Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով է ասում, որ օպերան ու բալետը պետք է հասու լինեն բոլորին»

Օգոստոս 29,2016 11:30

Ճանաչված պարուհի Մարիա Դիվանյանի դիտարկումները

Հայկական բալետի երախտավորներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պարարվեստի քոլեջի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանի եւ Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի փորձավար Ելենա Պավլիդիի դուստրը՝ Մարիա Դիվանյանը, 25 տարի բեմում է: Արվեստագետը գլխավոր դերապարերով հանդես է եկել Ադանի, Մինկուսի, Բիզեի, Շոպենի, Մավիսակալյանի, Ճգնավորյանի բալետային ներկայացումներում, հյուրախաղերով հանդես եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Բահրենում եւ այլուր: Ի դեպ, օպերային թատրոնի բալետային խմբում այսօր Մարիան միակ վաստակավոր արտիստն է: «Առավոտը» հյուրընկալել էր ճանաչված պարուհուն:

Maria_Divanyan_9 Maria_Divanyan_8

Թեեւ ժամանակին մեզ հետ զրույցում անվանի խորեոգրաֆներ Յուրի Գրիգորովիչը, Բորիս Էյֆմանը, Նինո Անանիաշվիլին գովեստի խոսքեր են շռայլել թե մեր պարարվեստի քոլեջի եւ թե հայ բալետի արտիստների հասցեին, այդուհանդերձ, մշտապես լսում ենք, որ մեր բալետը հետընթաց է ապրել, չնայած Արեւմուտքի թատրոններում այսօր բալետի հայ արտիստները մեծ հաջողություններ են գրանցում: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Մարիա Դիվանյանն ասաց. «Հենց վերջերս ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկով նույն միտքն էին արտահայտում ռուս անվանի որոշ խորեոգրաֆներ: Նրանք էլ նշում էին, որ իրենց այսօրվա բալետային թատրոնում ինչ-որ բան այն չէ, բալետային ներկայացման անվան տակ հանդիսատեսին է հրամցվում կոմերցիոն շոու:

Maria_Divanyan_7 Maria_Divanyan_6

Համամիտ եմ աշխարհում մինչ օրս իր նմանը չունեցող ռուսական բալետի երախտավորների հետ, բայց հայերս էլ բալետում հոգի ենք դնում, ինչը նրանց մոտ է բացակայում… Մեր օրերում պարզապես չի կարելի առաջնորդվել խորհրդային՝ «արվեստը բոլորի համար» կարգախոսով: Իսկ ո՞վ է ասում, որ դասական բարձր արվեստը՝ օպերան, բալետը…, ինչու չէ՝ նաեւ որոշ ֆիլմեր, պետք է հասանելի լինեն բոլորին: Պարզապես անհրաժեշտ է ոչ թե նշաձողն իջեցնել, այլ հանդիսատեսին «բարձրացնել»… Նշեմ նաեւ, որ այսօրվա արվեստում, այդ թվում՝ բալետային, միայն տեխնիկական հնարները բավարար չեն»: Մեր զրուցակիցը հիշեց հոր խոսքերը. «Նա մշտապես կրկնում է, որ ուղեղն է թելադրում մարմնի մյուս մասերին, ցանկացած արվեստագետ պետք է ունենա բարձր ինտելեկտ: Կարող ես հիանալ, ասենք՝ բալետի արտիստի կազմվածքով, պլաստիկայով, բայց դա քիչ է: Ի վերջո՝ կերպար է պետք ստեղծել: Իսկ բալետային ներկայացումը թատրոն է, չէ՞, որն ունի լիբրետո եւ լուռումունջ, փաստորեն միայն պլաստիկ արվեստով պետք է ասելիքդ հասցնես հանդիսատեսին, որ նա հուզվի, ժպտա, ասենք՝ արտասվի, մի խոսքով՝ ապրի այն հոգեվիճակը, ինչը բալետի լեզվով կհասցնես նրան»: Ինչ վերաբերում է արտիստի ինտելեկտին, պարուհու հավաստմամբ՝ առաջին հերթին դա գալիս է ընտանիքից:

Maria_Divanyan_5 Maria_Divanyan_4

Ինչո՞ւ մեզ մոտ չեն կազմակերպվում բալետի արտիստների գոնե հանրապետական մրցույթներ եւ համեմատ արվեստի մյուս ժանրերի՝ բալետում քիչ են Հայաստան եկած հյուրախաղորդ արտիստները: Շուտով կնշենք Հայաստանի անկախության 25-րդ տարին, իսկ այս ընթացքում Երեւան են այցելել միայն մի քանի անուններ՝ Յուրի Գրիգորովիչը, Բորիս Էյֆմանի թատրոնը իր մոդեռն ներկայացումներով, Մեծ թատրոնի բալետային խումբը, Նինո Անանիաշվիլու թատրոնը, Անաստասիա Վոլոչկովան եւ վերջ, մինչդեռ առաջին դեմքերի հովանավորությամբ Երեւանում հանդես են գալիս իսկապես աշխարհահռչակ երաժիշտներ: Այս առիթով Մարիան նախ նշեց, թե ինքը չի կարող ասել պատճառը, թե ինչու «բարձր հովանու» ներքո հաճախ չեն հրավիրվում բալետային խմբեր կամ անհատ կատարողներ, իսկ առաջին դեմքերի ոչ հաճախ, բայց հանդիպել է թատրոնում: Մտաբերեց միայն 2009թ. մեր թատրոնում Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան: Ինչ վերաբերում է թատրոնին, հավաստիացրեց, որ միայն օպերային թատրոնը հրավերների առումով նման ֆինանսական ճոխություն իրեն թույլ տալ չի կարող:

Maria_Divanyan_3 Maria_Divanyan_1

Զրուցեցինք նաեւ ժամանակակից, մոդեռն ներկայացումների շուրջ, մանավանդ որ, Մարիան հունիսին մասնակցել է Թբիլիսիում կայացած մոդեռն բալետի փառատոնին: «Նախաձեռնողը Թբիլիսիի Պավլիաշվիլու անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին մենապարուհի Մարիամ Ալեքսիձեն է, ում հայրը՝ Գեորգի Ալեքսիձեն ժամանակին ղեկավարել է այդ թատրոնի բալետային խումբը: Ըստ էության, սա Անդրկովկասյան փառատոն է, մոդեռն բալետը զարգացնելու նպատակով, որի շրջանակներում տեղի է ունենում նաեւ մոդեռնի «մասով» վարպետության դասեր:

Փառատոնին ներկայանալու պայմանները թելադրում են իրենք, օրինակ՝ այս անգամ պահանջվում էր 4 բալետմայստեր եւ 2 բալետի արտիստ: Մասնակցել են երիտասարդ բալետմայստերներ Ռիմա Պիպոյանը, Արա Ասատրյանը, Կարեն Խաչատրյանը եւ Տոմա Այդինյանը, բալետի արտիստներից՝ Դավիթ Գրիգորյանն ու ես: Ներկայացրինք «Տեֆիլաժամեր» մոդեռն բեմադրությունը: Մեր թատրոնում վերջին տարիներին ժամանակակից, մոդեռն բեմադրությունների մասով շարժ կա: Օրինակ, հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց Արսեն Մեհրաբյանի խորեոգրաֆիայով «Արշիլ Գորկի» եւ Ռիմա Պիպոյանի ռեժիսուրայով «Մեղապարտ կրքեր» մոդեռն ներկայացումները: Այսօր երիտասարդներին ձգում է ժամանակակիցը, մոդեռնը, նեոկլասիկը: Ասեմ, որ պարտադիր չէ մեծ գումարներ լինեն այս կամ այն նախագիծն իրականացնելու համար, պարզապես պետք է անենք այնպես, որ երիտասարդների մոտ բալետի հանդեպ ցանկությունը չմարի…»,- ասաց արվեստագետը:

Իմիջիայլոց, Մարիա Դիվանյանն անհամբերությամբ է սպասում նոր ուսումնական տարվա սկզբին, քանի որ մի քանի տարվա ընդմիջոմից հետո կրկին շարունակելու է մանկավարժական գործունեությունը՝ պարարվեստի քոլեջում:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

27.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031