Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Ծանրամարտից հեռու մարդիկ ավելի լավ է՝ չխոսեն»

Օգոստոս 27,2016 13:00

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը նախատեսվածից շուտ է Ռիոյից վերադարձել Երեւան: Նա եկել է Անդրանիկ Կարապետյանի հետ, որպեսզի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարությամբ ու միջոցներով կազմակերպի բուժման նպատակով մարզիկի մեկնումը Մոսկվա: «Անդրանիկը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ սահմանեց 174 կգ, որը մինչ այդ պատկանում էր Տիգրան Մարտիրոսյանին՝ 173 կգ: Նա իրեն լավ էր զգում: Ռիոյում վնասվածք ստանալուց հետո իմացանք, որ փոքր հասակում նա նույն տեղում հոդախախտ է ունեցել: Մենք այդ մասին չգիտեինք: Թեեւ իմանայինք էլ՝ ինչ պետք է անեինք (Անդրանիկը տարբեր տարիքային խմբերում բազմաթիվ մրցումների է մասնակցել, դարձել մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու այդ ընթացքում եւ հավաքների ժամանակ արմունկի այդ հատվածում լուրջ խնդիրներ չի ունեցել- Ա. Հ.): Մարզումների ժամանակ նա 205 կգ հրումներ է կատարել: Այնպես որ, մենք սկսել էինք դեռ 10 կգ պակաս՝ մեզ ու Անդրանիկին արդյունքների առումով ապահովագրելով: Ինչ կարող ես անել: Սպորտը մնում է սպորտ», – ասաց պարոն Ալավերդյանը:

Հարցին, թե վնասվածքն, այնուամենայնիվ, ի՞նչ աստիճանի է, գլխավոր մարզիչը պատասխանեց. «Ծղիկն ու ճաճանչը հեռացել են՝ հոդախախտ է: Ջլերը չեն պոկվել, կապանների խնդիր կա, որոնք պետք է միկրովիրահատությամբ կարգի բերել: Մոսկվայում դա շատ լավ են անում: Գագիկ Ծառուկյանն այս հարցերը կարգավորելու համար ոչինչ չի խնայել՝ մեզ ասելով, որ անենք ամեն բան, ինչ հարկավոր է»:

Հետաքրքրվեցինք, թե վիրահատությունն իսկապե՞ս անհրաժեշտ է, որին Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց. «Եթե Անդրանիկը չվիրահատվի, նա իմ, ձեր, սովորական մարդու համար ձեռքի, թեւի ոչ մի խնդիր չի ունենա: Բայց քանի որ մտադիր է շարունակել մարզական կարիերան, գլխավերեւում պահել 200 եւ ավելի կիլոգրամ կշռող ծանրություններ, վիրահատությունը պետք է»:

Հարցին, թե որպես գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ինչպե՞ս է գնահատում մեր տղաների եւ աղջիկների մասնակցությունը օլիմպիական խաղերում, մասնագետն ասաց. «Չհաշված Անդրանիկի հետ պատահածը, ամեն բան նորմալ էր: Տղաները մասնակցեցին բարձր մակարդակով եւ արեցին այն ամենը, ինչի հնարավորություն ունեին: Ավելիին այսօր նրանք դեռ չէին հասել: Անկախ Հայաստանի պատմության մեջ մենք ծանրամարտում ունեցանք օլիմպիական առաջին արծաթները, այն էլ՝ միանգամից երկուսը: 1992 թվականին Իսրայել Միլիտոսյանի ոսկուց հետո մենք ունեցել էինք բրոնզե մեդալներ: Հիմա դրանց ավելացավ երկու արծաթ: Ինչ վերաբերում է աղջիկներին, ինքներդ էլ տեսաք, որ Նազիկ Ավդալյանը հրաշալի մասնակցեց՝ գերազանցելով ինքն իրեն, ավելացնելով Եվրոպայի առաջնության իր արդյունքը: Սոնա Պողոսյանը դեռ երիտասարդ աղջնակ է: Առաջին անգամ օլիմպիական խաղերին մեծահասակների մրցակցությամբ իր համար շատ նորմալ արդյունքներ ցույց տվեց: Մենք նրանից ավելին չէինք էլ սպասում: Ու մի բան էլ. նկատեցի՞ք, որ Ռիոյում թե Գոռ Մինասյանը, թե Սիմոն Մարտիրոսյանը եւ թե Ռուբեն Ալեքսանյանը ինչպիսի կռիվ տվեցին ոչ միայն մրցակիցների, այլեւ ծանրաձողի հետ ու որպես կանոն՝ հաղթող էին դուրս գալիս»:

Պատասխանելով այստեղ տարածված այն դիտարկմանը, որ ի վերջո չորրորդ տեղն զբաղեցրած Ռուբեն Ալքեսանյանի՝ հրում վարժությունում երկրորդ մոտեցման համար կատարած ինը կիլոգրամանոց քայլը, գուցե, մարզիչների եւ մարզիկի կողմից թույլ տված ռազմավարական սխալ էր, Փաշիկ Ալավերդյանը վրդովվեց. «Տեղյակ եմ, որ այդպիսի մտքեր հնչել են: Դա ծանրամարտ բացարձակ չհասկանալու արդյունք է ու լավ կլիներ, որպեսզի այդ մարդիկ ընդհանրապես ձայն չհանեին: Ռուբեն Ալեքսանյանը դրանից առաջ երկամարտի 440 կգ-ով արդեն չորրորդ տեղում էր եւ դեռ երկու մոտեցում ուներ: Նա պիտի պայքարեր բրոնզե մեդալի համար: Նրան հենց այդքան էլ պակասում էր: Ուրիշ ի՞նչ պետք է անեին ինքն ու մարզիչները: Ի՞նչ էր տալու հաջորդ մոտեցման համար, ասենք՝ չորս, կամ թեկուզ ութ կիլոգրամանոց քայլ կատարելը: Ոչինչ: Միայն էներգիայի ավելորդ վատնում եւ ուժերի սպառում: Այլ բան է, որ կատարման տեխնիկական սխալի պատճառով չստացվեց: Բայց տեսաք, չէ՞, թե որքան էր մոտ, ինչպես վերցրեց կրծքին: Այդպես ասողները գիտե՞ն, որ Ռուբենը մարզումների ժամանակ կանգնակների վրայից (դա հրում վարժության երկրորդ հատվածն է- Ա. Հ.) հրել է 260 կգ: Ես անձամբ ոչ մի կասկած չունեի, որ նա կբարձրացնի 254 կիլոգրամը, ինչը իրեն եւ Հայաստանին գերծանր քաշային կարգում նաեւ բրոնզե մեդալ էր բերելու: Ու դա նրա հնարավորությունների սահմանում էր»:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

26.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031