Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեքսոնի տարօրինակություններն ու վախերը

Օգոստոս 31,2016 12:30

Օգոստոսի 29-ին փոփ-արքան ու «Հազարամյակի արտիստը»՝ Մայքլ Ջեքսոնը կդառնար 58 տարեկան: Նա կյանքից հեռացավ 2009թ. հունիսի 25-ին՝ 50 տարեկանում: Հեռացավ՝ խորը հետք թողնելով համաշխարհային մշակույթում:

Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը (175 միլիոն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor։ HIStory in the Mix -11 միլիոն օրինակ), ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը (HIStory 20 միլիոն ալբոմ, 40 միլիոն սկավառակ) եւ ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream, 7 միլիոն դոլար):

Michael-Jackson-2
Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում եւ համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր ու ազդեցիկ արտիստներից մեկը: Նա այն եզակի երգիչներից է, որի անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի:

Մայքլ Ջեքսոնի մահվան առեղծվածային հանգամանքների մասին շատ է գրվել, բայց առայսօր ամեն ինչ խորհրդավորության շղարշի ներքո է: Ինչպես վերը նշվեց, Ջեքսոնը բազմաթիվ առումներով ռեկորդակիր է, նա կարող էր ռեկորդ սահմանել նաեւ իր ունեցած վախերի ու տարօրինակությունների առումով, եւ պատճառը նրա ընտանիքն էր ու հանգամանքները:

Michael-Jackson-9
Մայքլը երգել է 5 տարեկանից, նա իր եղբայրների հետ երաժշտական կոլեկտիվի անդամ էր: Մշտական փորձերը երկար ժամանակ էին խլում տղայից, եւ նա չէր կարողանում խաղալ ու վայելել մանկությունը: Մայքլի հայրը խստաբարո էր, եւ հաճախ երեխաներին պատժում էր վատ ելույթների համար, անգամ ծեծում էր գոտիով, դրա համար էլ Ջեքսոնը նույնիսկ հասուն տարիքում վախ ուներ դաժան հորից եւ միշտ խուսափում էր նրա հետ մենակ մնալուց:

Իր Moonwalk գրքում արտիստը գրել է. «Ես ստուդիայում երգում էի մինչեւ ուշ գիշեր, այն դեպքում, երբ այդ ժամերին բոլոր նորմալ երեխաները քնած էին: Ստուդիայի հարեւանությամբ այգի կար, ես միշտ զարմանքով էի նայում այնտեղ խաղացող երեխաներին, ու մտքովս չէր անցնում, որ հնարավոր է՝ ես էլ նրանց պես խաղամ, լինեմ նույնքան ազատ կամ դուրս գամ փողոց ու պահեմ ինձ այնպես, ինչպիսին կամ իրականում»:

Michael-Jackson-12
Մանկությունից զրկված Ջեքսոնը մինչեւ կյանքի վերջ երեխա մնաց: Բանը հասավ նրան, որ 39 տարեկանում նա գնեց իր հանրահայտ Neverland ռանչոն՝ ատրակցիոններով, կենդանաբանական այգով եւ երկաթուղով: Neverland անվանումն էլ գալիս է Փիթեր Փենի մասին մուլտֆիլմից, այդպես կոչվում էր այն երկիրը, որտեղ երբեք չի վերջանում մանկությունը: 40-50 տարեկանում Մայքլը խաղալիքներ են գնում եւ սիրում էր խաղալ երեխաների հետ, այստեղից էլ պայթեց սկանդալը՝ նրա պեդոֆիլ լինելու վերաբերյալ: Իր ինֆանտիլության պատճառով երգիչը իրեն ապահով էր զգում միայն երեխաների հետ եւ վախենում էր կանանց հետ մերձ հարաբերություններից: Մինչ 36 տարեկանում Լիզա Մարիա Փրեսլիի հետ ամուսնանալը՝ նա որեւէ կին չէր ունեցել կյանքում, բոլորը մտածում էին, թե Մայքլը սեքսուալ սառնություն ունի:

Ջեքսոնի նախկին թիկնապահները խոստովանել են, որ մայրը որդու մոտ մտնել թույլ չէր տալիս ամեն մեկին, ու դա բերեց նրան, որ Ջեքսոնն իսպառ մենակյաց դարձավ: Արտիստն ամեն երեկո քնելուց առաջ ստուգում էր՝ արդյոք փա՞կ են պատուհաններն ու դռները, որեւէ մեկը չի՞ սողոսկել իր տուն: Դեռ մանկուց նրան դուր չէր գալիս իր արտաքինը, ինքը համոզված էր, որ շատ թերություններ ունի, դրա համար էլ հասուն տարիքում դիմեց բազմաթիվ վիրահատությունների: Նա այնքան էր ատում իր արտաքինը, որ հրամայել էր ծածկել բոլոր հայելիները: Ջեքսոնը մի վախ էլ ուներ՝ ծերանալը: Արտիստը մտերիմներին խոստովանել էր, որ մի կնճիռ հայտնվելու դեպքում պատրաստ է դիմել ինքնասպանության, իսկ լրագրողներին էլ 43 տարեկանում ասել էր. «Ես ուզում եմ միշտ երիտասարդ մնալ, ծերունի չդառնալ, չկորցնել հիշողությունս, միշտ լինել երիտասարդ ու խաղալ իմ մանկության տարիների ամենասիրելի խաղը՝ պահմտոցի»: Նա վախենում էր նաեւ մեքենաների խցանումներից, դրսում բացիլներ վերցնելուց, դրա համար էլ միշտ ձեռնոց էր կրում ու հիվանդագին ձեւով պահանջում վարակազերծել ամեն ինչ: Կյանքի վերջին օրերին նա հանգստացնող դեղամիջոցների ազդեցության տակ էր:
Իմիջիայլոց, Ջեքսոնի մահից հետո ավելի հանրահայտ դարձավ նրա երգի հետեւյալ տողը. «Նրանք թքած ունեն մեզ վրա»:

 

Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

30.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031