Հոգեբան. «2030 թվականին ամեն 3-րդն ունենալու է դեպրեսիվ խանգարումներ» (Տեսանյութ)

Հոգեբան. «2030 թվականին ամեն 3-րդն ունենալու է դեպրեսիվ խանգարումներ» (Տեսանյութ)

Աշխարհում որքան քաղաքակրթությունն առաջընթաց է ապրում, այնքան ինքնասպանությունները երիտասարդանում են եւ ավելանում են հոգեկան տարաբնույթ հիվանդությունները: Այս մասին «Հայացք» ակումբում ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը: Նրա ներկայացմամբ՝ կա մի վատ կանխատեսում, որ 21-րդ դարի 30- ականներին առաջին տեղում լինելու է դեպրեսիան եւ դեպրեսիայի հետ կապված հիվանդությունները:

«Եթե այսօր մահվան առաջնային պատճառները սրտանոթային համակարգն է, եւ այլն, ապա մոտ 20 տարի հետո կլինի տրամադրության պատճառը: Մարդկությունը թեւակոխել է մի ժամանակաշրջան, որ մեզանում երեքից մեկն իր կյանքի ընթացքում, ուզի՝ թե չուզի, պետք է ունենա դեպրեսիվ խանգարումներ: Դեպրեսիվ խանգարումները դիտվում են տարաբնույթ տագնապային դեպրեսիայով, որն ուղեկցվում է կպչուն մտքերով»,-ասաց Գասպարյանը:

Մասնագետի կարծիքով՝ հոգեկան առողջության խնդիրը պետք է դիտվի որպես երկրի անվտանգության հիմնարար հարցերից մեկը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսին ներկա Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսների քարտուղար Արմեն Սողոյանն ասաց, որ այսօր՝ մտային խնդիրների համաշխարհային օրն է, եւ այս կապակցությամբ միամսյակ է հայտարարվել, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ են նախատեսված:

Սողոյանն անդրադառնալով հոգեբուժական ծառայություններին, ասաց, որ առողջապահության նախարարության եւ Բաց հասարակության հիմնադրամի միջեւ կնքվել էր հուշագիր, ստեղծվել աշխատանքային խումբ, որը մշակել եւ կառավարություն էր ներկայացրել Հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման ռազմավարությունը, որը ներկայումս իրականացվում է: Ասոցիացիան մասնակցել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի պատրաստմանը, այն հիմա պատրաստ է, ներկայացված է կառավարություն, մնում է կառավարությունը հաստատի եւ ներկայացնի բանկ: Սողոյանը վստահ է՝ ՀԲ-ն պետք է հաստատի ծրագիրը եւ վարկը տրամադրի, քանի որ շատ լավ ծրագիր է, իսկ ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու դեպքում ոլորտի բոլոր խնդիրները կլուծվեն եւ կունենանք հոգեբուժական այնպիսի ծառայություն, որ շատ երկրներ կնախանձեին:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, հանրապետության գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանն էլ ասաց, որ ներկայումս Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի հիվանդներն ապահովված են ժամանակակից անվճար դեղամիջոցներով եւ արդեն 2 տարի է պետպատվերի շրջանակներում «Զիպրեկսա» դեղամիջոցը հիվանդներին անվճար է տրամադրվում: Թորոսյանը նշեց, որ հոգեբուժական կադրերի կարիք ունեն:

Ներկայումս, ըստ Թորոսյանի, հաշվառված են 50 000–ից մի փոքր ավելի անձինք, որոնք հոգեկան առողջության խնդիրներ ունեն, բայց պետք է հաշվի առնել, որ հոգեկան խնդիրներ ունեցողներից ոչ բոլորն են դիմում ծառայություն ստանալու համար:

Խաչատուր Գասպարյանի կարծիքով՝ ամենամեծ խնդիրներից մեկն էլ մեր հասարակությունում այն է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք պիտակավորվում են, խարան են կպցնում, եւ երբ նրանք անգամ բուժվում են, աշխատանքի նրանց չեն ընդունում:

Անդրադառնալով նրանց իրավունքներին, Գասպարյանը, ի թիվս մի քանի իրավունքների, այդ թվում նաեւ աշխատելու իրավունքը, որոնք ոտնահարվում են, խախտվում են, նշեց ազատ տեղաշարժվելու եւ ճանապարհորդելու սահմանափակումները, պատշաճ եկամտի իրավունքը, որը հնարավորություն է տալիս բավարարելու սնունդ, բնակության վայր եւ հագուստ ունենալու եւ այլ պահանջմունքներ, ոտնահարվում է նաեւ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ու պատժից զերծ մնալու իրավունքը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք