Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նախորդներից ոչ լավն էր, ոչ վատը. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 09,2016 12:12

Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանն, իհարկե, անսպասելի չէր։ Ու պատճառը բոլորովին էլ այն չէ, որ նրա կառավարությունն ինչ-որ չտեսնված-չլսված ձեւով տապալվել էր։ Ընդհանուր առմամբ՝ այդ կառավարությունը նախորդներից ոչ լավն էր, ոչ վատը (Տիգրան Սարգսյանի կառավարության հետ չենք համեմատում. Տիգրան Սարգսյանի ֆոնին ով ոնց էլ աշխատեր՝ ավելի լավն էր լինելու)։ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունն անսպասելի չէր՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի «խասյաթը»։ Նա միշտ էլ այդպես է վարվել, ճիշտ ժամանակին կարողացել է սեփական մեղքերի համար իրենից դուրս մեղավորներ գտնել ու մեղքը նրանց վրա բարդելով՝ հեռացնել ասպարեզից։

Ի դեպ՝ այն, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պարտադրված էր, զգացվում էր նաեւ նրա հրաժեշտի ելույթի տողատակերում, որովհետեւ տեղ-տեղ վատ քողարկված դժգոհությունը պարզապես աչք էր ծակում։

Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը խոսեց կատարված մեծ աշխատանքի մասին, այն մասին, որ չնայած «արտաքին տնտեսական շոկին»՝ տնտեսությունը 2015-ին 3 տոկոսանոց աճ արձանագրեց (մեր ջերմ ողջույնները Տիգրան Սարգսյանին, որի օրոք «արտաքին տնտեսական շոկի» պայմաններում տնտեսությունը 14,8 տոկոսանոց անկում արձանագրեց), ու միաժամանակ շեշտեց, որ հուլիսին արձանագրված անկումը «շատերի կողմից է շահարկվել»։ Ակնարկը, հասկանալի է, ընդդիմությանը չէր ուղղված, որովհետեւ տնտեսական անկումը «շահարկելը» նրանց սովորական գործն է։

Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն նկատի ուներ իշխանական ինչ-ինչ շրջանակների շահարկումներն ու նրանց կողմից հովանավորվող լրատվամիջոցներով այդ թեմայի «ռասկրուտկան»։

Ու նաեւ իր նեղացածությունն արտահայտեց, թե «հեսա կտենաք», ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ու երբ տարվա արդյունքներով կարգին տնտեսական աճ ապահովվի՝ կհասկանաք, որ իրականում լավ ենք աշխատել։ Սա՝ որպես ավանսով հակահարված հաջորդ վարչապետին, որպեսզի նա 2016 թվականն աճով փակելու դեպքում չասի, թե «հուլիսին անկում էր, ես եկա ու իրավիճակը շտկեցի»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930