Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ առաքելական եկեղեցում «սեւով» աշխատող քահանանե՞ր կան

Սեպտեմբեր 05,2016 13:42

Չգրանցված, ասել է թե «սեւով աշխատող», եզրույթը շատ տարածված երեւույթ է աշխարհում: Գործատուն, խուսափելով վճարել սահմանված հարկերը եւ սոցվճարները, պայմանավորվում է ապագա աշխատակցի հետ, նրան աշխատանքի է ընդունում, սակայն առանց համապատասխան ձեւակերպման: Այս երեւույթն անվանվում է նաեւ «ստվեր»: Դրա դեմն առնելը բավական դժվար է, քանզի այդ եղանակով աշխատելը ձեռնտու է թե գործատուին, թե աշխատողին:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին սահմանադրորեն ճանաչված է որպես հանրային նշանակության կազմակերպություն: Բացի այդ, նա գործում է պետությունից անջատ, ինչն իր հերթին նշանակում է, որ եկեղեցին ազատված է հարկերից, տուրքերից եւ այլ պարտադիր վճարներից: Այս իմաստով, եկեղեցում չգրանցված սարկավագ, դպիր, քահանա կամ անգամ մոմավաճառ պահելը, առաջին հայացքից, թվում է թե անիմաստ է: Սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում:

Գործունեությանս բերումով, ՀՀ քաղաքացիներից մեկի իրավունքները պաշտպանելիս, անհրաժեշտություն առաջացավ հարցումով դիմել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հարցերիցս մեկը վերաբերում էր գործող քահանաներից մեկին, որի քաղաքացիական անունն է Հակոբ Հովհաննիսյան, իսկ եկեղեցականը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Սուրբ Էջմիածնից հարցմանս թերի պատասխանը ստացվեց միայն այն ժամանակ, երբ արդեն դիմել էի դատարան՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին պատասխանելու պարտավորեցնելու մասին հայցադիմումով, եւ այդ ամենը հրապարակել էի մամուլում: Մի կողմ դնենք նաեւ այն, որ թվով 7 հարցերից պատասխանվել էր միայն 2-ին: Դա այս պարագայում կարեւոր չէ:

Կարեւորն այն է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունից հարցմանս արձագանքած կաթողիկոսարանի հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն Երեմիա աբեղա Աբգարյանը հարցմանը պատասխան գրության մեջ գրում է, որ «Հակոբ Հովհաննիսյան անուն, ազգանունով անձ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ծառայություն չի իրականացնում»:

Գնացի Արգավանդում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցի: Զրուցեցի եկեղեցու օժանդակ աշխատակիցների հետ: Ասացին, որ Հակոբ Հովհաննիսյանը կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը այդ եկեղեցու քահանան է եւ այդտեղ է ծառայում մոտ 10 տարի: Ավելին, այս տարվա սեպտեմբերի 4-ին անձամբ ներկա գտնվեցի Հակոբ Հովհաննիսյանի կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մատուցած սուրբ պատարագի արարողությանը: Բացի այդ, համացանցից բավականաչափ տվյալներ գտա քահանայի մասին: Օրինակ, qahana.am կայքում ծանոթացա հիշյալ քահանայի համառոտ կենսագրությանը : Եվ այդպիսի շատ ապացույցներ: Սակայն փաստը մնում է փաստ, որ կաթողիկոսարանը գրավոր պնդում է, որ այդպիսի անձ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում չի ծառայում:

24

Սա ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն է:

22

Սա Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցին է, որտեղ ծառայում է ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը

23

Սա էլ կաթողիկոսարանի հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն Երեմիա աբեղա Աբգարյանի՝ հարցերիցս երկուսի պատասխանն է:

Բերված փաստերի համադրումից հստակ է, որ ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը ամեն Աստծո օր ծառայում է Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում, որպես քահանա: Առաջինն, ինչ կարող է անցնել մարդու մտքով դա այն է, որ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցին չի պատկանում Հայ Առաքելական եկեղեցուն եւ հանդիսանում է աղանդավորական կառույց: Այս վարկածը սակայն միանգամից հերքվեց, քանզի Արարատյան թեմի պաշտոնական կայքում այդ եկեղեցին բազմիցս հիշատակվում է :

Եվ եթե բացառենք անտրամաբանական մի շարք վարկածներն, ապա մնում է երկու հիմնական վարկած՝ կամ ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը (Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը) «սեւով է» ծառայում եկեղեցում, կամ էլ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին միասնական կառույց չէ եւ կաթողիկոսարանը չի տիրապետում կառույցների եւ ծառայողների վերաբերյալ տեղեկատվությանը: Ստացվում է, որ երկու դեպքերում էլ առկա է սուտ: Առաջին դեպքում բոլորը գիտեն, որ քահանան «սեւով» է աշխատում եւ լռում են, ինչը կրկնակի սուտ է: Սուտ է նաեւ այն, որ կաթողիկոսարանը տեղյակ չէ եկեղեցում ծառայող քահանայից:

Ամենայն հավանականությամբ այդպիսի՝ «սեւով» աշխատող քահանաներ Հայ Առաքելական եկեղեցում էլի կան, եւ դրանց մասով կաթողիկոսարանը նախընտրում է լռել կամ էլ սուտ տեղեկություններ տրամադրել, այնպես ինչպես ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանի կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի դեպքում:

Սակայն այս՝ ստերի հարթությունում եւս շատ հարցեր են մնում անպատասխան: Ո՞վ, ի՞նչ պայմաններով եւ ինչու՞ կարող է  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում չգրանցված՝ «սեւով» ծառայել, եւ այդ պարագայում ինչպե՞ս է լուծվում նրա ձեռնադրության հարցը: Այդ ինչպե՞ս եղավ, որ կաթողիկոսարանը սկսեց չտիրապետել եկեղեցում ծառայողների մասին տեղեկատվությանը, եւ եթե այդպես է, ապա ի՞նչ գործառույթներով է այն զբաղված:

Այսօրինակ հարցերը շատ են: Սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում անպատասխան են մնում եւ ինձ մնում է միայն հիշեցնել պատվիրաններից մեկը. «Մի ստիր. նա, ով ստում է և չի կամենում ապաշխարել, դուրս պիտի գցվի:» Դուրս գցվեք պարոնայք, դուրս:

ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Գոռ says:

    Այս «բազմատառ» հոդվածի ամբողջ իմաստը վերջին նախադասությունը գրելու մեջ էր: Սովորական դարձած պրակտիկա է, պատրվակ գտնել ու ցեխ շպրտել եկեղեցու հասցեին: Չգիտեմ թե ինչն է հեղինակի նպատակը տեր Գրիգորի վերաբերյալ, գիտեմ, որ տեր Գրիգորը հիանալի հոգևորական է: Ինքնամաքրմամբ զբաղվեք, էդ դեպքում ժամանակ չի էլ մնա ուրիշիներին` հատկապես հոգևորականներին, փնովելու:

  2. Հոդվածի իմաստը չեմ կարողանում հասկանալ: Բացարձակ հերյուրանք: Աշխարհական անունով հարցում են ուղարկել, պարզ է որ եկեղեցուց պիտի ասեին, որ նման մարդ չկա իրենց մոտ ծառայող: Եթե հոգևոր անունով ուղարկեին ապա իրենց կասեին տեր հոր մասին: Այս մարդը մեր եկեղեցու ամենախոնարհ ծառայողներից է: Ստացվել է այնպես, որ Առավոտը տպագրում է մի հոդված, որտեղ ոչ մի մեղադրանք չկա, այլ պարզապես պարզ անհասկացության պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս մարդը վատ բան է արել կամ էլ եկեղեցին կոծկել է: Են էլ ում, Տեր Գրիգորին, որ մանկատնից որբ և կույր երեխա է որդեգրել ու մեծացնում: Այստեղ ոչ մի մեղադրանք չկա, ու ցեխ են շպրտում մեր եկեղեցու վրա, ինչու՞ էք տպագրում նման բան: Որպես Առավոտի ընթերցող իմ ակնակլիքն ու սպասելիքն ավելի բարձր է, քանզի ուրախ էի որ Առավոտն անբորյական բաներ չի տպագրում որ դրանց միջոցով ավելացնի իր ընթերցողների քանակը: Անկեղծ եմ ասում, մի գուցե ասածս համոզիչ չթվի, բայց անմեղ մարդու, որ իսկապես աշխատում է Աստծու ու մարդկանց համար, վարկաբեկել է ձեր թերթը: Հիմա ի՞նչ պիտի անեք: Աստուծո առաջ ի՞նչ պիտի ասեք սրա համար:

    • Գոռ says:

      Արմեն ջան, պիտի ասեն` խոսքի ազատություն է, խորագիրն էլ Հայդ պարկ է, ինչո՞ւ մարդը ազատ չարտահայտի իր կարծիքը: Բայց ոչ ոք չի մտածի, որ նման դատարկաբանությունից հետո քանի չամրապնդված հավատքով մարդ կգայթակղվի…

      «Անկարելի է, որ գայթակղութիւն չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ»։ (Ղկ 17:1)

  3. Արմինե says:

    Այս հոդվածի հեղինակը կարծես թե սկզբում քաղաքացի Նելլի Իսկանդարյանի իրավունքները պետք է պաշտպաներ, բայց չգիտես ինչու մոռացավ այդ մասին ու գործը տարավ այլ ուղղությամբ՝ խաղալով քահանայի անվան հետ: Նախ՝ արդարացի լինելու համար պետք էր նաև Մայր Աթոռ, քաղաքապետարան և անձամբ քահանային ուղարկված հարցման տեքստն էլ տրամադրել մամուլին, որպեսզի տեսանելի լիներ, թե կոնկրետ Մայր Աթոռին ուղարկած տարբերակում նամակագիրն արդյո՞ք հիշատակել է քահանայի եկեղեցական անունը աշխարհիկ անվան հետ համատեղ, որ ստացել է նման պատասխան: Ոչ մի խոսք չկա այն մասին, թե քահանան ինչ է պատասխանել, և այդ դեպքում բա իրե՞ն ինչու դատի չեն տվել: Ի վերջո տպավորություն է ստեղծվում, որ այս հոդվածի նպատակը ավելի շուտ քահանային վարկաբեկելն էր, քան՝ ինչ-որ մեկի իրավունքները պաշտպանելը: Հա, չմոռանամ մի բան էլ ավելացնել, սեփական անձը կամ ոչ այնքան հանրահայտ կազմակերպությունը գովազդելու համար բարոյական չէ սև PR-ով զբաղվելը:

  4. Պարզապես չիմանալով, որ ձեռնադրության ժամանակ մարդու անունը փոխվում է, այս հոդվածը շատ մարդկանց կարող է գայթակղել: Որպեսզի դա չկատարվի, խնդրում եմ, օգնեք հետևյալ հոդվածը տարածել: Որպեսզի մարդիկ ճշմարտությունն իմանա ու հասկանան, որ իրականում, ամեն ինչ դեպի լավն է գնում ու մեզ ոչինչ չի խանգարում սուրբ կյանք ապրել ու պահել պատվիրանենրը: Տեսեք այստեղ https://www.aravot.am/2016/09/08/732825/

  5. Susanna says:

    Մի մենաստանում վանականները խորհրդի էին հավաքվել, որպեսզի եղբայրներից մեկի մեղքերի մասին խոսեն: Միայն աբբա Պիորն էր լուռ: Վերջապես նա վեր կացավ, դուրս գալով մի պարկ վերցրեց, ավազ լցրեց մեջն ու մեջքին դրեց: Այնուհետև մի փոքրիկ զամբյուղ էլ վերցրեց, մի քիչ ավազ լցրեց ու իր դիմացը պահելով ներս եկավ: Եղբայրները հարցրեցին.

    – Սա ի՞նչ է:

    – Այս պարկը, որը լի է ավազով, իմ սեփական մեղքերն են, քանի որ բազմաթիվ են: Եվ ես դրանք իմ ետևում եմ թողել, որպեսզի չտանջեն ինձ ու լաց չլինեմ: Իսկ դիմացիս մի քանիսն իմ եղբոր մեղքերն են, որոնց համար դատապարտում եմ նրան: Բայց պետք է հակառակն անեմ. սեփական մեղքերս պետք է իմ դիմաց լինեն, որպեսզի սգամ դրանց համար և Աստծուց թողություն աղերսեմ:

  6. Հայր Շահե says:

    Հստակ է, որ հոդվածի հեղինակը չի հասկացել ուղարկված պատասխան նամակը: Տեր Գրիգորրը Արարատյան հայրապետական թեմի քահանա է, ստացել և ստանում է աշխատավարձ, ըստ այդմ վճարում է բոլոր սահմանված հարկերը….Ուղղակի չգիտես ինչու մեր հոդվածագիրը չի կարողանում մի պարզ փաստ արձանագրել: Սիրելի Կարեն, չէ որ կա նամակագրության որոշակի էթիկա. քահանան, որ հրաժարվում է աշխարհիկ անունով այլևս կոչվելուց, ստանում է նոր հոգևոր անուն, որով և պաշտոնավարում է եկեղեցում: Հետևաբար, եթե դուք ինձ էլ առանց ճշտելու թե ինչի կամ ում մասին է խոսքը, նամակ գրեիք և հարցնեիք, թե Հակոբ Գրիգորյան անունով մեկը պաշտոնավարում է եկեղեցում, պիտի ասեի ոչ: Քանզի Եկեղեցու ծառայողներն ու պաշտոնյա քահանաները համարվում են Եկեղեցու սպասավոր միայն հոգևորական անունով: Այնպես որ մենք կրկին բախվում ենք չիմացության դժբախտ փաստին: Ճշտեք, քննեք և ըստ այդմ կարողացեք արտահայտվել:

    • Կարեն Հեքիմյան says:

      Տեր Հայր: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հանրային նշանակության կազմակերպություն է եւ այդ իմաստով գործում է նույն օրենսդրական դաշտում որում գործում են այլ կազմակերպություններն ու ՀՀ քաղաքացիները: Ավելին, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով, հանրային նշանակության կազմակերպությունները հավասարեցվում են ՀՀ պետական մարմիններին եւ հետեւաբար ունեն նույն պարտականությունները: Հարցումս գրել եմ բացառապես ելնելով օրենքի տառից: Եւ հետո, պաշտոնական գրագրությունում չկա Տեր Գրիգոր այլ առկա է ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյան: Դե հիմա պատկերացրեք, որ Տեր Գրիգորը որոշում է ճանապարհորդել եւ սահմանապահին ներկայանում է որպես հենց Տեր Գրիգոր: Ի՞նչ կլինի: Նրան կպահեն սահմանին այդքան, մինչեւ չպարզվի նրա ինքնությունը, այն է ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյան:Ամեն օր ականատես ենք լինում փաստերի երբ անվան կամ ազգանվան մեջ անգամ մեկ տառի սխալը անցանկալի հետեւանքներ է առաջացնում, շատ անգամ ճակատագրական: Բացի դա, որեւէ վարչական, դատական մարմին չի ընդունի ոչ անձնագրային տվյալներով հայց: Այդպիսի օրինակները շատ են: Տեր Գրիգորի անձնագրում գրված է Հակոբ Հովհաննիսյան, նա ունի բազմաթիվ փաստաթղթեր Հակոբ Հովհաննիսյան անվամբ, նրա անշարժ եւ շարժական գույքը նույնպես գրանցված է Հակոբ Հովհաննիսյան անվամբ եւ Դուք այս պարագայում «նամակագրության որոշակի էթիկա»-ի խախտում չե՞ք տեսնում: Ինչքանո՞վ է դա ազնիվ: Ամեն դեպքում, կամ Տեր Գրիգոր բոլոր տեղերում կամ միայն եկեղեցու ներսում: Եւ հետո, կարծում եմ, որ պետք է հարգել այն պետության օրենքները, որտեղ բնակվում ես: Շատ շնորհակալ եմ արձագանքի համար: Աստված պահապան: Մի բան էլ ասեմ՝ 26.07.2016թ անձնական նամակի միջոցով խնդրել եմ Տեր Գրիգորին հաշտվել իր հարեւան Նելլի Իսկանդարյանի հետ: Նամակը ստացվել է Տեր Գրիգորի կողմից սակայն անպատասխան մնացել:Ստացվում է, որ առկա է ««նամակագրության որոշակի էթիկա»-ի խախտում, ինչը կրկին ոչ մեկին չի հետաքրքրում: Սա ի՞նչ է՝ արհամարհա՞նք, մեծամտությու՞ն, անարգա՞նք: Ինչեւէ: Աստված պահապան:

Պատասխանել Հայր Շահե

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930