Լրահոս
Օրվա լրահոսը

Շտայնմայեր․ Բունդեսգաթի բանաձևը կապ չունի թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու խնդրի հետ

Օգոստոս 30,2016 17:20

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարում է՝ Բունդեսգաթի՝ Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձևը ոչ մի կապ չունի գերմանացի պատգամավորների՝ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու խնդրի հետ:

«Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է՝ պաշտոնական Անկարան, վրդովված Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, արգելել էր գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ Գերմանիան «Տորնադո» տիպի 6 հետախուզական ինքնաթիռ և վառելիքով վերալիցքավորող մեկ օդանավ ունի, որոնցով օժանդակում է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններին։ Թուրքիայի հետ համաձայնության չգալու պարագայում գերմանացի օրենսդիրները քննարկում են իրենց ռազմատեխնիկան հետ քաշելու հարցը։

«Ոչ մի ուղղակի կապ չեմ տեսնում երկու հարցերի միջև և այդ մասին հայտնել եմ նաև թուրք գործընկերներին», – գերմանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Շտայնմայերը՝ հավելելով.- «Դաշնային խորհրդարանը պետք է հավանություն տա, որպեսզի զինվորները կարողանան շարունակել իրենց ծառայությունը արտերկրում։ Այդ նպատակով պատգամավորները ցանկանում են այցելել Ինջիրլիքում գտնվող զինվորներին։ Իմ պարտականությունը պատգամավորների համար նման հնարավորություն ապահովելն է»։

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է` Անկարան Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին թույլ կտա այցելել Ինջիրլիքի ռազմակայան, եթե Գերմանիան հրաժարվի Բունդեսթագի ընդունած այն բանաձեւից, որը «1915թ. հայերի սպանությունները ճանաչում է որպես ցեղասպանություն»: Ըստ Չավուշօղլուի` Գերմանիայի կառավարությունը պետք է ցույց տա, որ իր համար ընդունելի չէ Բունդեսթագի այդ որոշումը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031