Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Միջազգային համագործակցությունները կնպաստեն մեր երկրում մարդկանց առողջության պահպանմանը

Օգոստոս 24,2016 15:30

Առողջապահության բնագավառում միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից այս տարվա առաջին կիսամյակը նշանավորեց 2016 թ.-ի մարտի 1-2-ը Երեւանում կայացած «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական համաժողովը, որը նոր խթան հանդիսացավ մասնակից պետությունների համար` էլ ավելի սերտ եւ փոխհամաձայնեցված համագործակցության գործում: Համաժողովին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Վրաստանի առողջապահության նախարարները, Ղազախստանի առողջապահության նախարարի տեղակալը, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչը, վերը նշված պետությունների առողջապահության նախարարությունների պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումը նշանակալի էր նրանով, որ Հայաստանում առաջին անգամ միաժամանակ հանդիպեցին մի քանի երկրների առողջապահության նախարարներ եւ ստորագրեցին «Հանրային առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ» համատեղ հայտարարություն, որը հիմք կհանդիսանա մեր երկրների միջեւ նոր, արդյունավետ ու առավել սերտ համագործակցության համար եւ լուրջ դերակատարություն կունենա մեր երկրներում մարդկանց առողջության պահպանման, հետեւաբար եւ առողջապահական կարեւոր ցուցանիշների բարելավման գործում։

2016 թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությամբ ռուսական ծրագրի շրջանակներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում Հայաստանին ցուցաբերվել է օժանդակություն. տրամադրվել են լաբորատոր եւ ախտորոշիչ սարքավորումներ, ինչպես նաեւ պարբերաբար կազմակերպվել են հայ մասնագետների վերապատրաստման դասընթացներ Ռուսաստանի բժշկական հաստատություններում: Նույն ծրագրի շրջանակներում ՌԴ կառավարությունը Հայաստանին նվիրաբերել է շարժական բժշկական-ախտորոշիչ կենտրոն:
Այս տարվա մարտի 22-25-ը Մոսկվայում կայացավ Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՁԻԱՀ/ՄԻԱՎ հարցերին նվիրված 5-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցեց նաեւ ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալի գլխավորությամբ: ՌԴ կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերվեց 2-րդ շարժական բժշկական կենտրոնը: Առողջապահության ոլորտի պատասխանատուների վստահեցմամբ՝ սա լուրջ ներդրում է հանրապետության հեռավոր գյուղական շրջանների բնակչության բժշկական սպասարկման բարելավման ոլորտում:

2016թ.-ի աշնանը Երեւանում կազմակերպվելու է հայ-ռուսական առողջապահական համաժողով: Սրան նախորդել են 2 խոշոր իրադարձություն` 2014թ.-ի նոյեմբերի 7-ին Երեւանում եւ 2015թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հայ-ռուսական առողջապահական համաժողովները:

ԱՄՆ կառավարության հետ համագործակցության շրջանակում Հայաստանի առողջապահական համակարգը համալրվել է ռեֆերենս լաբորատորիայով, որը հնարավորություն կընձեռի ապահովելու լաբորատոր հետազոտությունների եւ դրանց արդյունքների առավել բարձր որակ եւ արժանահավատություն։ Ի դեպ, այս նույն ծրագրի շրջանակում արդիականացվել են նաեւ Շիրակի եւ Տավուշի մարզային լաբորատորիաները: Իսկ Լոռու, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզային լաբորատորիաների արդիականացումը կիրականացվի 2017թ.-ին։

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում «Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր եւ մանկան առողջության եւ ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել են տուբերկուլյոզի ամբուլատոր ծառայությունների որակի եւ կիրառելիության, մոր եւ մանկան առողջության, ընտանիքի պլանավորման եւ վերարտադրողական առողջության որակյալ ծառայությունների հասանելիության ապահովմանը ուղղված միջոցառումներ:

Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի արդյունքում ստորագրված արձանագրության շրջանակներում էլ կողմերը համագործակցում են դեղերի գրանցման ոլորտում:

Այս տարի ՀՀ առողջապահության նախարարությունը գերմանական կողմի հետ իրականացրել է բժշկախորհրդատվական գործունեություն, ինչպես նաեւ առաջարկել է դիտարկել Գերմանիայի առաջատար կլինիկաներում հայ մասնագետների վերապատրաստման հնարավորության հարցը:

Ոլորտի պատասխանատուները նաեւ առանձնացնում են Իրանի հետ ընթացող
ակտիվ համագործակցությունը` երկու երկրներում անցկացվող բժշկագիտական եւ առողջապահական միջոցառումները` հիգիենիկ համաճարակային իրադրության, ինչպես նաեւ դեղերի եւ բժշկական սարքավորումների արտադրության վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու առումով:

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նիստերի շրջանակներում ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր:

2016թ.ի առաջին կիսամյակում առողջապահության մեր մասնագետները հայ-իրաքյան եւ Հնդկաստանի հետ համագործակցության շրջանակներում մասնակցել են այդ երկրում կայացած միջոցառումներին: Հնդկական կողմը առաջարկներ է արել նաեւ դեղարտադրության ոլորտում համագործակցություն իրականացնելու ուղղությամբ: Մեկ այլ համագործակցության արդյունքում Հորդանանի առողջապահության նախարարին Հայաստան այցելելու հրավեր է ուղղվել:

Հաշվի առնելով Հունաստանի ներկայիս առողջապահության բնագավառի նորամուծությունները, ինչպես նաեւ հանրային առողջության ոլորտի նոր մարտահրավերները՝ ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարել հունական կողմի հետ` առողջապահության բնագավառում 2 երկրների համագործակցությունը թարմացնելու ուղղությամբ:

Ի դեպ, շտապօգնության ծառայության բարելավման ուղղությամբ Հայաստանի եւ Չինաստանի համագործակցության դրական փորձը առիթ է հանդիսացել, որպեսզի այդ երկրի հետ համագործակցությունը շարունակվի. չինական կողմին խնդրանք է հղվել Հայաստանին աջակցելու եւս 200 շտապօգնության մեքենաներով եւ ռեանիմոբիլներով: Բացի այդ, Չինաստանում հայ մասնագետների վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն:

Այս տարվա դեկտեմբերին էլ նախատեսվում է մեր մասնագետների համար դասընթացի կազմակերպում Ճապոնիայում` JICA ծրագրի շրջանակներում:

2014թ.-ին ՀՀ-ի եւ Չեխիայի առողջապահության նախարարությունների միջեւ ստորագրված փաստաթղթերից մեկն էլ երկու երկրների արյունաբանական կենտրոնների միջեւ համագործակցության հուշագրերն են, որոնց շրջանակներում եղել են փոխայցելություններ, եւ կատարվել է համապատասխան մասնագիտական աշխատանք:
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլ իրականացվում է միջպետական համագործակցություն «Սահմանների համալիր կառավարում» ծրագրի շրջանակներում:
Ֆրանսիայի հետ ավանդական բարեկամությունը հիմք է դրել մի շարք պետական ու հասարակական կառույցների հետ համագործակցության ծավալման համար: Հայաստանում տուբերկուլյոզի ոլորտում հաջողությամբ գործում է ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, որն օժանդակում է ՀՀ առողջապահության նախարարության Տուբերկուլյոզի ազգային գրասենյակին տուբերկուլյոզով հիվանդների բուժման հարցում` Երեւանում, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Կոտայքի եւ Արարատի մարզերում, ինչպես նաեւ դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժման ծրագիր է իրականացնում ԼՂՀ-ում:

Նշենք, որ Հայաստանը միշտ ակտիվորեն մասնակցել է ԱՊՀ առողջապահական հանձնաժողովների նիստերին, ստորագրել ԱՊՀ սահմաններում ընդհանուր խնդիրների լուծմանն ու կարգավորմանը վերաբերող կարեւոր մի շարք փաստաթղթեր: ՀՀ առողջապահության նախարարությունն այս տարի մասնակցել է նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներին առնչվող փաստաթղթերի, նախագծերի մշակման եւ համաձայնեցման գործընթացին:
Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ նշենք, որ այս տարվա մայիսին Ժնեւում կայացել է ԱՀԿ հերթական 69-րդ վեհաժողովը, որին մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարը: 2016թ. սեպտեմբերին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կկայանա ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի հերթական` 66-րդ նիստը, որին նույնպես նախատեսվում է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչի մասնակցությունը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հետ ներկայումս էլ համագործակցությունը ակտիվորեն շարունակվում է: Հիմնադրամն օժանդակում է նախարարությանը` մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում ռազմավարական փաստաթղթերի մշակման, պատվաստանյութերի եւ իրականացվող ծրագրերի շրջանակներում դեղորայքի ու առանձին սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաեւ երեխայի առողջության հավաստագրի ծրագրի ներդրման հարցերում:

Ի դեպ, ակտիվ համագործակցություն է ընթանում World Vision, Oxfam, Save the Children միջազգային կազմակերպությունների հետ: Առողջապահության նախարարության եւ վերոհիշյալ կազմակերպությունների միջեւ ստորագրվել են համագործակցության հուշագրեր, որոնց շրջանակներում իրականացվում են մոր եւ մանկան առողջության, առողջության առաջնային պահպանմանն ուղղված ծրագրեր:
Այս տարվա ընթացքում իրականացվում են նաեւ «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում» եւ «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրերը:

ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» թիվ 5222-ԱՄ, ինչպես նաեւ «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի թիվ 014138 եւ 013303 դրամաշնորհային ծրագրերը:

«Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ առողջապահական համակարգի շարունակական զարգացումը, ինչպես նաեւ հանրապետությունում եւ ողջ աշխարհում տարեցտարի ավելացող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու բուժման արդյունավետության բարձրացումը:

Մասնավորապես, 01.01.2015թ. 30.06.2016թ. ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 740 հազար սքրինինգային հետազոտություն:
Ակտիվ համագործակցություն է ընթանում նաեւ Սփյուռքի կառույցների հետ:
Շարունակվում է համագործակցությունը Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի (FAR) հետ, որի կողմից իրականացվող «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագիրը զգալի օժանդակություն է Հայաստանում շարունակական բժշկական կրթության զարգացման աշխատանքներին:

Հյուսիսային Ամերիկայի Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից էլ շարունակվում է աջակցությունը ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի Մոր եւ մանկան առողջության կենտրոնին, որտեղ բարեգործական հիմունքներով բարձրորակ բժշկական օգնություն է ցուցաբերվում կանանց եւ մանուկներին:

 
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ»

23.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031