:
****

Ուղևորվեցինք դեռ արկերին անծանոթ ասֆալտե ճանապարհով: Հիշեցի այն աղջկան: Ինչպես հայտնի երգում է ասվում՝ ում անունը միշտ գաղտնի կմնա:

Բարեկամս էլ հիշեց իր ընտանիքը: Երկու տղա ունի ու սիրող մի կին: Ինքն աշխատում էր իր խառատանոցում, աշխարհից անտեղյակ, քաղաքից հեռու իր խառատանոցում, եռակող խարտոցով տաշում էր, երբ զանգեցին, թե պատերազմ է: Աստված գիտի, թե երբ է ծառայել ու վերջին անգամ երբ է ավտոմատից կրակել:

Ավտոբուսում վայնասուն էր՝ գոնե մեկ ավտոմատավոր չլինելու պատճառով: «Բա որ դիվերսիա լինի ու գան փռթե՞ն: Գոնե մեկ ավտոմատավոր լիներ»:

Որոշ ժամանակ անց գլխավերևներով БМ-21-ի արկեր թռչեցին: Վարորդը ու մենք իրար խառնվեցինք, մինչև մի հրետանավոր չասաց՝ մերոնք են, արխային:

Նորից այն աղջկան հիշեցի: Լավ առիթ է, մտածեցի ես, չզանգե՞մ: Բայց 12 անց էր: «Լավ, կռվի վախտ ո՞վ է քնում, զանգեմ»: Երկար տատանվեցի: Ծնգացրի ու մտափոխվեցի: «Լավ, որ պետք լինեմ, ինքը կզանգի»:

Բարեկամս տուն զանգեց ու ասաց, որ ինչ-որ կամուրջ ենք անցել, ու ասաց, որ շուտով անհասանելի է լինելու: Ասաց, որ եթե կամուրջը անցել, ուրեմն հավանաբար երկու ուղղություններից մեկն են տանելու: Կինը անհանգստանում էր, բարեկամս ասաց, որ արխային լինի, շուտով բոլորին բաց են թողնելու: Զգացի, որ ուզում է երեխաներից հարցնի, բայց հասկացավ, որ ավելորդ սենտիմենտալություն պետք չէ ցուցաբերել: Նույնիսկ մի քիչ կոպիտ վարվեց սիրող կնոջ նկատմամբ:

Աստված գիտի, թե էս ավտոբոսի տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց փնջից քանիսը կարող են զինվոր դառնալ:

Ես նորից հիշեցի այն աղջկան: Ինչ ափսոս, որ պատերազմի ուղարկելիս ինձ գրկող ու պինդ հպվող չկա: Գիտե՞ք, հիմա վախս կորցրել եմ, կարող եմ հեշտությամբ զանգել, բայց մի տեսակ չեմ ուզում: Կարող եմ անվախորեն գնալ իրենց պատշգամբի տակ բարձրաձայն հայհոյել, ինչի ցանկություն միշտ ունեցել եմ, բայց մի տեսակ հավես չկա, պատերազմ եմ ենք գնում:

Ավտոբուսը շարժվում էր լուսաքողարկված գյուղերի մոտերքով: Գուցե և լույս չունեն, աստված գիտի, գուցե և արկը ինչ-որ ՀԷԿ-ի հեր է անիծել:

Ավտոբուսը շարժվում էր: Ես էլ չէի անհանգստանում երկու օր առաջ հարկադիրի ստացած նամակից, չէի մտածում ոչ մի բանի մասին… Չէի անհանգստանում թեժ կետերում հայտնված ընկերներիս մասին… Չէի կատաղում շատ քծիպ գործընկերոջս վրա… Կրակոտ հեղափոխական էությունս էր մարել… Մտածում էի միայն, որ տան միակ տղամարդն եմ, ընտանիքս չպիտի առանց ինձ մնա: Միայն դրա մասին էի մտածում:

Պատերազմ էր, որտեղ չեն երևում փրփուրները բերաններին բոցաշունչ ճարեր ասող հայրենասերները:

Ես բարեկամիս էի նայում ու ամբողջ սրտով սիրում: Պատերազմը զտել ու սիրելի էր դարձրել նրա:

****

Երեք օր անց լուր ստացա, որ բարեկամս զոհվել է: Ում մասին, հավանաբար, հեռուստատեսությունները ռեպորտաժներ չեն պատրաստի, թերթերը չեն գրի ու սոցիալական ցանցերում ոչ մեկը ոչ մի մեկնաբանություն չի անի: Աշխարհին անհայտ սովորական մի խառատի մասին:

 

  Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031