Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրարտու»-ի խնդիրը լավագույն եռյակում ընդգրկվելն է. Տիգրան Գյոկչյան

Օգոստոս 31,2016 16:28

«Ուրարտու»-ի խնդիրը լավագույն եռյակում ընդգրկվելն է. Տիգրան ԳյոկչյանԲասկետբոլի Երևանի «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց նոր կազմավորված թիմից, պատմեց նախապատրաստական փուլի մասին և անդրադարձավ թիմի հնարավորություններին:

 -Պարոն Գյոկչյանը, արդյո՞ք «Ուրարտու» բասկետբոլային ակումբն անցնում է ձևավորման վերջին փուլը:

-Այո, մենք հասել ենք թիմի ձևավորման վերջին փուլին: «Ուրարտու» բասկետբոլային ակումբի ձևավորումը սկսեցինք դեռևս ազգային թիմի՝ Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Ֆեդերացիայի ղեկավար այրերի հետ երկար և դժվար քննարկումներից և առաջարկներից հետո ընդհանուր նվիրված աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց ստեղծել բավականին լավ ակումբ, որտեղ հանդես կգան մրցունակ բասկետբոլիստներ:

-Քանի՞ լեգիոնականներ կունենա ակումբը և ովքե՞ր են նրանք:

-Մենք արդեն ունենք երկու պաշտոնական հաստատում: Առաջինը Տերի Սմիթն է, ում հետ արդեն համագործակցում ենք, իսկ երկրորդի անունը դեռևս չենք բարձրաձայնում, միայն սեպտեմբերի 10-ից հետո: Կհավելեմ միայն այն, որ վերջինս բարձր մակարդակի բասկետբոլիստ է, հանդես է եկել եվրոպական և ասիական առաջատար առաջնություններում: Կլինի նաև երրորդ բասկետբոլիստը, ով կստանա հայկական անձնագիր: Նա հանդես է եկել ԱՄՆ-ում և հեռանկարային մարզիկ է:

-Ակումբի «կորիզը» ձևավորվում է Հայաստանի հավաքականից, սակայն չի լինի հիմնական առաջատարը՝ Բրայան Դանսթոնը և մի քանի այլ խաղացողներ: Ինչո՞ւ:

-Հավաքականի անդամներից հրավիրվել են բոլորը, սակայն եկել են նրանք, ովքեր այս պահի դրությամբ ունեն այդ հնարավորությունը: Դանսթոնը կարող էր համալրել թիմը, սակայն նա թանկ խաղացող է և մենք չունենք այդ հնարավորությունը: Հավաքականի մի քանի այլ խաղացողներ դեռևս սովորում են ԱՄՆ-ում և հրավերք կստանան ավելի ուշ:

-Առաջին անգամ մասնակցում ենք Ռուսաստանի առաջնությանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Անշուշտ մենք մեծ ցանկություն ունենք հաղթելու, բայց մեր խնդիրը լավագույն եռյակում ընդգրկվելն է: Հնարավորություններ ունենք հաղթելու, սակայն հակառակորդները բարդ են և փորձառու: Յուրաքանչյուր խաղում ձգտելու ենք հաղթել և վերջ: Մենք չենք լինելու «վիճակագրություն հաշվող» և չենք լինելու մրցաշարային աղյուսակի վերջնամասում:

-Որտե՞ղ եք նախատեսում անցկացնել երևանյան հանդիպումները:

-«Ուրարտու»-ն երևանյան խաղերը կանցկացնի «Միկա» մարզահամալիրում, որտեղ այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում: «Միկա»-ն կունենա նոր լուսավորություն, նոր հատակ, նոր նստատեղեր, նոր հանդերձարաններ և մի շարք այլ կարևոր և անհրաժեշտ մասեր վերանորոգվում են:

-Մինչ առաջնության մեկնարկը նախապատրաստական ի՞նչ փուլեր եք անցնելու:

-Սեպտեմբերի 7-ից թիմը սկսում է ուսումնամարզական հավաքը Երևանում: Իսկ 20-ից հետո հավաքներ կունենանք Վրաստանում, որի ընթացքում նախատեսված են ընկերական հանդիպումներ մի քանի թիմերի հետ: Պլանավորում ենք նաև ընկերական հանդիպումներ ունենալ ղազախական թիմերի հետ:

-Շնորհակալություն և հաջողություն ձեզ առաջին մրցաշրջանում:

 

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031