Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնությունը Հայաստանում համակարգային խնդիր է. իրավապաշտպաններ

Օգոստոս 31,2016 19:55

Անդրադարձ կատարվեց ոչ միայն Դարբազյանի սպանության դեպքին, դրա հանգամանքներին, դատական նիստերին ու պատժին, այլ պետության բացթողումներին, որոնք հանդիսանում են ընտանեկան բռնության անպատժելիության և նման սպանությունների պատճառ: Հեղինե Դարբազյանի սպանության գործով դատաքննությունն ընթանում էր 2016 թվականի մարտից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

2015 թվականի սեպտեմբերին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում դաժանաբար սպանվել էր 38-ամյա Հեղինե Դարբազյանը: Երեխաների հայրը՝ Արտակ Առաքելյանը, որսորդական դանակով նախ կտրել էր Հեղինե Դարբազյանի կոկորդը, ապա նույն դանակի 30 հարվածով սպանել նրան:
Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել):

Քննարկման բանախոս, «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն, «Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության Կոալիցիայի» անդամ Լիդա Մինասյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ սպանությունը պարզապես հանցագործություն է, այլ ընտանեկան բռնության ռադիկալ դեպք: «Այդ իսկ պատճառով կարևոր է անդրադարձ կատարել ոչ միայն ոստիկանության  բացթողումներին այս դեպքի շուրջ, նաև  ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի բացակայությանը: «Ոստիկանությունը կոմպետենտ  չէ նման հարցերում և չկիրառելով անհրաժեշտ լծակներ, սա համարում է «Ընտանեկան խնդիր»», – ասաց նա:

Դատական նիստերից մեկում Հեղինե Դարբազյանի քույրը վկայություն տվեց այն մասին, թե ինչպես է Արտակ Առաքելյանը տարիներ շարունակ Հեղինեին դաժանաբար տանջել, ծեծի ենթարկել, անընդհատ խանդել ու նույնիսկ արգելել հարազատների հետ շփվել: Քրոջն 8 տարի տեսնելու հնարավորություն չունեցած Քրիստինեն պատմում էր, որ Արտակը սպանությունից առաջ սպառնում էր, թե կսպանի: Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ Հեղինե Դարբազյանի գործով վերջին դատական նիստը, որի ավարտից հետո դատարանը հրապարակեց նաև վճիռը:

Ըստ Մինասյանի այս գործում նախադեպային է կնոջ կերպարը ամբողջ համատեքստում, երբ Արտակ Առաքելյանը նպատակ ուներ խայտառակելու կնոջը, որին սպանել էր, և պետք  էր  բացատրել   ինչու է կատարվել սպանությունը: «Այս դեպքում կրկին մեղադրվում է կինը, երբ իրական  զոհը հենց  կինն է: Դատական նիստերի ընթացքում  նման սպանություններն որակվում են աֆեկտ, կնոջ անբարո լինելու պատճառով կամ  խանդի հողի վրա կատարված սպանություն, որն էլ ցավոք սրտի դատարանի կողմից ընդունվում է, սակայն դա օրենքի սահմանններում չի, քանի որ ոչինչ չի արդարացնում սպանությունը», – պարզաբանեց նա:

Տուժող կողմի փաստաբան Սեդա Սաֆարյանը նիստերի դահլիճում, այնպես էլ ասուլիսին շեշտադրեց դեպքի մի քանի ծանրացուցիչ հանգամանք, մասնավորապես, Առաքելյանի կանխամտածված և շահադիտական մղումները, ինչպես նաև Հեղինեին խայտառակելու և վերջինիս արժանապատվությունը նսեմացնելու միտումը: Այնուամենայնիվ դատարանը վճռել է ազատազրկել Արտակ Առաքելյանին 11 տարի 6 ամիս ժամկետով: Սեդա Սաֆարյանը նիստին կարծիք էր հայտնել, որ առաջադրված մեղադրանքը մեղմ է, որովհետև սպանությունը պարունակում է առանձնակի դաժանության տարրեր, որոնք պետք է խստացնեին պատիժը: Ըստ փաստաբանի՝ Առաքելյանը պետք է դատվեր 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առանձնակի դաժանությամբ սպանություն):

Սեդա սաֆարյանը Հեղինե Դարբազյանի գործի համատեքստում ներկայացրեց ընտանեկան բռնության դեպքերի մասով ոստիկանության թերությունները բռնարարքների վերաբերյալ դիմումներին արձագանքելու տեսանկյունից: «Սպանությունից առաջ կանայք դիմում են ոստիկանություն, բայց ոստիկանությունը  լուրջ չի վերաբերվում նման գործերին, ոստիկանությունը պարզապես  պարտավորագիր է վերցնում, որ ամուսինը այլևս  չի մոտենա կնոջը, այնինչ  սթափեցնող գործողություններ բռնարարի հանդեպ  չեն կիրառվում», – ասաց նա: Հեղինեի կյանքը, պատմում է Սաֆարյանը, դժոխային է  եղել, լիարժեք մարդու զգացողությունը կորցրել է, և ռիսկային գործոնները հաշվի  չի առել: «Բթացած  վիճակում ապրել է այդպիսի ամուսնու հետ եկար տարիներ: Հեղինեն անընդհատ ծեծվել է  ամուսնու  և  ամուսնու հոր կողմից», – պարզաբանեց փաստաբանը:

Ըստ նրա, ոստիկանության թերացումներն ակնհայտ են: «Այնպես չէ, որ  ոստիկանությունն օրենքով գործառույթներ չունի, ոստիկանությունն ինքն է բաշխում այդ գործառույթները, կարող են  հարևաններին ներգրավվել հարցաքննություններին: Եվ  եթե անգամ Հեղինեն ասեր, որ ինքը չի ցանկանում  պատժել  իր ամուսնուն, իրեն գործից հեռու պահելով  պետք է ուսումնասիրեին գործը, կազմակերպվեին հարցաքննություններ և  պատժամիջոցներ կիրառվեին  Արտակ Առաքելյանի հանդեպ, քանի որ  գործ ունենք մարդկային կյանքի  վտանգման հետ», – ընդգծեց Սեդա Սաֆարյանը՝ հավելելով, որ գործի վարույթ  կարճել նման դեպքերում  ուղղակի անթույլատրելի  է:

Իր հերթին «Կանանց Ռեսուրսային Կենտրոնի» ծրագրերի  համակարգող, «Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության Կոալիցիայի» անդամ Անահիտ Սիմոնյանը ներկայացրեց Հեղինե Դարբազյանի  սպանության  գործի  ամբողջ  ընթացքի վերաբերյալ իրականացված մոնիթորինգը: Նրա խոսքով, երկու հիմնական խնդիրներ  են առաջ գալիս նման գործերում:

Բանախոսները բավարարված չէի դատավճռով բավարարված չենք, քանի  որ այն  «կոնտեքստից դուրս  էր,  և  104 հոդվածի 1-ի  մասի  փոխարեն  երկրորդով  պետք է  դատապարտվեր 15 տարով, և ոչ թե 11 տարի 6 ամսով»: «Սա համակարգային խնդիր է,  հասարակության, դատարանի  և պետության կողմից անտեսվող, երբ հանցագործությունը  տեղի է ունենում կնոջ հանդեպ: Հասարակությունը միշտ պատրաստ է քննադատել, գտնել  արդարացումներ  մեղադրելու կնոջը», – ասաց Սիմոնյանը:

Քննարկման ավարտին բանախոսները հույս հայտնեցին, որ առաջիկայում Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքը կընդունվի բոլոր կարգավորումներին և միջազգային ստանդարտներին համապատասխան:

«Հոդված 3» ակումբի թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031