Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Հայաստանից հեռացավ օպերային երգիչ, բաս-բարիտոն Ռուբեն Թելունցը

Օգոստոս 24,2016 14:00

Արվեստագետը «փակագծեր» է բացում

Կան արվեստագետներ, այս դեպքում՝ օպերային երգիչներ, որոնք մի քանի տասնամյակ ապրելով ու ստեղծագործելով արտերկրում, այսօր էլ առիթի դեպքում հիացմունքի ու ափսոսանքի զգացումով են հիշվում: Նրանցից է օպերային երգիչ, բաս-բարիտոն Ռուբեն Թելունցը, որը շուրջ 15 տարի ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: Միայն անցյալ տարի արվեստագետին Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի առիթով հանդիպեցինք Երեւանի օպերային թատրոնում, ապա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքական համերգների ժամանակ: Բայց քանի որ այդ համերգը պետք է իր շարունակությունն ունենար նաեւ Մոսկվայում, հնարավորություն չունեցանք հանդիպել երգչի հետ: Իսկ մասնագետները մեր օպերային թատրոնում Թելունցի դերերգերից առանձնացնում են հատկապես Դավիթ-Բեկը՝ Տիգրանյանի համանուն օպերայում (բեմադրող դիրիժոր՝ Յու. Դավթյան, ռեժիսոր՝ Տ. Լեւոնյան), նշելով ոչ միայն երգչի առնական եւ միեւնույն ժամանակ թավշյա բաս-բարիտոնը, այլեւ Զորավարի հերոսական կերպարի մարմնավորումը:

Telunc_Tatevik_Sazandaryan

Թելունց-Դավիթ Բեկին շնորհավորում են Տաթեւիկ Սազանդարյանը եւ երգչի զոքանչը՝ դաշնակահար-կոնցերտմայստեր Նելլի Դանիել-Բեկը (Երեւան, 1987թ.):

Այս օրերին Ռուբեն Թելունցը կրկին Երեւանում է: Նա սիրով ընդունեց «Առավոտի» հետ զրույց ունենալու առաջարկը: Խնդրեցինք, ի վերջո, հայտնել հայրենիքից հեռանալու իրական պատճառը եւ հետաքրքրվեցինք՝ շարունակո՞ւմ է երգչի կարիերան ԱՄՆ-ում, թե՞, ինչպես մեզ է հայտնի, լոսանջելեսյան հայկական հեռուստաընկերություններից մեկի «Ոսկե սրինգ» հաղորդաշարի հեղինակն ու վարողն է միայն:

Մեր զրուցակիցը նախ նշեց, որ 1978թ.-ից, երբ դեռ Երեւանի կոնսերվատորիայի ուսանող էր, փոքր դերերգերով մասնակցում էր որոշ ներկայացումների, իսկ որպես մեներգիչ օպերային թատրոն մուտք է գործել 1984թ., հանդես եկել այն տարիներին խաղացանկային ներկայացումներում գլխավոր դերերգերով, այդ թվում՝ Վերդի՝ «Աիդա», «Օթելլո», Չուխաջյան՝ «Արշակ 2-րդ», Բիզե՝ «Կարմեն», Էդ. Հովհաննիսյան՝ «Ճանապարհորդություն դեպի Էրզրում», հիշեց, որ Բարսեղ Թումանյանի հետ նշված օպերաներում հանդես էին գալիս նույն դերերգերով, ելնելով հյուրախային եւ խաղացանկային գերզբաղվածությունից: Հիշեց նաեւ, որ «Արշակ 2-րդի» հերթական մի ներկայացման ժամանակ հիացումի ու զարմանքի պահեր է ապրել՝ իր շուրջը տեսնելով, թե ինչ հզոր խաղընկերներ ունի: Իսկ նրանք էին Գոհար Գասպարյանը, Գոհար Գալաչյանը, Նար Հովհաննիսյանը, Միհրան Երկաթը:

Ruben_Telunc-1

Երգիչը Կոլենի կերպարում (Դոնիցետտի «Բոհեմ», Երեւան, 1991թ.):

Իսկ թե ինչո՞ւ մեկնեց Ամերիկա, երգիչն առաջին անգամ պարզաբանեց. «1996թ. նշանակվեցի Երեւանի օպերային թատրոնի փոխտնօրեն, իսկ հայրենիքից մեկնեցի 1999թ.: Ճիշտն ասած, մտքովս երբեք չէր անցել. դատեք ինքներդ: Այն ժամանակվա մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը պարզապես ընկել էր Տիգրան Լեւոնյանի հետեւից, ինչի արդյունքում օպերային թատրոնում արմատավորվեց կոռուպցիան, իսկ խեղճ թատրոնն էլ, եթե ոչ ավելի, գոնե 20 տարով հետ գնաց: Օրինակ, այդ տարիներին տարաձայնություններ էին սկսվել Օհան Դուրյանի եւ Տիգրան Լեւոնյանի միջեւ, ես էլ պատրաստել էի Կալիստենի դերերգը՝ Դոնիցետտիի «Պողիկտոսում», ինչով այդպես էլ չներկայացա: Եթե հիշում եք, այդ տարիներին կար արտահայտություն՝ «լեւոնյանականներ»:

Օրինակ, օրաթերթերից մեկը իմ խոսքը՝ «Երեւանի փոշին չեմ փոխի արտասահմանյան որեւէ փայլի հետ», վերաձեւավորել էր այսպես՝ «Ռուբեն Թելունցը իր վրա է կրում Երեւանի կեղտն ու փոշին», եւ այլն, եւ այլն: Նախ ես հայրենիքից չեմ հեռացել, եթե հարկ կա՝ կարող եմ ներկայացնել Ամերիկայում իմ գործունեությունը, այդ թվում՝ բարեգործական»:

Ruben_Telunc-4

Ռ. Թելունցը՝ «Շարական» անսամբլի հետ (ղեկավար՝ Դանիել Երաժիշտ) ելույթի պահին (Երեւան, 1987թ.):

Արվեստագետը փաստեց, որ ԱՄՆ-ում բացի «Ոսկե սրինգ» հաղորդաշարից, որը ներկայացնում է հիմնականում հայաստանցի արվեստագետների, համագործակցում է «Լարք» երաժշտական միության տնօրեն Վաչե Բարսամյանի եւ Երեւանի օպերային թատրոնի երբեմնի գլխավոր ադմինիստրատոր Վաչե Ստեփանյանի հետ: Համագործակցության արդյունքում ԱՄՆ-ում բեմադրվել են Տիգրանյանի «Անուշը», Դինիցետտիի «Պողիկտոսը», Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղան», «Զեմիրե» օպերաները, Չուխաջյանի գրեթե մոռացված «Զվարթ» կոմիկական օպերետը եւ այլն: Գլխավոր դերերգերի համար հրավիրվել են Հասմիկ Պապյանը, Եղիշե Մանուչարյանը, Արշակ Կուզիկյանը, հանդես է եկել նաեւ Թելունցի որդին՝ Ռաֆայելը:

Ruben_Telunc-3

Հայր եւ որդի Թելունցները «Ամբասադոր» թատրոնում, «Անուշ» ներկայացումից առաջ, Քյոխվայի եւ Օհանի կերպարներում (2015թ., ԱՄՆ):

Մեր զրուցակիցը դասավանդում է ԱՄՆ-ում՝ «Թելունց երաժշտանոցում», որտեղ աշխատում են նաեւ դաշնակահարուհիներ կինն ու դուստրը, հարսը: Հայաստան այցելությունից առաջ Թելունցը, որ իր 20-ամյա մանկավարժական գործունեության համար ստացել է պրոֆեսորի կոչում, հրավիրվել է Փասադենայի կոնսերվատորիա՝ վարելու վոկալ արվեստի դասարան եւ դասավանդում է Գլենդելի «Սթար» թատրոնում: Իմիջիայլոց, 2015թ. ԱՄՆ-ում հանդիսավորությամբ նշվել է երգչի ծննդյան 60, բեմական գործունեության 40, մանկավարժական ու TV հաղորդաշարի 20-ամյա հոբելյանները:
Ռեպլիկին, թե միայն չասեք, որ ԱՄՆ-ում առաջին օրվանից հարթ է ընթացել ձեր գործունեությունը, Ռուբեն Թելունցը հավաստիացրեց, որ ԱՄՆ ոտք դնելուց մեկ-երկու օր հետո, թեեւ ինքը ՀՅԴ կուսակցության անդամ չէր, բայց ստացել է հրավեր Համազգայինի կողմից: Ասաց, որ մինչեւ այսօր էլ ինքը շարունակում է սովորել, օրինակ, մտերիմ է Սեթ Ռաջի հետ, որի մոտ վարպետության դասեր են անցկացրել 120 աստղեր, այդ թվում՝ Սթիվի Վուանդերը, Մայքլ Ջեքսոնը, Սելին Դիոնը, Քրիստինա Ագիլերան: Հավելեց նաեւ, որ իր որդին նույնպես հաճախել է դասընթացների աշխարհահռչակ մանկավարժի մոտ:
Ռուբեն Թելունցը նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել Ազգային օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հետ, նպատակը «Պողիկտոս» օպերայի լեւոնյանական բեմադրության վերականգնումն է:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

23.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031