Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերային ակումբը պարտվեց լրատվամիջոցին

Սեպտեմբեր 05,2016 14:00

Երկու տարի առաջ սկսված դատական
գործընթացն ավարտվեց հօգուտ «Առավոտի»

Վարձակալ «Մ. Գեւորգյան» սահմանափակ պատասխանատվության ընկերությունն իր վարձակալած տարածքում՝ Մարզահամերգային համալիրի դիմացի գետնանցումում ստեղծել է «Աֆինա» գիշերային ակումբը եւ մոթելը, որոնք, ըստ Երեւանի քաղաքապետարանի, իրականացրել են օրենքով չարգելված գործունեություն։
2014թ. օգոստոսի 21-ին «Առավոտ» օրաթերթի 1-ին էջում՝ լուսանկար-անոնսում տպագրվել է մեր գործընկեր Նելլի Բաբայանի «Գետնանցում-մոթել» վերնագրով հրապարակումը, որում նշվել է. «Վերեւում Դանիել Վարուժանն է եղեգնյա գրչով երգում Փառքեր, ներքեւում «Աֆինան» է իր «փառապանծ» պարով տղամարդկանց զվարճացնում, հետո մոթել ուղարկում», իսկ նույն թերթի 4-րդ էջում տպագրվել է նշված հոդվածի շարունակությունը՝ «Գետնանցումը՝ նաեւ մարմնավաճառների աշխատավայր» վերնագրով, որում հոդվածագիրը նշել էր. «Մարզահամերգային համալիրի դիմացի գետնանցումն ամբողջությամբ զվարճանքի վայրի է վերածվել:

Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի գետնանցոււմների տարածքները վարձակալությամբ է տալիս տնտեսվարողներին՝ որոշակի ծառայություններ մատուցելու համար, օրինակ՝ խանութներ, արագ սննդի կետեր։ Ճիշտ է, Հալաբյանի գետնանցումն էլ է ծառայություններ մատուցելու պայմանով վարձակալության տրվել, առեւտրի ու սպասարկման դաշտում է գործում, բայց այստեղ միանգամայն այլ ծառայություններ են մատուցվում։ Գետնանցումի տարածքը վարձակալած տնտեսվարողը սեքսապաթոլոգի, տնտեսագետի ու սրտացավ տղամարդու գիտելիքները հաջողությամբ օգտագործել է ի շահ իրեն եւ ի բարօրություն հաճախորդների։ Գետնանցումում գործող անանուն «մոթելը» «Աֆինա» գիշերային ակումբից մի քանի քայլ այն կողմ է։ Ակումբում մերկապարից «ոգեւորված» տղամարդիկ «Աֆինայից» ոտքները հանում են, գցում «մոթել»։ Գետնանցումում նաեւ «Համբույր» անունով բար-սրճարան է գործում, այս «Համբույրն» էլ երեւի այցեքարտն է «մոթելի»։

Ըստ հոդվածագրի. «Զվարճանքի վայրի վերածված այս գետնանցումից շատ քաղաքացիներ են օգտվում, քանի որ այն բանուկ հատվածում է։ Մեզ հետ զրուցած քաղաքացիները դժգոհեցին, որ հաճախ անհարմար դրության մեջ են հայտնվում գետնանցումից օգտվելիս. «Կնիկ, էրեխեքի հետ անցնում ենք, տնքոցներ ենք լսում, էլ չասեմ, թե ինչ տեսակի մարդիկ են գալիս էս «ստրիպտիզ-կլուբ»։ Ամոթ էլ է, սենց տեղերում սենց օբյեկտ չի կարելի բացել։ Լենինգրադյանի վրա կանգնողներն էլ են (նկատի ունի Լենինգրադյան փողոցի մարմնավաճառներին- Ն. Բ.) իրանց կլիենտներով գալիս։ «Շնանոց» ա դառել»։ «Առավոտը» Երեւանի քաղաքապետարանին հարցում էր ուղարկել, թե որ ընկերությանն է գետնանցումի տարածքը տրամադրվել, եւ ինչ տեսակի գործունեության համար։ Քաղաքապետարանից մեր հարցերին ըստ էության չպատասխանեցին, միայն տեղեկացրեցին՝ «օրենքով չարգելված գործունեություն» իրականացնելու նպատակով»։
Երկու տարի առաջ «Մ. Գեւորգյան» ՍՊԸ-ն դիմել էր դատարան՝ ընդդեմ «Առավոտ» օրաթերթ» ՍՊԸ-ի եւ խնդրել է պատասխանող «Առավոտ» օրաթերթ» ՍՊԸ-ից հօգուտ «Մ. Գեւորգյան» ՍՊԸ-ի բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում ընկերության գործարար համբավը արատավորող վիրավորանքի դիմաց եւ 2 միլիոն ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում ընկերության գործարար համբավը արատավորող զրպարտության դիմաց։

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ափինյանի 2014 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ: Գործի դատաքննությունն ավարտվել էր այս տարվա հուլիսի 27-ին:

Օգոստոսի 11-ին հրապարակվեց վճիռը:

Հայցվոր ընկերությունը ներկայացրել էր քաղաքապետարանից, կադաստրից փաստաթղթեր, որով պնդում էր, որ հանդիսանում է օրինական կարգով գրանցված իրավաբանական անձ։

Ըստ ներկայացված փաստաթղթերի էլ, հրապարակման մեջ նշված տարածքի համար առկա է եղել 25 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր:
Հայցվորը հայտնել էր, որ «Առավոտում» տպագրված հոդվածի մեջ տեղ են գտել մի շարք հրապարակայնորեն արտահայտված զրպարտչական, վիրավորական եւ ընկերության գործարար համբավը արատավորող տեղեկություններ եւ արտահայտություններ, որոնք լրատվական գործունեություն իրականացնողը «դիտավորյալ տարածել է զանգվածային լրատվության միջոցով, չնայած այն հանգամանքին, որ Երեւանի քաղաքապետարանից նրա հարցերին պատասխանվել է, որ տարածքը տրամադրվել է «օրենքով չարգելված գործունեություն» իրականացնելու նպատակով»։

Հայցվորի պնդմամբ. «Նշված սուտ տեղեկությունները տարածելով հանդերձ՝ հոդվածագիրը հոդվածում չի նշել իր տեղեկատվության աղբյուրը, ինչը նշանակում է, որ նա է կրում այդ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը»։
Բացի այդ, պատասխանողի հոդվածը ուղղակի վիրավորանք է հասցրել ընկերությանը՝ որպես տնտեսվարող սուբյեկտի, նշելով. «Գետնանցումի տարածքը վարձակալած տնտեսվարողը սեքսապաթոլոգի, տնտեսագետի ու սրտացավ տղամարդու գիտելիքները հաջողությամբ օգտագործել է ի շահ իրեն եւ ի բարօրություն հաճախորդների …», արտահայտությունը։

Հայցվորի կարծիքով, «հոդվածագրի նպատակը եղել է զուտ վիրավորանք հասցնելը»:
Պատասխանող «Առավոտ» օրաթերթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանը (լուսանկարում) դատարան ներկայացրած հայցադիմումի կապակցությամբ հայտնել է, որ 2014 թվականի օգոստոս ամսվա դրությամբ, համաձայն գետնանցումում առկա գովազդային վահանակների եւ փակցված հայտարարությունների, նշված վայրում գործել է «Աֆինա» գիշերային ակումբը, անանուն մոթել, ինչպես նաեւ «Համբույր» բար-սրճարանը։

«Առավոտը» Երեւանի քաղաքապետարանին հարցում էր ուղարկել՝ թե ո՞ր ընկերությանն է գետնանցումի տարածքը տրամադրվել, եւ ի՞նչ տեսակի գործունեության համար։ Ըստ փաստաբանի, իր վստահորդ-հոդվածագիրը արձանագրել էր. «Քաղաքապետարանից մեր հարցերին ըստ էության չպատասխանեցին, միայն տեղեկացրեցին՝ «օրենքով չարգելված գործունեություն» իրականացնելու նպատակով»։

Ահա այն ամենն, ինչ հրապարակվել է հոդվածում։

«Ի դեպ, տվյալ դեպքում հատկանշական է այն հանգամանքը, որ հրապարակմանը կից ներկայացվել են նաեւ նշված տարածքի լուսանկարները»,- ասել է Լ. Մարտիրոսյանը։.
Ըստ «Առավոտի» ներկայացուցչի, անհասկանալի էր հայցվորի մեկնաբանությունն առ այն, թե հոդվածում, իսկ իրականում անոնսում, նշելով՝ «ԱՖինան» իր «փառապանծ» պարով տղամարդկանց զվարճացնում է եւ հետո մոթել ուղարկում, հոդվածագիրը զրպարտել է ընկերությանը, քանզի վերջինս երբեւէ տղամարդու չի զվարճացրել եւ հետո մոթել չի ուղարկել…»։
«Նշվածի մեջ զրպարտանք պարունակող որեւէ միտք չկա: Իսկ եթե վեր է լուծվում այդ մասով հայցվորի հիմնավորումները, ապա ընդամենը հարց է առաջանում, թե էլ ինչու է գործել գիշերային ակումբը, եթե ոչ զվարճացնելու համար, բացի այդ, ինչպես կարող է ընկերության տնօրենը վստահեցնել, որ որեւէ տղամարդ գիշերային ակումբ հաճախելով չի զվարճացել եւ գնացել մոթել, երբ դրանք գտնվում են կողք կողքի»,- ասում է Լ. Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է հայցում նշած այն մտքին, թե՝ հոդվածը վերնագրելով՝ «Գետնանցումը՝ նաեւ մարմնավաճառների աշխատավայր», հոդվածագիրը չի ներկայացրել դրա վերաբերյալ որեւէ ապացույց, փաստաբանն ասել է. «Նախ՝ ինչպես նշված է հենց հոդվածում, լրագրողը նշված արտահայտությունը մեջբերել է քաղաքացիների հետ ունեցած զրույցից։ Դրա մասին նշում կա նաեւ հենց հոդվածում»:

Մեկ այլ դիտարկմանն էլ, թե «պատասխանող հոդվածագիրը ուղղակի վիրավորանք է հասցրել ընկերությանը՝ որպես տնտեսվարող սուբյեկտի», փաստաբանը դատարանում ասել է. «Այն, որ իբր հոդվածագիրը ցանկացել է արատավորել ընկերության բարի համբավը՝ վերջինիս վերագրելով ֆիզիկական անձին բնորոշ հատկանիշներ, որոնք անհամատեղելի են, նշված տողերում վիրավորական բնույթ ունեցող արտահայտություն առկա չէ, եւ դեռ հակառակը, նշվածից ստացվում է, որ դրանով ընկերությունը, որի նպատակն է գործունեության արդյունքում շահույթ ստանալը, ըստ լրագրողի գնահատման՝ կարողացել է մի քանի մասնագիտական ոլորտների գիտելիքների իմացություն օգտագործել իր համար արդյունավետ բիզնես ծավալելու հարցում, ինչն էլ ձեռնարկատիրական գործունեության տեսանկյունից, կարծում եմ, ողջունելի է»։
Ներկայացուցչի գնահատմամբ. «Հայցվոր կողմը չի հիմնավորել հոդվածում զրպարտության եւ վիրավորանքի բնույթ ունեցող արտահայտությունների առկայությունը, քանի որ իրականում հոդվածում այդպիսիք չկան։ Լրագրողը վիճարկվող հոդվածում ընդամենն առկա իրավիճակի վերլուծության արդյունքում նշել է իր կարծիքը, հիմք ընդունելով նաեւ քաղաքացիների հայտնածը, ինչպես նաեւ փաստական հանգամանքների առկայության պարագայում, դրանց հիման վրա արտահայտել իր գնահատողական դատողությունը, ինչը պաշտպանված է նաեւ օրենքով»

Հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին, լրատվամիջոցի ներկայացուցիչը անդրադարձել էր դատական պրակտիկային: Ըստ ՀՀ վճռաբեկի, «Դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին՝ պարզելու նպատակով՝ արդյոք այդ անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցե՞լ է արատավորելու որեւէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատողական դատողությունները՝ միաժամանակ դրսեւորելով բարեխիղճ մոտեցում»։

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից հայցում մատնանշված ու դատարանի կողմից որպես վիրավորական համարված արտահայտությունները չեն պարունակում վիրավորանք եւ զրպարտանք, դրանցում բացակայում է վիրավորական կամ զրպարտություն համարվելու համար դատարանի վերոշարադրյալ հիմնավորումներում առկա պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Դատարանի գնահատմամբ՝ «Վիճելի հոդվածում առկա որեւէ արտահայտություն կամ տեղեկատվություն չի պարունակում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված «վիրավորանքի» եւ «զրպարտանքի» հատկանիշներ, հետեւաբար ներկայացված հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման»։

«Մ. Գեւորգյան» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Առավոտ» օրաթերթ» ՍՊԸ-ի եւ Նելլի Բաբայանի՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, մերժվել է:

«Մ. Գեւորգյան» ՍՊԸ-ից հօգուտ «Առավոտ» օրաթերթ» ՍՊԸ-ի կբռնագանձվի 50.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

03.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Մի դիտարկում թեմայի հետ կապված։
    Հետաքրքիր է որ մեր ԶԼՄ-ները ոչ մի ուշադրություն չեն դարձնում Հանրապետության հրապարակում “աշխատող” մանրավաճառների թեմային։ Այնտեղ լրիվ բացիթող վիճակ է։ Ամեն օր և ոչ միայն երեկոյան ժամերին։
    Բոլորի աչքի արջև, նստարաններին նստած…))))
    Նրանցից շատերը նույնիսկ պարսկերեն են սովորել և ոչ միայն բուն մանրավաճառները այլ նաև նրանց կառավարող երիտասարդ հայ տղաները որոնք բանակցություններ են վարում պարսիկների հետ գնի շուրջ մանրավաճառների փոխարեն…)))
    Եվ դա արդեն մի քանի տարի է որ այդպես է, հենց շատրվանների դիմացը, բորոլի կողքը։

    Իսկ ԶԼՄ-ը լռում են։ Ոչ մի ինֆորմացիա թե ինչ է կատարվում երկրի գլխավոր հրապարակում ամեն օր գրեթե ցանկացած ժամի։
    Ինչ վերջո պետք է աղմուկ բարձացնել որ գոնե այլ տեղ տեղափոխվի մանրավաճառների այդ առևտրի պրոցեսը։ Ի վերջո դա ինչ- որ տեղ պետության սիմվոլն է այդ հրապարակը։
    Սա ինֆորմացիա համար գրեցի, հյուսով որ Դուք այդ թեմայի շուրջ տեղեկատվական աղմուկ կբարձրանենք, որ գոնե ուրիշ տեղ տեղափոխվեն դրանք։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930