Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթ. (պատմվածք)

Օգոստոս 23,2016 12:43

Երկար ժամանակ մնաց այդ տիկնիկը խանութի սրահի մեջտեղում` ժապավեններով պարփակված, բայց այդպես էլ գնորդ չճարվեց: Ու մի օր էլ, երբ հաճախորդները խանութ մտան զանազան գնումներ կատարելու, տեսան տիկնիկը շրջապատող ժապավենների չորս կողմից կախված են` «50% զեղչ» ազդագրեր:

Սակայն դա էլ չօգնեց, որ տիկնիկին մեկը տուն տաներ, քանի որ 50% զեղչն էլ նրա գինը դեռ բարձր էր պահում: Իսկ դրանից հետո կարծես տիկնիկը ավելի էր նեղվում ու ամոթից կուչ գալիս, մի տեսակ ընկճված տեսք ընդունում: Նրա աչքերը նույն տխուր փայլն ունեին, ինչպես մի քանի օր առաջ, երբ երկու անգամ ավելի թանկ էր: Դե, տիկնիկ է, հո չի հասկանում, որ ինքն էլի արժեքավոր է:

Անցավ որոշ ժամանակ ու մի օր էլ, պատահաբար, խանութ մտավ մի տարեց կին, որի աչքին հանկարծ ընկավ ժապավեններով շրջափակված՝ մեծ չափերով տիկնիկը, դանդաղ քայլերով մոտեցավ նրան, կանգ առավ, երկար-երկար նայեց տիկնիկի աչքերի մեջ, ինչ որ բան մրմնջաց, երևի նմանություն գտավ տիկնիկի և իր թոռնիկի միջև, որը գտնվում էր հեռավոր ամերիկաներում: Վաղուց թոռնիկին չէր տեսել և շատ էր կարոտել, դե ինքը հո չէր կարող «սկայպով» կապվել, գոնե այդ միջոցով տեսնել նրան: Հեռախոսով էր մեկ-մեկ խոսում, մի անգամ էլ հարևանի տանից «սկայպով» կապվեց, տեսավ մոնիտորի էկրանին, խոսեց հետը, շատ ուրախացավ:

Այդ մտորումների մեջ տարեց կինը կտրուկ հեռացավ տիկնիկից ու մոտեցավ երիտասարդ վաճառողուհուն և դիմելով նրան ասաց.

-Աղջիկ ջան, փաթեթավորիր այս տիկնիկը, ես այն գնում եմ:

Վաճառողուհին մի փոքր զարմացավ, քանի որ տիկնիկը բավականին թանկ էր այդ համեստ հագնված տատիկի համար, բայց ոչինչ չասաց, գործի անցավ և սիրալիր ժպտալով, խնամքով փաթեթավորեց գեղեցկուհի տիկնիկին, տեղավորեց ցելոֆանե մեծ տոպրակի մեջ և հանձնեց տատիկին:

Տարեց կինը վճարելով տիկնիկի համար բավականին մեծ գումարը, որը սև օրվա համար ետ էր գցել իր նվազագույն թոշակից, նույն խանութի հագուստեղենի բաժնից ընտրեց և գնեց մի այնպիսի զգեստ, որը շատ նման էր թոռնիկի ուղարկած նկարի զգեստին և տուն շտապեց:

Տանը երկար ժամանակ նա հագցնում էր հագուստը տիկնիկին, նորից հանում, ձևավորում այնպես, որ շա~տ նմանվի իր թոռնիկին, որի ուղարկած նկարը տեղադրել էր շրջանակի մեջ ու կախել պատից, որը հիմա չարաճճիորեն կարծես նայում էր տատիկի արարքներին այնտեղից:

Վերջապես համոզվելով, որ ամեն ինչով տիկնիկին նմանեցրել է թոռնիկին, նա մի փոքր հեռացավ նրանից, երկար նայեց նրա անշարժ, բայց զարմանալիորեն ուրախ ու փայլփլուն աչքերին, խորը հոգոց հանեց ու բավարարված իր արածից՝ նստեց բազմոցին: Երջանկության արցունքները գլոր-գլոր սկսեցին հոսել տատիկի թորշոմած այտերի վրայով ու ցած թափվեցին:

Ու ամեն օր, առավոտյան, երբ տատիկը վեր էր կենում անկողնուց, մինչ լվացվելը, հարդարվելը, ժպտալով մոտենում էր տիկնիկին, բարևում, ապա գրկում նրան, ջերմ ու գորովալից խոսքեր մրմնջում նրա ականջին, իսկ երեկոյան անկողին մտնելուց առաջ բարի գիշեր էր ասում տիկնիկ-թոռնիկին ու մաղթանքներ հղում:

Տունը կենդանությամբ էր լցվել և տատիկը ամեն անգամ տիկնիկի մոտից անցնելուց կանգ էր առնում, անպայման նրա հետ զրուցում ու ջերմ խոսքեր էր շռայլում նրա հասցեին, իսկ տիկնիկը նոր շունչ էր առել, աչքերը էլ տխուր չէին, կարծես իսկականից ժպտում էին ու փայլում երջանկությունից, չէ որ իրեն շատ սիրող տատիկի թոռնիկ էր դարձել՝ չհասկանալով, որ իր միջոցով տատիկը իր թոռնիկին էր գտել:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031