Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցադիմում՝ ընդդեմ Առաքելական եկեղեցու

Օգոստոս 27,2016 15:20

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու: Հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հեքիմյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց դեպքի մանրամասները:

«Ես շատ էի լսել այն մասին, որ քահանաները մի տեսակ յուրահատուկ ՀՀ քաղաքացիներ են, այսինքն՝ ուզածն անում են: Այդպիսի մի դեպքի ականատես եղա այս վերջերս: Քաղաքացի Նելլի Իսկանդարյանը դիմեց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությանը հետեւյալ խնդրով՝ ինքն ապրում է բազմաբնակարանային շենքում, իր ներքեւի հարեւանը քահանա է Տեր Գրիգոր անունով՝ քաղաքացիական անունը  Հակոբ Հովհաննիսյան է: Հակոբ Հովհաննիսյանը, առանց հաշվի առնելու բնակիչների կարծիքը, համաձայնությունը եւ մարդկանց իրավունքները, իր պատշգամբն առաջ է տվել՝ առանց շինթույլտվության, առանց համապատասխան թղթերի»:

Հասարակական կազմակերպությունը հարցումներով դիմել է Երեւանի քաղաքապետարանին, անձամբ Հակոբ Հովհաննիսյանին եւ կաթողիկոս Գարեգին Բ-ին: Հարցմանը պատասխանել է Երեւանի քաղաքապետարանը, որում նշել է, որ պատշգամբն իրավական կարգավիճակ չունի. «Հարցեր տալով ես օգտվել եմ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ, 6-րդ եւ 9-րդ հոդվածներից: Այդ օրենքով քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին եւ իրավաբանական անձանց  թույլատրվում է  հարցումներով դիմել Հայաստանում գործող վարչական մարմիններին, իսկ նաեւ երրորդ հոդվածով սահմանվում է, որ վարչական մարմիններին հավասարեցվում են հանրային նշանակության կազմակերպությունները:

Եվ նաեւ նշվում է, թե ինչ է նշանակում հանրային նշանակության կազմակերպություն՝ այն կազմակերպությունները, որոնք ունեն հանրային նշանակություն եւ մենաշնորհ ինչ-որ ոլորտումներում, օրինակ՝ առեւտրի ոլորտում, մշակույթի ոլորտում, կրոնի ոլորտում, սպորտի ոլորտում: Իսկ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին սահմանադրորեն ամրագրված հանրային նշանակության կազմակերպություն է, որի ղեկավարը Գարեգին Բ-ն է: Իրենք ունեն նույն պարտականությունները, ինչ Հայաստանի պետական եւ վարչական մարմինները»:

Նշենք, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, գրավոր հարցման պատասխանը տրվում է հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում: Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Իսկ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը սահմանված ժամկետներում պատասխան չի ստացել Առաքելական եկեղեցուց. «Նման վերաբերմունքը արհամարհանք եմ գնահատում եւ դիմել եմ դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի Հայաստանյաց առաքելական եկեղեցի հանրային նշանակության կազմակերպությանը յուր ղեկավարով պատասխանել իմ հարցերին, որոնք շատ են անհրաժեշտ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությանը իրավական դիրքորոշում ձեւավորելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նելլի Իսկանդարյանի շահերը պաշտպանելու համար: Այս խնդիրն աննախադեպ է, մինչեւ այսօր նախադեպը ոչ ոք չէր ստեղծել՝ եկեղեցու դեմ հայց չէր ներկայացրել դատարան: Հուսով եմ, որ նախադեպը կլինի եւ ամեն ինչ կընկնի իր տեղը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Աննախադեպ մի նախադեպ ստեղծելու համար ներգրավեք նաև աղանդավորներին, այդ թվում նաև՝ սատանիստներին, գոթերին և այլն, մի թուղթ էլ ներկայացրեք Գեհենից առ այն, որ Եկեղեցու գործունեությունը հանգստից զրկել է Գեհենում բնակվողներին: Այ, դա կլինի անմոռանալի մի նախադեպ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031