Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Արցախ ռութս ինվեսթմենթը» բնակարաններ հանձնեց ղարաբաղաբնակ ընտանիքների

Սեպտեմբեր 05,2016 20:31

«Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) կազմակերպությունը սեպտեմբերի 5-ին ներկայացրեց Արցախի զարգացման ծրագրերը՝ կապված գյուղատնտեսության և բնակարանաշինության հետ:

Կազմակերպության ներկայացուցիչներ Բենիամին Պճաքճեանը և Ստեփան Տեր-Պետրոսյանը հայտնեցին, որ սեպտեմբերի 3-ին արցախաբնակներին 25 բնակարան հանձնվեց, որոնք գտնվում են Արիավան կոչվող թաղամասում՝ Աղավնո գետի ափին, և ներառում են նաև շուրջ 1 հեկտար տնամերձ հողատարածք՝ նախատեսված հողագործական աշխատանքների համար: Նախատեսվում է ևս 25 բնակարան հանձնել ԼՂՀ բնակիչներին մինչև 2016-ի վերջ: Ծրագիրն ընդհանուր հաշվով ներառում է 150 բնակարան:

Պճաքճեանը նշեց, որ բնակարանաշինության իրենց ծրագիրն իրականացվում է ԼՂՀ կառավարության հետ համագործակցությամբ: «Սոցիալական ապահովության նախարարությունն ինքնուրույն է գտնում բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին: Մենք միայն տրամադրում ենք տների կառուցման գումարը և հետևում աշխատանքներին: Առաջին 25 բնակարանները ստացած ընտանիքներից 10-ում կա բանակի սպա, 5-ում՝ ոստիկանական սպա, 1-ը սիրիահայ ընտանիք է, իսկ մնացածը՝ ապրիլյան հակամարտությունից տուժած և տունը կորցրած ընտանիքներ են»:

Բանախոսները նաև ներկայացրին կազմակերպության հիմնական գործունեությունը և գլխավոր նպատակները: Նրանց խոսքով՝ ի տարբերություն այլ կազմակերպությունների, որոնց գործուներությունը Արցախում հիմնականում բարեգործական բնույթ է կրում, «ԱՐԻ»-ն հանդիսանում է բիզնես կազմակերպություն, որը ԼՂՀ-ի կառավարության միջնորդությամբ մատչելի վարկեր է տրամադրում արցախաբնակներին՝ գյուղատնտեսական ձեռներեցությունը զարգացնելու նպատակով: Հիմնական աշխատանքները տարվում են Նոր Շահումյան և Քաշաթաղ շրջաններում:

«Մենք շատ լավ ենք հասկանում Արցախի ռազմավարական մեծ նշանակությունը, այդ պատճառով աշխատում ենք ստեղծել բոլոր պայմանները բնակիչների կենսամակարդակի բարձրացման համար, ինչն էլ կնպաստի այս շրջաններում նրանց հաստատմանը», ասաց Ստեփան Տեր-Պետրոսյանը:

«Նոր Շահումյանում և Քաշաթաղում բնակլիմայական պայմանները իդեալական են անասնապահության և գյուղատնտեսության զարգացման համար: Դրա մասին են խոսում նաև գրանցած հաջողությունները: Անասնապահությունում, օրինակ, 2010-ից մինչև 2016 թվականը մանր եղջերավոր անասունների քանակը եռապատկվել է»: Տեր-Պետրոսյանը հավելեց, որ «ԱՐԻ»-ն նպատակ ունի Արցախը դարձնել Հայաստանի մսամթերքի, կաթնամթերքի և հացահատկի հիմնական մատակարարը: «Արցախի գյուղատնտեսական արտադրանքը կարող է նաև դուրս գալ միջազգային շուկա»,- նշեց բանախոսը:

«Արցախ ռութս ինվեսթմենթ» ներդրումային կազմակերպությունը ստեղծման օրից ուներ միայն 16 ներդնող: Այսօր նրանց թիվը հասնում է 180-ի: Նրանք, ըստ Ստեփան Տեր-Պետրոսյանի, հիմնականում սփյուռքահայ անհատ ձեռներեցներ և հայկական միություններ են: Ներդրումները կատարվում են 3 տարվա շրջափուլերով: Գործունեության մեկնարկից՝ 2010-ից մինչ օրս կազմակերպությունում կատարվել է մոտ 3,5 մլն դոլարի ներդրում:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930