Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. ինձ առևանգելու և ծեծելու ամբողջ գործողությունը մշակվել է Բակո Սահակյանի համաձայնությամբ

Օգոստոս 28,2016 13:25

Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես գիտեք իմ գործը վերաորակավորվեց, ինչը հնարավորություն կտա մեղադրյալներին համաներումով ազատվել: Ակնհայտ է, որ վերաորակավորման որոշումը կատարվել է Բակո Սահակյանի կաբինետում և որ նախաքննական մարմինն ու դատախազությունն իրենց որոշումներում ենթարկվել են նախագահականի ճնշմանը:

Այս ամենը գալիս է հաստատելու այն վարկածը, որ ինձ առևանգելու և ծեծելու ամբողջ գործողությունը մշակվել է Բակո Սահակյանի համաձայնությամբ: Այն, որ Արցախում գործերի քննությունը հաճախ է ենթարկվում տարատեսակ միջամտությունների, նորություն չէ, բայց առաջներում գոնե փորձում էին գրագետ իրավական ձևակերպումներ գտնել: Գործի հետ այս կարգի կացինավարի վարվելը նոր միտում է արցախյան արդարադատության ոլորտում:

Իմ և մեր կուսակցության նկատմամբ Բակո Սահակյանի թշնամական վերաբերմունքը նորություն չէ: Հանրապետության նախագահը վաղուց է բացահայտ թշնամական մթնոլորտ թելադրում մեր նկատմամբ, ինչն ուղեկցվում է հանրությանը հայտնի և անհայտ բռնություններով, խոչընդոտներով, վարձու, հաճախ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից սոցիալական և էլեկտրոնային կայքերում բացահայտ ատելություն սերմանող գրառումներով:

Բակո Սահակյանը որևէ կերպ չի կարողանում ընդունել իր քաղաքականության նկատմամբ առկա քննադատությունը և այս անհանդուրժողականությունն առաջիկայում նոր զարգացումներ է ունենալու` Արցախում ավտորիտարիզմի նոր դրսևորումներով և նոր բռնություններով:

Բակո Սահակյանը պատրաստվում է հակասահմանադրական քայլի: 2017թ.-ից հետո (2017թ. լրանում է նրա` երկու անգամ անընդմեջ Արցախի նախագահի ժամկետը) նա պատրաստվում է մնալ նախագահի պաշտոնում, Արցախում սահմանադրական փոփոխությունները հենց այս նպատակին են ուղղված և հանուն այս «բարի» նպատակի գործող նախագահը գնալու է ամեն ինչի:

Գլխավոր մտավախությունը Արցախում առկա հակաժողովրդավարական զարգացումները չեն, այլ այն, որ այդ դեպքում հանրապետության նախագահի լեգիտիմությունը ձգտելու է զրոյի, մեծանալու է արտագաղթը, թուլանալու է պետականությունը, հեշտանալու է նրան Արցախի հարցում պարտվողական որոշումներ թելադրելը»:

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանի նկատմամբ բռնարարքից հետո ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին հանդես եկավ հայտարարությամբ. «Նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում: Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին:

Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, եւ վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Կոչ եմ անում զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից եւ մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները: Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կներկայացվեն հանրությանը: Ես նաեւ մշտական կապ եմ պահպանում ԼՂՀ առողջապահության նախարարի հետ, ինձ պարբերաբար տեղեկություններ են հաղորդվում պարոն Խանումյանի առողջական վիճակի վերաբերյալ: Հայկ Խանումյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Հունիսի 16-ին Հայկ Խանումյանն ու Բակո Սահակյանը հանդիպել էին ու Արցախի նախագահը դատապարտել էր դեպքը եւ հավաստիացրել, որ մեղավորները կպատժվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ահա դարձեալ փաստ մը թէ, յաճախ, (ոչ միշտ)
    սրտի եւ խելքի չափսերը հակադարձօրէն համեմատական են

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031