Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անգա՞մ ում պիտի պատգամավոր ընտրենք

Սեպտեմբեր 12,2016 12:00

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին բան չմնաց: Ամեն ինչից զգացվում է, որ այս անգամ պայքարն անհամեմատ թեժ է լինելու: Պատճառները բազմաթիվ են: Նախ՝ այս ընթացքում շեշտակի բարձրացավ պատգամավորների աշխատավարձը, ինչպես նաեւ՝ կենսաթոշակը: Իհարկե, մեր պատգամավորների ու պատգամավոր դառնալ ցանկացողների մեծ մասը ոչ աշխատավարձի հույսին է եւ ոչ էլ կենսաթոշակի, բայց, ինչպես ասում են, «ավել թիքեն փոր չի ծակի»: Եվ, բացի այդ, Հայաստանում՝ մանավանդ վերջին տարիներին, կյանքը ցույց տվեց, որ նրանք, ովքեր պատգամավոր չեն դառնում, կարող են քաղաքական իմաստով «խաղից դուրս» վիճակում հայտնվել, եւ ընդհակառակը՝ նրանք, ովքեր հաջողացնում են պատգամավոր դառնալ, մանդատի շնորհիվ նաեւ երեւելի անձ ու քաղաքական գործիչ են դառնում:

Այդուհանդերձ, Հայաստանում կան մարդիկ, ովքեր առանց պատգամավորական մանդատի էլ քաղաքական գործիչ են: Օրինակ՝ Աշոտ Մանուչարյանը: Օրինակ՝ Իգոր Մուրադյանը: Օրինակ՝ Ալեքսանդր Իսկանդարյանը: Օրինակ՝ Արման Նավասարդյանը: Ուրիշներն էլ կան, բայց նրանք, որպես օրենք, պատգամավոր չեն դառնում եւ ոչ էլ երեւի ձգտում են: Ու ճիշտ էլ անում են, որովհետեւ ոչ թե իրենք պիտի ձգտեն, այլ մենք: Մենք պիտի ձգտենք, որ մեր խորհրդարանը բաղկացած լինի քաղաքական գործիչներից եւ քաղաքականապես գրագետ մարդկանցից:

Բայց մենք էլ չենք ձգտում: Մեր ընտրողներից ոմանք նախապատվությունն ընտրակաշառքին են տալիս, ոմանք՝ իշխող կուսակցությանը, ոմանք էլ ընդդիմադիրներին՝ առաջին հերթին ամենաարմատական ընդդիմադիրներին, որոնք ամենասուրն ու ամենաուժեղն են քննադատում գործող իշխանություններին: Մի խոսքով՝ բոլորին ընտրում ենք՝ բացի քաղաքականապես հասուն ու հավասարակշռված անձնավորություններից, որոնք ի վիճակի են որոշել ու ներկայացնել Հայաստան երկրի եւ նրա Ազգային ժողովի քաղաքական դիրքորոշումներն ու տեսակետները:

Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մեր ընտրածներին «ռաստվելուց» հետո էլ մենք չենք խրատվում. ենթադրում եմ, որ չենք խրատվել եւ այս անգամ էլ ենք մեր ընտրությունը նույն սկզբունքով կատարելու: Այսինքն՝ բոլորին ընտրելու ենք՝ քաղաքական գործիչներից բացի, եւ վերստին մեր Ազգային ժողովում քիչ են լինելու մարդիկ, ովքեր կարող են եւ իրավունք ունեն խոսելու աշխարհաքաղաքական հարցերից, ներքին քաղաքական ու սոցիալական խնդիրներից, Ղարաբաղի հարցից եւ այլն: Եվ վերստին տպավորություն է ստեղծվելու, թե մենք այդպիսի մարդիկ չունենք:

Վերեւում հիշեցինք ու նշեցինք Իգոր Մուրադյանին եւ Աշոտ Մանուչարյանին: Երկուսն էլ Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից են, երկուսն էլ քաղաքական ու հասարակական ակտիվ գործիչներ են, բայց երկուսին էլ պատգամավոր չենք ընտրում, եւ երկուսն էլ մնում են արտահաստիքային քաղաքական գործչի կարգավիճակում: Լիքը ուրիշ արժանավորներ էլ կան, որոնց մշտապես անտեսում ենք՝ պատգամավորական մանդատները շնորհելով իշխանության կցորդ «քաղաքական գործիչներին», օլիգարխներին, «կռված տղերքին» (հիմնականում՝ գեներալներին), ինչպես նաեւ հատուկենտ ընդդիմադիրների, որպեսզի երբեմն-երբեմն ԱԺ ամբիոնից բոցաշունչ ելույթներ ունեցողներ էլ լինեն: Կարճ ասած՝ բոլորին նախապատվություն ենք տալիս՝ քաղաքական պրոֆեսիոնալ եւ անկուսակցական գործիչներից բացի:

Այսօր Հայաստան երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական լրջագույն ու բարդագույն իրավիճակում: Նաեւ Արցախի հարցն է լրջագույն քննարկման առարկա: Ժամանակն է, որպեսզի մեր քաղաքական քննարկումները ֆեյսբուքներից, կայքերից ու ասուլիսների սրահներից տեղափոխվեն Ազգային ժողով: Տարօրինակ է, բայց փաստ, որ հուլիսյան իրադարձություններն ընթացքում ամեն տեղ քննարկվեցին՝ Ազգային ժողովից բացի: Երեւի չցանկացան իրենց ամառային արձակուրդը հարամել:

Եթե մեր կուսակցությունների նախընտրական ցուցակներում բոլորի համար տեղեր են ճարվում, ինչո՞ւ մի քանի տեղ էլ մեր արհեստավարժ քաղաքական գործիչների համար չի ճարվում: Չէ՞ որ քաղաքական արհեստավարժությունը միայն կուսակցականությամբ ու պատգամավորական աշխատավարձով չի որոշվում:

Սրանք հարցեր են, որոնց մասին հենց հիմա պիտի մտածենք: Որովհետեւ վաղը վերստին ուշ կլինի:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

10.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930